Մտքի հեղափոխություն դեռ տեղի չի ունեցել, ահռելի աշխատանք ունենք անելու

Մի շարք բարենպաստ գործոններ կային, որ իշխանության դեմ պայքարն այս անգամ հաջողություն ունեցավ. դրանցից գլխավորը երիտասարդության ներքին ազատագրումն էր, որ տարեցտարի տեղի է ունեցել։ Այդ մասին նշեց արձակագիր, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը՝ խոստովանելով, սակայն, որ ինքը չէր կարծում, թե փոփոխությունն այսքան արագ կլինի։

Հեղափոխության հաջողության երկրորդ պատճառը, ըստ նրա, համատարած դժգոհությունն էր, որ մարդկանց մեջ կուտակվել էր. «Երրորդ գործոնը, կամ գուցե առաջինը Նիկոլ Փաշինյանն էր իր կենսագրությամբ։ Իսկական քաղաքական գործչի ու քաղաքական լրագրողի կենսագրություն էր։ Չորրորդն իշխանության հղփացածությունն էր։ Չեմ ուզում իրենց կողմից մտածել, բայց երբ վերլուծում ենք, կարելի է ենթադրել, որ ինչ-որ պահի, եթե ահաբեկման գործողություններ անեին, գուցե այսքան զանգվածային բնույթ չստանար շարժումը, բայց նրանք չափից դուրս ինքնավստահ էին դարձել։ Արդեն իրավունքների ու խոսքի ազատության սահմանափակումներ անելու վրա էին ծախսում իրենց էներգիան, որ ինչ-որ պահի թերագնահատել են Նիկոլի սկսած շարժումը»,- ասաց Վահրամ Մարտիրոսյանը։

Spread the love