Միջազգային ասպարեզում տեղի է ունենում առանցքային իրադարձություն, որն ուղղակի առնչվելու է Հայաստանին

- in Միջազգային
Donald Tramp

Մինչ Հայաստանում հանրությունը տոնում է համաժողովրդական շարժման հաղթանակն ու նոր վարչապետի ընտրությունը, միաժամանակ դիտարկելով նոր ներքաղաքական կոնֆիգուրացիայի հնարավոր սցենարները՝ միջազգային ասպարեզում տեղի է ունենում առանցքային իրադարձություն, որն ուղղակի առնչվելու է Հայաստանին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ վեցյակի հայտնի միջուկային գործարքից դուրս գալու մասին՝ ասելով, որ 180 օրերի ընթացքում կվերականգնվեն այդ գործով Իրանի դեմ պատժամիջոցները, և կկիրառվեն նորերը:

ԱՄՆ նախագահի այդ հայտարարությունն իհարկե անսպասելի չէր: Օբամայի նախագահության վերջում կնքված այդ գործարքը, որ համարվում էր աշխարհաքաղաքականության «դարի գործարք», Թրամփի վարչակազմը քննադատում էր հենց սկզբից, և սպասելի էր, որ ի վերջո իրավիճակը կարող է հանգել գործարքի չեղյալ հայտարարման, եթե Իրանը չընդունի մի շարք վերանայումների ԱՄՆ պայմանը:

ԱՄՆ-ը գործարքը չեղյալ է հայտարարում հիմնավորումով, որ իրականում այն չի ապահովում Իրանի ապամիջուկայնացում, և Թեհրանը հարստացնում է ուրան և շարունակում միջուկային սպառազինություն ստեղծելու գործընթացը: Իրապե՞ս այդպես է, թե՞ գործ ունենք իրավիճակի հետ, ինչպիսին Իրաքում էր, երբ քիմիական զենքի մասին տեղեկատվության հիմքով ԱՄՆ-ը ռազմական օպերացիա իրականացրեց, սակայն ի վերջո պարզվեց, որ տեղեկությունը այդ զենքի մասին սխալ էր:

Բայց, այսպես թե այնպես, Թրամփի վարչակազմը քայլը կատարել է, և այն թողնելու է իր հետևանքը Իրանի վրա, հարակից ռեգիոնների վրա և այդ թվում՝ անկասկած Կովկասի ու Հայաստանի: Ակնհայտ է, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցները թուլացնելու են Թեհրանին Մերձավոր Արևելքում, և ամենայն հավանականությամբ հենց այստեղ է բուն խնդիրը, և ԱՄՆ-ը գործակցել է Իսրայելի հետ, որը արդեն տևական ժամանակ բարձրացնում է Սիրիայում Իրանի ռազմական ներկայության հարցը և մտահոգություն հայտնում այդ կապակցությամբ:

Մյուս կողմից՝ եթե Իրանը թուլանում է, ապա թուլանում է նաև Կովկասի ուղղությամբ: Իսկ այստեղ խնդիրը միայն հայ-իրանական հարաբերությունը չէ, որ կարող է հայտնվել ամերիկյան նոր պատժամիջոցներով ենթադրվող սահմանափակումների ներքո: Թեհրանը միջուկային գործարքի կնքումից հետո բավականին աշխուժացավ Կովկասի ուղղությամբ, և դա իրավիճակի բալանսավորման կարևոր գործոն էր, իսկ բալանսավորումը իր հերթին կայունության գործոն է: Եվ հարց է ծագում, թե արդյոք ԱՄՆ պատժամիջոցները չե՞ն հանգեցնի բալանսի խախտման՝ Իրանի թուլացման հետևանքով:

Իհարկե, դեռ վաղ է կոնկրետ գնահատել Թրամփի որոշման հետևանքը թե՛ հայ-իրանական մասով, թե՛ Կովկասում Իրանի դերակատարման, սակայն ռիսկերը բավականին ակնառու են, և այստեղ ակնհայտ է նաև, որ Հայաստանի նոր կառավարությունը պետք է գործի այդ ռիսկերի պայմաններում և ստիպված է լինելու արձագանքել դրանց: Դա իսկապես բարդ վիճակ է, թեև մյուս կողմից՝ Հայաստանում պետք է լինեին պատրաստված սցենարներ, ըստ այդմ՝ եթե անգամ դրանք, այսպես ասած, նախորդ իշխանությանն էին, պետք է դրվեն նորի սեղանին, քանի որ այս դեպքում հարցը չի կարող լինել ներքաղաքական մրցակցության խնդիր՝ այստեղ պետական անվտանգության հարց է, և չի կարող լինել բաժանարար գիծ:

Մյուս կողմից էլ՝ նոր իշխանությունը, հավակնելով իր ներկայիս կարգավիճակին, անկասկած պետք է դիտարկած լիներ իրավիճակն ու խնդիրները լայն համատեքստում, ըստ այդմ՝ ունենար դրանց վերաբերյալ սեփական պատկերացումները: Իր հերթին, այստեղ իհարկե կա նաև հայ-ամերիկյան հարաբերության հարց, և շատ էական է նաև Վաշինգտոնի հետ աշխատանքը, որպեսզի Նահանգները Իրանի հետ քաղաքականությունը կառուցելու հարցում չանտեսի Հայաստանի օբյեկտիվ խնդիրներն ու շահերը և ըմբռնումով մոտենա դրանց:

Նոր իշխանության հանգամանքը այդ առումով թերևս պետք է լինի Երևան-Վաշինգտոն աշխատանքի արդյունավետության լավ նախադրյալ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20