Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ քննարկել է հայ-ամերիկյան համագործակցությունը

richard Mils

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, տեղեկացնում են վարչապետի լրատվական ծառայությունից:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումը և ողջունել պաշտոնական Վաշինգտոնի հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ:

«ՀՀ կառավարությունը շահագրգռված է և մեծ նշանակություն է տալիս ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումների գործընթացում ամերիկյան կողմի հետ փոխգործակցությանն ու հնարավոր օժանդակությանը: Մենք լի ենք էներգիայով՝ հասնելու մեր նպատակներին և կոնկրետ արդյունքների` հաշվի առնելով նաև այն դրական մթնոլորտը, որն այսօր առկա է երկրում», – ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ կառավարությունը վճռական է առաջ մղել աշխատանքները վերոնշյալ ուղղություններով:

Ռիչարդ Միլսը, շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, փոխանցել է ԱՄՆ կառավարության պատրաստակամությունը՝ օժանդակելու Հայաստանին նախանշված նպատակների իրականացման գործում:

«Միացյալ Նահանգների կառավարությունը հանձնառու է աջակցել ժողովրդավարության, մարդու իրավունքների, թափանցիկության և հաշվետվողականության հռչակված նպատակների հարցում, որոնք կբարելավեն Հայաստանի գործարար միջավայրն ու երկիրն առավել գրավիչ կդարձնեն ամերիկյան ներդրողների համար: Մենք երկխոսության և համագործակցության մի շարք հնարավորություններ ենք տեսնում, այդ թվում՝ հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքների ձևաչափում», – ասել է դեսպան Միլսը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, տարածաշրջանային ընթացիկ հարցերին, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին վերաբերող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաներ:

Spread the love