Մովսես Հակոբյանի պաշտոնանկությունը իշխանափոխությունից հետո կանխատեսելի իրադարձություններից մեկն էր

- in Պնակալեզներ
movses-hakobyan

ՀՀ կառավարության այսօրվա նիստում մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին այլ աշխատանքի տեղափոխելու և պաշտոնից ազատելու հարցով:

«Ուզում եմ ասել, որ որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնության մթնոլորտում, այսօր տեղի կունենա նոր նշանակում, և նաև վաղը նոր Գլխավոր շտաբի պետը կներկայացվի զինված ուժերին»,- նշել է վարչապետը:

Մովսես Հակոբյանի պաշտոնանկությունը իշխանափոխությունից հետո կանխատեսելի իրադարձություններից մեկն էր: Դավիթ Տոնոյանը բարեփոխական նախարարի կերպար ունի, որի համատեքստում Հակոբյանի պաշտոնավարումը մոտիվացված չէ որևէ տեսանկյունից: ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը նույնիսկ Սերժ Սարգսյանի իշխանության պարագայում, այսպես կոչված, ժամանակավոր, անցումային ֆիգուր էր համարվում: Պատահական չէ, որ մամուլում պարբերաբար տեղեկություններ էին հայտնվում նրա հնարավոր պաշտոնանկության մասին, և, ըստ ամենայնի, այդ իրադարձությունը տեղի էր ունենալու նույնիսկ այն պարագայում, եթե վարչապետի պաշտոնում շարունակեր մնալ Սերժ Սարգսյանը:

Թավշյա հեղափոխության հաղթանակից և նոր կառավարության ձևավորումից հետո Մովսես Հակոբյանի պաշտոնանկությունն առավել ևս կանխորոշված էր, որովհետև նրա անունը կապվում է կոռումպացված, նախկին իշխանության հետ ասոցացվող գեներալիտետի հետ: Բացի այդ, խորհրդարանական կառավարման մոդելում հենց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն է համարվում զինված ուժերի ղեկավարը, երկրի, այսպես կոչված, թիվ մեկ զինվորականը: Մովսես Հակոբյանը որևէ կերպ չէր ձգում այս կարգավիճակին՝ հատկապես, որ չէր վայելում Նիկոլ Փաշինյանի վստահությունը:

Մովսես Հակոբյանը որևէ կերպ չէր ասոցացվում նոր Հայաստանի, ինստիտուցիոնալ բարեփոխումների հետ, և այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի որոշումը միանգամայն տրամաբանական է:

Մյուս կողմից՝ Մովսես Հակոբյանի պաշտոնանկությունն արմատապես փոխելու է ՀՀ և ԼՂՀ իշխանությունների փոխհարաբերությունների փիլիսոփայությունը. դրանք վերջին տարիներին տեղավորվում էին, այսպես կոչված, քրեաօլիգարխիկ համակարգի տրամաբանության մեջ: Արցախի իշխանությունն ըստ էության կորցրել էր իր սուբյեկտությունը՝ վերածվելով Հայաստանի արատավոր համակարգի բաղադրիչի: Հենց այս տրամաբանության շրջանակում Մովսես Հակոբյանը նշանակվեց Գլխավոր շտաբի պետ:

Նիկոլ Փաշինյանը որդեգրել է Արցախի սուբյեկտությունը ներհայկական հարաբերություններում և բանակցային գործընթացում մեծացնելու քաղաքականություն, ինչը ենթադրում է կադրային քաղաքականության որոշակի խմբագրում հատկապես զինված ուժերում:

Ըստ հավաստի տեղեկությունների՝ ԶՈՒ Գլխավոր շտաբի նոր պետ է նշանակվելու Օնիկ Գասպարյանը, ով մեծ հեղինակություն է վայելում զինված ուժերում և բարեփոխականի իմիջ ունի:

Խիստ կարևոր է այն հանգամանքը, որ Մովսես Հակոբյանը պաշտոնից ազատվել է ոչ թե, այսպես կոչված, հեղափոխական ճանապարհով, այլ փոխադարձ համաձայնության հենքով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20