«Շուշանիկ Բախշյանը չարիք էր, որը հանդիպեց մեր ընտանիքին ու կործանեց մեր աղջկան․․․»

- in Իրավունք
erexa

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ավարտին է մոտենում «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանի և Անի Բաբելյանի գործի դատական քննությունը: 

Բժշկուհիները մեղադրվում են այն բանի համար, որ իրենց մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ առաջացրել են ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածին երեխայի մահը: Նրանց մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով:

Մերին «Շենգավիթ» ԲԿ-ում որպես հղի՝ հաշվառվել էր 2015 թվականի փետրվարի 11-ից: Նրա բժիշկը «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ  Շուշանիկ Բախշյանն էր, ում մոտ՝ որպես շատ լավ բժշկի մոտ՝ Մերին գնացել էր ընտանիքի բարեկամի խորհրդով:

Մերիի ջերմությունը բարձրացել էր հղիության ամենավերջին շրջանում՝ հուլիսի 23-ից: Մերին ու նրա հարազատները անընդհատ հեռախոսային կապի մեջ են եղել բժշկուհի Շուշանիկ Բախշյանի հետ, տեղեկացրել են հղիի ջերմության բարձրացման մասին: Բժշկուհին հենց սկզբից եզրակացրել է, որ Մերի Մարգարյանը քաղաքում տարածված վիրուսային հիվանդության պատճառով է ջերմում, և խորհուրդ է տվել, որ նա «Պարացետամոլ» խմի:

Ըստ տուժողի իրավահաջորդ Վ. Մարգարյանի՝ բժշկուհի Բախշյանը Մերիի մոտ գինեկոլոգիական որևէ խնդիր բացառել է: Եվ հուլիսի 23-ից 26-ը Մերին բժշկուհու խորհրդով միայն «Պարացետամոլ» է խմել, մի անգամ էլ «Անալգին-դիմեդրոլ» են ներարկել: Այդ ընթացքում Մերին հարազատների ուղեկցությամբ մի քանի անգամ գնացել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, նրան չեն հոսպիտալացրել, կատարել են արյան ու մեզի անալիզներ, լսել են երեխայի սրտի բաբախոցը ու ասել են, թե ամեն բան նորմալ է: Այդ օրերին Շուշանիկ Բախշյանը ծննդկանի ու նրա հարազատների հետ ունեցել է բազմաթիվ հեռախոսազրույցներ, տվել է խորհուրդներ, մասնավորապես, վստահ լինելով, որ ծննդկանը գինեկոլոգիական խնդիրներ չունի, հուլիսի 25-ին խորհուրդ է տվել, որ հետազոտեն  ծննդկանի ատամների ու կոկորդի վիճակը: Ստուգող բժիշկը նշել է, որ ծննդկանի մոտ կարող է միայն գինեկոլոգիական խնդիր լինել, նա պիտի իրեն հսկող բժշկին ներկայանա:

Հուլիսի 26-ին, ժամը 16-ն անց 30-ին Մերիին վերջապես հոսպիտալացրել են «Շենգավիթ» ԲԿ-ում: Հերթապահ բժիշկը եղել է Տիգրան Սարգսյանը:

Ըստ Մերիի հայրիկի՝ դստերը ժամեր շարունակ ոչ մի բժշկական օգնություն ցույց չի տրվել, ընդհուպ՝ մինչև գիշերվա ժամը 3-ն անց 30, երբ  Մերիի ջերմությունը իջել է մինչև 35 աստիճան: Նա վատացել է, սկսել է փսխել:

Բժշկական կենտրոն հրավիրված նյարդոպաթոլոգը ենթադրել է, թե ծննդկանի մոտ կարող է արյան զեղում լինել: Մտածել են, թե արյան զեղման ու բարձր ջերմության առկայության պայմաններում չի կարելի կեսարյան հատում անել: Անհրաժեշտ են համարել բազմապրոֆիլ բուժհաստատություն տեղափոխել Մերիին, «Շենգավիթ» ԲԿ-ում համապատասխան սարքավորումներ չկային…

Միայն հուլիսի 27-ի առավոտյան է կատարվել արյան բիոքիմիական անալիզ, ու «Շենգավիթ» ԲԿ-ում որոշել են ծննդկանին «մի րոպե շուտ» տեղափոխել «Էրեբունի» ԲԿ , որտեղ հղիի վիճակն արագընթաց հետազոտել են, չի հաստատվել հղիի մոտ արյան զեղման առկայությունը,  սակայն այդ հետազոտության վրա էլ թանկ ժամանակ է ծախսվել, ապա արագ տեմպով Մերիին տարել  են կեսարյան հատումի:

Կեսարյան հատումով Մերի Մարգարյանը դուստր է ունեցել, բայց նրա օրգանիզմը այլևս չի կարողացել դիմակայել: Մերին մահացել է հուլիսի 29-ի առավոտյան, իսկ հուլիսի 30-ին մահացել է նորածին աղջնակը՝ Մարիան…

Դատարանը կողմերի ճառերի ունկնդրման փուլում է:

Գործով մեղադրող դատախազ Ա. Մնացականյանը իր մեղադրական ճառում հաստատված է գնահատել բժշկուհիներին առաջադրված մեղադրանքը և միջնորդել է Շուշանիկ Բախշյանին դատապարտել 3 տարի 6 ամիս իրական ազատազրկման՝  3 տարով զրկելով բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Անի Բաբելյանին դատապարտել 2 տարի 6 ամիս իրական ազատազրկման՝  2 տարի 6 ամսով զրկելով բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Թովմասյանն իր ճառում նշեց, որ դատաբժշկական հանձնաժողովային երկու փորձաքննությունների եզրակացություններով ու դատարանում հարցաքննված փորձագետների ցուցմունքներով՝ իրավիճակի լավագույն հանգուցալուծումը ժամանակին կեսարյան հատումով ծննդալուծումն էր, որի արդյունքում մեծ հավանականություն կար, որ կփրկվեին թե՛ մայրը, թե՛ նորածինը:

Ըստ փորձագետների՝ Մերիին պետք է հոսպիտալացնեին հենց այն օրը, երբ նա առաջին գանգատն է ներկայացրել բարձր ջերմություն ունենալու մասին: Դա հուլիսի 23-ն էր: Բայց Մերին ոչ միայն այդ օրը, այլ նաև հաջորդող օրերին՝ հուլիսի 24-ին, 25-ին չի հոսպիտալացվել: Ավելին՝ իր ոտքով «Շենգավիթ» բժշկական կենտրոն գնացած, բարձր ջերմություն ունեցող հղիին հրաժարվել է հոսպիտալացնել հերթապահ բժիշկ Անի Բաբելյանը, ինչը, ըստ փորձագետների, սխալ է եղել: Հուլիսի 26-ին, երբ Մերիին հոսպիտալացրել են, նա նույն գանգատներն ուներ, ինչ՝ հուլիսի 23-ին, միայն թե օրգանիզմը գնալով ավելի ու ավելի էր թուլացել, հիվանդագին վիճակն ավելի էր խորացել:

Ըստ փորձագետների՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոն դիմած հղի կինը պետք է հոսպիտալացվեր ու գտնվեր դինամիկ հսկողության տակ, մեկ կամ երկու ժամը մեկ պետք է կատարվեին հետազոտություններ՝ ճիշտ ախտորոշում կատարելու և ժամանակին կեսարյան հատումով ծննդալուծելու համար:

Փաստաբանը նշեց՝ Շուշանիկ Բախշյանը փորձում է դատարանին ու հանրությանը համոզել ու հավաստիացնել, թե արել է ամեն բան, ինչ իրենից էր կախված, նա ասում է՝ ի՞նչ պիտի անեինք, որ չենք արել:

Փաստաբան Մ. Թովմասյանն ասաց՝ բժիշկը չի կարող սահմանափակվել ընդհանուր սխեմաներով: Յուրաքանչյուր օրգանիզմ իր առանձնահատկություններն ունի, բժիշկները յուրաքանչյուր հիվանդի պետք է մոտենան՝ ըստ նրա օրգանիզմի առանձնահատկությունների: Շուշանիկ Բախշյանի կատարած հարցադրումը, ըստ փաստաբանի, համոզիչ կլիներ, եթե նա կատարած լիներ անհրաժեշտ հետազոտությունները, հղի կնոջը պահեր դինամիկ հսկողության տակ ու գոնե երկու ժամը մեկ կրկներ հետազոտությունները: Տանը գտնվող հիվանդը չի կարող լինել դինամիկ հսկողության տակ: Ըստ մասնագետների ու բժշկական գրականության՝ 35 շաբաթականից սկսած՝ Մերիի ունեցած գանգատների նման գանգատների դեպքում կինը պետք է հոսպիտալացվի ու գտնվի դինամիկ հսկողության տակ:

Փաստաբանը նշեց՝ եթե Շուշանիկ Բախշյանի գիտելիքները չէին բավարարում Մերի Մարգարյանի ախտորոշումը կատարելու և ճիշտ բուժում նշանակելու համար, ապա ամոթ չէր՝ կարող էր առաջարկել, որ այլ հիվանդանոց տեղափոխեն:  Մերիին գոնե հուլիսի 24 –ին պետք է հոսպիտալացնեին, երբ ջերմությունը բարձրացել էր մինչև 39,4 աստիճան:

Փաստաբանն ասաց, թե վերջում կատարված հետազոտությունների արդյունքներն այնպիսին էին, որ բժիշկները պարտավոր էին ճիշտ ախտորոշում կատարել, բայց ախտորոշում չկա, չկա համապատասխան բուժում ու հսկողություն՝ բժիշկների սխալը, նրանց մեղքը դա է:

Մարինե Թովմասյանը նշեց, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի անձնակազմի դատաքննական ցուցմունքներն անարժանահավատ են: Փաստաբանը ցավ հայտնեց, որ անգամ Սիրունյան Աշոտի նման մասնագետը անտեսելով իր գիտելիքները, գրավել է պաշտպանական դիրք, չնայած հասկանում է, որ Մերիին անհրաժեշտ էր կեսարյան հատում անել, նա ինքն է մի քանի անգամ առաջարկել վիրահատություն անել, բայց Շուշանիկ Բախշյանն իրեն «առավել է համարել», չի համաձայնել, ու ոչ ոք նրան դեմ չի գնացել… Մինչդեռ եթե բժշկական կենտրոնի բաժնի վարիչը համարում էր, որ կեսարյան հատումի անհրաժեշտություն կա, վիրահատությունը պե՛տք է արվեր: Սակայն Շուշանիկ Բախշյանն «ամեն բան իր վրա է վերցրել ու ոչինչ, ըստ էության չի արել»:

Փաստաբանն ընդգծեց՝ Մերի Մարգարյանի ու նորածնի կյանքի փրկությունը միանշանակ կլիներ, եթե«Շենգավիթ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը ճիշտ գործեր, ժամանակին կատարեր բոլոր անհրաժեշտ հետազոտությունները ու ճիշտ ախտորոշման հանգեր:

Մարինե Թովմասյանի համոզմունքով՝ դատարանն ունի բավարար ապացույցներ՝ վերջնական որոշում կայացնելու համար: Պետությունը լիազորել է, որ հղի կինն  ունի անվճար լիարժեք բուժօգնության իրավունք, նրա հետ կապված բոլոր բժշկական գործողությունները պետք է կատարվեն ամբողջությամբ ու ժամանակին: Տվյալ դեպքում իրենց պարտականությունները անբարեխիղճ ու սխալ կատարած բժիշկները պետք է ենթարկվեն պատասխանատվության, քանի որ հակառակ դեպքում՝ անպատժելիության պատճառով կարող են կրկնվել նրանց նոր սխալների ողբերգական հետևանքները:

Մարինե Թովմասյանը նշեց՝ տուժողների իրավահաջորդները պահանջում են, որ երկու ամբաստանյալները դատապարտվեն մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված առավելագույն պատժին, ավելի խիստ պատժի, քան միջնորդել է դատախազը:

Տուժողի իրավահաջորդ, Մերի Մարգարյանի հայր Վաղինակ Մարգարյանը հուզիչ ճառ ասաց: Նա ներկայացրեց, թե ինչ է կատարվել իրենց ընտանիքի համար ամենաողբերգական օրերին՝ 2015 թվականի հուլիսի 23-ից 29-ը: Վ. Մարգարյանն ասաց, թե հավատում է արդարադատությանը, մինչև հիմա ամեն բան արել է օրենքի շրջանակներում, չի դիմել ինքնագործունեության և սպասում է արդար դատավճռի:

Իր ընտանիքի կորուստն անդառնալի է, այդ կորուստը բժիշկների հանցավոր ինքնավստահության ու անբարեխղճության պատճառով է եղել:

«Մերին առողջ, կենսուրախ աղջիկ էր, նրա կյանքի 26 տարիների ընթացքում ես նրա համար արել եմ ամեն բան, սակայն ամեն բան ջնջվեց բժիշկների անհոգի սխալների պատճառով…»:

Վ. Մարգարյանը նշեց՝ եթե կատարվել է անզգույշ հանցագործություն, չի նշանակում, թե դա մեղմացուցիչ հանգամանք է: Մեղմացուցիչ հանգամանքներ չեն կարող համարվել ամբաստանյալների՝ կին լինելը կամ վատառողջությունը կամ երկարատև աշխատանքային փորձ ունենալը:

Ըստ Վ. Մարգարյանի՝ Շուշանիկ Բախշյանը ծայրահեղ անբարեխիղճ վերաբերմունք է դրսևորել ու պատշաճ չի վերաբերվել Մերիին, ով մինչև վերջին րոպեները «կուրորեն» հավատում էր նրան: «Շուշանիկ Բախշյանն է աղջկաս հասցրել մահվան»,- ասաց տուժողի իրավահաջորդը:

Նա նշեց, որ հուլիսի 27-ի առավոտյան ժամը 4-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում գտնվող Մերիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, բայց ոչ մի բժշկական օգնություն չի ցուցաբերվել: Ժամը 6-ն անց 30-ից անձնակազմը հեռախոսակապի մեջ է եղել Շուշանիկ Բախշյանի հետ, ու ամեն բան անում էին Բախշյանի ցուցումներով: Մասնավորապես՝ վերակենդանացման բաժանմունքի վարիչը հեռախոսակապի մեջ է եղել Բախշյանի հետ ու իր ունեցած տեղեկությամբ Շուշանիկ Բախշյանը հերթապահ գինեկոլոգի մասին ասել է. «Հանկարծ չփորձի իմ հղիին պերեխվատ անի»: Հերթապահ գինեկոլոգն էլ «ձեռքերը լվացել է, ոչինչ չի արել, ու սպասել են, որ առավոտյան ժամը  9-ին Շուշանիկ Բախշյանը ներկայանա…»:

Տուժողի իրավահաջորդն ասաց. «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկներից ով որ առնչվել է Մերիի հետ, պիտի պատասխանատվության ենթարկվի…»: Այդ բժշկական կենտրոնում առկա գրառումներում ամենուրեք Մերիի վիճակի մասին գրված է՝ բավարար, բայց իրենց մոտ կատարված հետազոտությունների իրական արդյունքով Մերիի վիճակն արդեն իսկ ծայրահեղ ծանր էր:

«Առավոտյան ժամը 9-ին կեսարյան հատում անելու փոխարեն Շուշանիկ Բախշյանը, իմ աղջկան ծայրահեղ ծանր վիճակում թողել, իջել էր՝ կոնսուլտացիա էր անում, որ 5, 10 հազար դրամները կորզեր հղիներից… Փեսաս նրան զոռով բարձրացրել է Մերիի մոտ՝ ասելով՝ կինս մահամերձ է… »:

Տուժողի իրավահաջորդը նշեց, որ առավոտյան ժամը 7-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր խնդրանքով զանգել ու առաջարկել է, որ Մերիին տեղափոխեն իրենց հիվանդանոց, բայց Շուշանիկ Բախշյանը չի համաձայնել՝ համառորեն պնդելով. «Պաթոլոգիա չկա, հղիության հետ կապված խնդիր չկա»:

Ըստ Վ. Մարգարյանի՝ Շուշանիկ Բախշյանը՝ Մերի Մարգարյանի հղիությունը հսկող բժիշկը, փոխանակ առաջին բուժօգնություն ցույց տա, ծանր վիճակում գտնվող Մերիի ոտքին խփելով՝ միայն ասում էր. «Հանգստացիր, Մերի, հավաքիր քեզ »: Եվ Շուշանիկ Բախշյանի թույլ չտալու պատճառով «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ոչ մի բժիշկ Մերիին առաջին բուժօգնություն  ցույց չի տվել… Մինչդեռ րոպեներն անգամ կարևոր էին…

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ վերջում տեսնելով, որ գլուխ չեն հանում, որոշել են կանչել նյարդաբան Գ. Խաչատրյանին, նրա հետ պայմանավորվել են՝ այնպիսի ախտորոշում գրի, որ Մերիին տեղափոխեն ուրիշ հիվանդանոց, իբր՝ իրենց մոտ սարքավորումներ չկան: Այդպես է առաջացել այն սխալ, ենթադրյալ ախտորոշումը, իբր՝ Մերիի մոտ արյունազեղում է, իսկ հետազոտության համար իրենք սարքավորումներ չունեն, դրա պատճառով պետք է տեղափոխել երրորդ կարգի բազմապրոֆիլ  հիվանդանոց, չնայած  իրենց հիվանդանոցն էլ է երրորդ կարգի… Տուժողի իրավահաջորդը նշեց, որ այդ ենթադրյալ «արյունազեղում» ախտորոշումը ստուգելու համար «Էրեբունի» բժշկական կենտրոնում թանկ ժամանակ է կորսվել…

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոչ ոք Մերիին չի ուղեկցել «Էրեբունի» բժշկական կենտրոն, ամեն բան իրենք են արել: «Էրեբունի» բժշկական կենտրոնում զարմացել են, ասել են՝ շրջաններից որ հիվանդ են բերում, հսկող կամ բուժող բժիշկը հիվանդի ձեռքից բռնած գալիս է, ներկայացնում է վիճակը… Շուշանիկ Բախշյանը իր հսկողության տակ եղած հղիին ծանր վիճակում ուղարկել ու հարկ չի համարել անգամ ուղեկցել ու ներկայացնել վիճակը: «Տենց արհարմարհական վերաբերմունք, տենց բան ես չեմ տեսել ու չեմ լսել… Ես ավելի խիստ պատիժ եմ պահանջում, քան՝ դատախազի միջնորդածն է, խորտակել են երեք ընտանիք, երկու կյանք են խլել… Անգրագետ մասնագետը չարիք է… Շուշանիկ Բախշյանը չարիք էր, որը հանդիպեց մեր ընտանիքին ու կործանեց մեր աղջկան»:

Տուժողի իրավահաջորդը երկրորդ ամբաստանյալի՝ Անի Բաբելյանի մասին ասաց, թե նա, երիտասարդ բժիշկ լինելով, խճճվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ստերի մեջ: Երբ Բաբելյանի  հերթապահության ժամանակ Մերիին տարել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն, նա հրաժարվել է հոսպիտալացնել Մերիին, որովհետև Շուշանիկ Բախշյանը կարգադրել էր՝ հանկարծ չմոտենա Մերիին… Անի Բաբելյանը նույնիսկ չի իջել՝ հղիին տեսնելու, նա թաքնվել է: Իրենք ստիպված բուժքրոջն ուղարկել են նրա հետևից, իսկ բուժքույրը հինգ րոպե հետո եկել ու ասել է, թե պաթոլոգիա չկա, Մերին չի կարող հոսպիտալացվել, իսկ հերթապահ բժիշկ Անի Բաբելյանն էլ չի կարող իջնել: Այդ բուժքույրն է Մերիի ընտանիքին տվել կատարված հետազոտությունների պատասխանները: Մերին այդ ժամանակ զանգել է Շուշանիկ Բախշյանին, իսկ վերջինս նրան հեռախոսով խորհուրդ է տվել հանգստանալ ու գնալ… կոկորդը ստուգելու…

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ «սարքովի է»՝ իբր Անի Բաբելյանը վիրահատության է եղել, դրա համար չի իջել: Իրենք «Շենգավիթ» բժշկական կենտրոնից դուրս են եկել ժամը 18-ն անց 15 րոպեին: «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մերժման մատյանում հետին թվով են լրացրել Մերիին չհոսպիտալացնելու փաստը, ու քանի որ ժամերը չեն հիշել, սխալ նշել են՝ 19-ն անց 40 րոպե, նաև ձևակերպել են, իբր Անի Բաբելյանը ժամը 20-ից 21-ը մասնակցել է վիրահատության: Բայց իրենք այդ բժշկական կենտրոնից դուրս են եկել ժամեր առաջ՝ 18-ն անց 15-ին: «Ցանկացել են կոծկել, թաքցնել իրենց անփույթ, անբարեխիղճ վերաբերմունքը… Եթե Անի Բաբելյանը չլսեր Շուշանիկ Բախշյանին, հոսպիտալացներ Մերիին, հետազոտեր ու ճիշտ բուժում նշանակեր, այսպիսի ավարտ չէր լինի… Անի Բաբելյանն իր մտերիմների մոտ ընդունել է՝ կարող էինք փրկել Մերի Մարգարյանին, բայց չփրկեցինք… Ես զգում եմ, որ նա զղջում ա, թեկուզ՝ իրեն մեղավոր չի ճանաչում…. Ես պահանջում եմ երկու ամբաստանյալներին պատիժ նշանակել առանց որևէ մեղմացնող հանգամանք հաշվի առնելու, նրանք մինչև հիմա չեն ընդունել իրենց մեղքը… Երեք տարվա ընթացքում մեկնումեկը չի ասել՝ անգրագետ էինք, չհասկացանք, բայց չէինք ուզում, ներողություն ենք խնդրում… Եվ հավատացեք, այդ դեպքում իրավիճակ էր փոփոխվելու… Դրա փոխարեն անընդհատ փնովել են մեզ, սոցցանցերով ամենավատ բաներն են գրել… Սկզբում չէին պատկերացնում, որ իրենց մեղադրանք կառաջադրվի… Բժիշկ է, ամեն բան կարող է պատահել, բայց բժիշկներ կան, որ այդպիսի դեպքերում դառնում են տուժողների բարեկամը, գնում, նրանց հետ լաց են լինում, ու վիճակ ա փոխվում… Մի՞թե բժիշկը էդքան հրեշ կարա լինի… Մի անգամ,  մի օր չեն եկել, չեն խոսել մեզ հետ… Ես ցավում եմ…»:

Տուժողի իրավահաջորդ, Մերի Մարգարյանի ամուսին Արթուր Հարությունյանը միացավ Մարինե Թովմասյանի ու Վաղինակ Մարգարյանի ճառերին, նույնպես պահանջեց օրենքով նախատեսված առավելագույն պատիժ. «Նույնիսկ առավելագույն պատիժը շատ փոքր պատիժ ա իրենց համար…»:

Հաջորդ դատական նիստին ճառերով հանդես կգան ամբաստանյալների շահերի պաշտպաններն ու ամբաստանյալները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20