Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեսանյութում խոսել է դատական համակարգի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեսանյութում խոսել է դատական համակարգի մասին:

Հայաստանում դատական համակարգը, ըստ էության, հայտնվել է կաթվածահար վիճակում`  դիմելով ժողովրդին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հարց է ծագում, իսկ ինչո՞ւ է հայտնվել կաթվածահար վիճակում, պատասխանեմ, որովհետև դատավորները, դատարանները չգիտեն ինչ անեն ու ինչպես վարվեն: Իսկ ինչո՞ւ չգիտեն ինչ անեն ու ինչպես վարվեն, որովհետև նրանք, ըստ ամենայնի, սովոր են գործել հրահանգներով»,- նկատեց վարչապետը:

Փաշինյանը տեղեկացրեց, որ գաղափարներ են հնչում, թե միգուցե իմաստ չունի կաթվածահար անել դատական համակարգը և օգնել նրանց որոշում կայացնել այս կամ այն հարցում. «Ես ուզում եմ ասել հետևյալը, որ դա ինձ համար կարմիր գիծ է և չեմ կարող թույլ տալ, որ մեր իշխանության և ընդհանրապես իշխանության որևէ ներկայացուցիչ հատի այդ կարմիր գիծը, որովհետև անկախ դատական համակարգ ունենալու համար պետք է մենք ապահովենք երկու բան՝ առաջինը՝ հնարավորություն տանք, որ դատավորները իրենց լիազորությունների շրջանակներում կայացնեն որոշումներ, և երկրորդ՝ փակենք նրանց կողմից կաշառքով հարցեր լուծելու բոլոր ճանապարհները: Այսինքն՝ յուրաքանչյուր դատավոր, որը կփորձի կաշառքով աշխատել, իմանա, որ իր հետևից գալու են: Սա է այսօրվա իրավիճակը, և ես ուզում եմ արձանագրել, և հույս ունեմ դուք կպաշտպանեք այդ մոտեցումը, որ որևէ իշխանավոր իրավունք չունի դատավորներին տալ որևէ հրանգ որևէ գործով»: Վարչապետն ընդգծեց, որ այսօր օրենսդրությամբ ՀՀ դատավորները գործունեության որոշակի երաշխիք ունեն, և նրանք պետք է այդ երաշխիքներից օգտվեն, ցանկացած գործով կայացնեն օբյեկտիվ դատավճիռ՝ հիմք ընդունելով իրենց ձեռքի տակ եղած ապացույցները: «Եվ այս կանոնը, իմ համոզմամբ, որևէ կերպ խախտել չի կարելի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20