Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկողները լինելու են ՀՀԿ ոչ քաղաքական թևի ներկայացուցիչները

- in Տնտեսական
nikol-pashinyan

Դատելով մայիսի 8-ին վարչապետի քվեարկությանը դիրքորոշումների վերաբերյալ ՀՀԿ պատգամավորների հայտարարություններից՝ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկողները լինելու են ՀՀԿ ոչ քաղաքական թևի ներկայացուցիչները:

Քաղաքական թևի ներկայացուցիչները, համենայնդեպս՝ գրեթե բոլորը, հայտարարում են, որ չեն փոխել իրենց դիրքորոշումն ու դեմ են քվեարկելու, ինչպես մայիսի 1-ին: Իսկ Սամվել Ալեքսանյանը, օրինակ, հայտարարում է, որ կողմ է քվեարկելու Փաշինյանին:

Իհարկե, առայժմ դժվար է անել միարժեք եզրակացություն և գտնել օրինաչափություն, սակայն հաշվի առնելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀԿ-ն կդառնա նոր կառավարության և վարչապետի ընդդիմություն, հնարավոր է եզրակացնել, որ, այսպես ասած, ոչ քաղաքական թևը կարող է աստիճանաբար հեռանալ կուսակցությունից: Այդպիսի պահվածքը կլինի նաև տրամաբանական և արդեն օրինաչափ հայաստանյան ներքին զարգացումների տրամաբանության տեսանկյունից, քանի որ այդ թևը քաղաքականության մեջ այնտեղ է, որտեղ իշխանությունն է: Եվ եթե ՀՀԿ-ն իշխանություն չէ, ապա բնականաբար այդ թևը ՀՀԿ չէ:

Իհարկե, սա դեռ կտեսնենք, սակայն թերևս հնարավոր է ասել, որ դուրս գալով կամ հեռանալով ՀՀԿ-ից՝ այդ թևն իհարկե չի դառնալու նոր իշխանության մաս: Դա պետք չէ նրանց կամ եթե անգամ նրանց պետք է, պետք չէ նոր իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանին: Նախ՝ ամբողջ հարցը եղել է հենց այն, որ իշխանություն պետք է չլինի առաջին հերթին հենց այդ ոչ քաղաքական թևը, որտեղ օդիոզ կերպարները, գործարարները կամ օլիգարխներն են: Ըստ այդմ՝ նրանց հետ դաշնակցելը Նիկոլ Փաշինյանի հանդեպ կառաջացնի հանրային հարցեր:

Մյուս կողմից՝ նրանց հետ պայմանավորվելը անխուսափելի է: Նախ՝ նրանք շարունակելու են լինել մանդատ կրող և քվեարկողներ, իսկ վարչապետ Փաշինյանին, որը չունի դե յուրե կայուն մեծամասնություն, կարևոր է ամեն մանդատի աջակցությունը: Բացի այդ, կա տնտեսական հարթության վրա խնդիր, և զուտ կառավարման արդյունավետությունը պահանջում է, որ վարչապետը պայմանավորվի նրանց հետ՝ հաշվի առնելով նրանց շարքում խոշոր խաղացողների առկայությունը:

Տվյալ պարագայում հարցն այն է, թե ինչի շուրջ կարող է լինել պայմանավորվածությունը, ինչ փոխզիջումով կամ համաձայնությամբ, խաղի ինչպիսի կանոնների շուրջ: Վերջին հաշվով դա սկզբունքային հարց է ընդհանրապես՝ տնտեսության և քաղաքականության տարանջատումը, ինչը, սակայն, պահանջում է բնականաբար սեփականության անձեռնմխելիության երաշխիքներ:

Մյուս կողմից՝ իհարկե կա սեփականության կուտակման օրինականության խնդիրը: Այստեղ բավականին բարդ է իրավիճակը, բայց պայմանավորվել պետք է, բոլոր դեպքերում: Դուրս կգա այդ շերտը միայն ՀՀԿ-ի՞ց, թե՞ աստիճանաբար նաև քաղաքականությունից՝ տնտեսական անձեռնմխելիության և անվտանգության երաշխիքների դիմաց հրաժարվելով այլևս միջամտել քաղաքականությանը: Հայաստանի համար դա համակարգային խնդիր է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20