Ո՞վ հաղթեց երկրորդ համաշխարհային պատերազմում

- in Վերլուծական
paterazm

Տարիներ առաջ մի սեմինարի ժամանակ մասնակիցներից մեկը հետաքրքիր հարց հնչեցրեց: Նա հարցնում էր, թե ո՞վ է հաղթել համաշխարհային պատերազմում: Շատերին այս հարցը տարօրինակ թվաց, շատերը տարակուսեցին:

Սակայն հարց տվող փորձագետը խոսում էր հետպատերազմյան շրջանի իրողությունների մասին և, կարծես թե, հիմնավորում էր, որ պատերազմի էֆեկտը ոմանց համար արժեզրկվել է, պարտվողները դասեր են քաղել, ճիշտ հետևություններ արել:

Ո՞վ հաղթեց երկրորդ համաշխարհային պատերազմում:

Զուտ ռազմական տեսանկյունից` հարցի պատասխանը հստակ է, հասու՝ անգամ դպրոցականին: Հաղթել է սովետական բանակը:

Բայց արդյո՞ք այդ հաղթանակը բովանդակություն ստացավ սովետական մարդու համար, ով այդքան զոհողությունների գնաց, կորցրեց որդուն, եղբորը, ամուսնուն: Իհարկե` ոչ: Սովետական ժողովուրդը, աշխարհի այլ ժողովուրդների հետ, կանխեց նացիզմի հաղթանակը, տոտալիտար այդ գաղափարախոսության համաշխարհային տիրապետության վտանգը, բայց հայտնվեց նրան չզիջող, ոչ պակաս մարդակուլ բոլշևիկյան տոտալիտարիզմի ճիրաններում:

Սովետական մարդու համար հաղթանակը շուտով արժեզրկվեց, որովհետև չբերեց ազատություն, բարեկեցություն: Հաղթանակն առաջին հերթին ճանապարհ է դեպի ազատություն, Հաղթանակի նպատակը մարդն է, նրա իրավունքները:

Կոմունիստական էլիտան սեփականաշնորհեց հաղթանակըհպատակի կարգավիճակում պահելով միլիոնավոր մարդկանց: Մայիսի 9-ը շատ շուտով սովետական ղեկավարության համար կորցրեց հաղթանակի նշանակությունը դառնալով միլիտարիզմը խորհրդանշող օր: Նույն պատկերացումներն ունի նաև Ռուսաստանի այսօրվա ղեկավարությունը, որի համար ռազմական շքերթը, իր ռազմական պոտենցիալի ցուցադրական մատուցումը դարձել են գերխնդիր:

Պատերազմից միանգամայն այլ հետևություններ արեց Գերմանիայի նոր ղեկավարությունը, որը, արևմտյան դաշնակիցների օժանդակությամբ, դրեց դեմոկրատական, քաղաքացուն արժեվորող պետության հիմքերը, քաղաքակրթական անհանդուրժողականություն ձևավորեց տոտալիտար որևէ գաղափարախոսության հանդեպ:

Պատերազմում հաղթած ԽՍՀՄ-ը զարգացրեց տոտալիտարիզմըմարդու, նրա ազատության հաշվին, ի վերջո գերտերությունից վերածվելով չգոյության, պատմության: Պատերազմում պարտված Գերմանիան դասեր, հետևություններ արեց` կառուցելով քաղաքացուն արժեվորող, քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվող, ապագային ձգտող երկիր:

Հաղթանակն իմաստալից է, եթե ինստիտուցիոնալիզացվում է, դառնում է ազատության խորհրդանիշ: Հակառակ պարագայում` հաղթանակը դառնում է իշխող վերնախավի քարոզչական տրյուկ, սեփական իշխանությունն ամրապնդելու, մարկանց հպատակեցնելու միջոց:

Պարտությունը բարդույթավորում է պետություններին, ժողովուրդներին, եթե նրանք անհրաժեշտ հետևություններ չեն անում: Գերմանիան, նրա հետպատերազմյան ղեկավարությունն արեց այդ հետևությունները:

Նույնը վերաբերում է Շուշիի ազատագրմանը: Այդ իրադարձությունը կդառնա հաղթանակ, եթե ծառայի հայաստանցու, արցախցու ազատությանը, բարեկեցիկ կյանքին:

Արցախյան պատերազմում հաղթել է դեմոկրատական Հայաստանը: Երկու տասնամյակից ավելի մենք չենք ունեցել այդպիսի Հայաստան, ուրեմնմսխել ենք մեր հաղթանակը: Պետք չէ շարունակ հույս տալ մեզ, թե Ադրբեջանն էլ դեմոկրատական չէ: Եթե մենք կորցնում ենք ժողովրդավարության, ազատության մեր ռեսուրսը, առաջին պլան է գալիս հարևանների նավթը դառնալով կարգավորման գործընթացի գործոն:

Ղարաբաղյան պատերազմի ամենամեծ ձեռքբերումները պետք է լինեն ազատ Հայաստանը, Արցախը, ազատ քաղաքացին: Սա է մայիսի 9-ի ամենամեծ խորհուրդը, նաև գրավականը, որ տասնամյակներ անց մեզ չհարցնեն, թե ո՞վ է հաղթել արցախյան պատերազմում:

Բարեբախտաբար, տոնական այս օրը, Եռատոնը դիմավորում ենք Հաղթանակի, նոր Հայաստանի ավետիսով: Թավշյա հեղափոխությունը պետք է իմաստավորի, նոր բովանդակություն հաղորդի արցախյան պատերազմի հաղթանակին, Շուշիի ազատագրմանը` դրանք ծառայեցնելով քաղաքացու ազատությանն ու բարեկեցությանը:

Ժողովրդավարական Հայաստանը հաղթական առաջնագծի ամենահզոր ապավենն է, թիկունքը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20