Մինչև ուր կծավալվի բանավեճը և փոխադարձ մեղադրանքները, կմիանա՞ «խրախճանքին» Սերժ Սարգսյանը

- in Կեղտոտ լվացք
Levon ev Serj

Հայաստանում ծավալվեց ուշագրավ եռակողմ բանավեճ երեք նախկինների՝ երկու նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի, ու նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի միջև: Իսկ պատճառը Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած հայտարարություններն էին հակամարտության կողմերի՝ Հայաստանի և Արցախի բանակցային մասնակցության մասին:

Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը համարել էր վտանգավոր, թե Հայաստանն էլ կողմ է, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն անսպասելի արձագանքել էր և ասել, որ Նիկոլը ճիշտ է, իսկ Վիգենը՝ անգետ, ու չգիտե, որ Հայաստանը միջազգայնորեն է ճանաչվել կողմ՝ 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի համաժողովում, հակամարտության երեք կողմերից մեկը՝ Հայաստան, Արցախ, Ադրբեջան:

Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր նաև, որ Արցախը բանակցային գործընթացից դուրս է մնացել Ռոբերտ Քոչարյանի պատճառով: Տեր-Պետրոսյանին միաժամանակ պատասխանել են թե՛ Վիգեն Սարգսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը: Վիգեն Սարգսյանը հիշեցրել էր Տեր-Պետրոսյանի մոտեցումները արցախյան խնդրում և դրանց պատճառով նրա հրաժարականը, իսկ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, թե նա ստում է՝ իրեն վերագրելով այն, ինչը տեղի է ունեցել հենց Տեր-Պետրոսյանի օրոք, այսինքն՝ Արցախի բանակցային գործընթացից դուրս մնալը: Մինչև ուր կծավալվի այս բանավեճը և փոխադարձ մեղադրանքները, կմիանա՞ «խրախճանքին» Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ: Հարցեր են, որոնց դժվար է իհարկե ստույգ պատասխանել, սակայն մի բան երևի թե բավականին նշմարելի է՝ Հայաստանում բոլոր ուղղություններով տեղի է ունենում հին համակարգի, այսպես ասած, հոգևարքը և դա պետք է արտահայտվեր նաև արցախյան խնդրում: Գլխավորը իհարկե այն է, որ այդ գործընթացի մասնակիցները գործեն նոր Հայաստանին օգնելու, ոչ թե խանգարելու և նոր Հայաստանի դեմ պայքարելու նկատառումներով, երբ ամեն հնարավոր առիթ փորձում են օգտագործել իրենց մասին հիշեցնելու և, այսպես ասած, գործընթացների մակերևույթին մնալու, լինելու համար:

Երբ խոսք է գնում Հայաստանում հնարավոր հակահեղափոխության մասին, ի վերջո պետք է նկատի ունենալ, որ այն ամենևին արտահայտված կամ իբրև վտանգ թաքնված չի լինելու միայն խոշոր կապիտալի, օլիգարխիայի կամ, ՀՀԿ այսպես ասած՝ «դե յուրե մեծամասնության» ներքո:

Հակահեղափոխությունը կարող է արտահայտվել նաև այդպես, երբ նախկին նախագահները և նախարարները կփորձեն թելադրել թե՛ լրատվական, թե՛ քաղաքական օրակարգ, այդպիսով փորձելով պահպանել իրենց ազդեցությունը նոր Հայաստանի վրա:

Ընդ որում, շատ դժվար է ասել, թե հակահեղափոխության որ վտանգն է ըստ էության առավել սպառնալիք և բարդ՝ հանրային հակազդման և զսպման տեսանկյունից: Ինքնին անիմաստ ու վտանգավոր է խորամուխ լինել նախկինների այդ բանավեճի մեջ և, կամա թե ակամա, փորձել կողմնորոշվել կամ հասկանալ, կամ հանրությանը բացատրել, թե նրանցից ում մեղադրանքն է ավելի դիպուկ կամ ավելի ճիշտ՝ ով է իրականում ավելի շատ պատասխանատու այս կամ այն բանակցային դրվագի կամ կարգավորման տարբերակի համար: Նոր Հայաստանն ունի իր խնդիրները և դրանցից առաջնայիններից մեկը, անշուշտ, հների դիսկուրսից դուրս գալն ու դրան այլևս երբեք չտրվելն է:

Spread the love