«Ոչ մի նոր հանք». Կապանում չեղարկեցին հանրային քննարկումը

- in Հասարակություն
eritasardner

Այսօր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում նախատեսված էր «Ագապե» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ տարածքի 6-րդ պայմանական բլոկի Կապան համայնքում նավթի եւ բնական գազի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում, որը քաղաքացիների բոյկոտման արդյունքում չեղարկվեց։

Քաղաքացիները հանդես եկան բողոքի ակցիայով, «Մենք ենք տեը մեր երկրի», «Ես Նորաշենիկն եմ», «Ոչ մի նոր հանք» ցուցապաստառներով հայտնեցին իրենց բողոքը:

Իսկ Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խումբը», ի պատասխան շահագրգիռ կողմերի պահանջների, ներկայացրեց իր առաջին տարեկան հաշվետվությունը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` խմբի կազմում ընդգրկված են կայուն զարգացման հարցերով զբաղվող յոթ հայ և միջազգային փորձագետներ:

Խումբն արդեն երրորդ անգամն է գտնվում Հայաստանում` կառավարության ներկայացուցիչների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների, համայնքների ներկայացուցիչների, ՀԿ-ների, ակադեմիական շրջանակաների հետ քննարկումներ ծավալելու և համագործակցելու նպատակով:

«Մեր կողմից իրականացվող մոնիթորինգը «Լիդիան Արմենիա» ընկերության նախաձեռնությունն է: Դա արվել է, որպեսզի հենց «Լիդիան»-ը պատասխանատվություն կրի այն հանձնառությունների իրականացման համար, որոնք պետք է բխեն միջազգային լավագույն սկզբունքներից: Մենք կշարունակենք համագործակցել միմյանց հետ Ամուլսարի ծրագրի գնահատման ընթացքում, մասնավորապես` շինարարությունից դեպի արտադրություն անցման ժամանակ: Մենք այս մեկ տարվա ընթացքում իրականացրել ենք ծրագրի գնահատումը մի լույսի ներքո, որը մենք անվանում ենք «պատասխանատու հանքարդյունաբերություն»: Ծրագիրը գնահատելիս մենք մշակել ենք  19 բավականին նշանակալի առաջարկներ, որոնք, մեր կարծիքով, կարող են ամրապնդել «Լիդիան»-ի գործունեությունը»,- ասաց խմբի նախագահ դոկտոր Ջոն Հարքերը:

Նրա խոսքով՝ իրենց կողմից հիմնական առաջարկը կամ խորհուրդն է, որպեսզի «Լիդիան»-ը համագործակցի քաղհասարակության և, իհարկե ՀԿ-ների, գիտական կառույցների և հենց տեղացիների հետ: Խմբի նախագահը վստահ է, որ այդ կերպ հնարավոր կլինի ապացուցել ընկերության ազդեցության բացակայությունը ջրի, կենսաբազմազանության վրա և, իհարկե, դրական ազդեցությունը մարդկանց կենսակերպի վրա:

«Սա կոչվում է մասնակցային մոնիթորինգ, և, կարծում ենք, բոլոր մտահոգ կողմերը հավանություն կտան այս առաջարկին: Հավատացած եմ, որ այս տեսանկյունից ընկերության գործունեությունը կբարելավվի, և տրված խոստումները կգնահատվեն ավելի մեծ վստահությամբ: «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը պետք է ջանքեր գործադրի իր ղեկավար կազմում բարեփոխումներ իրականացնելու, մասնավորապես` կապալառու ընկերությունների հետ պայմանագրերի կնքման վերաբերյալ: Մենք համոզված ենք, որ կապալառուները պետք է բարելավեն իրենց գործունեությունը և դրանով իսկ տեղացիներին լրացուցիչ վստահություն ներշնչեն ծրագրի ընթացքի վերաբերյալ»,- նշեց Հարքերը:

Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խումբը» կրկին Հայաստան է այցելելու աշնանը` շահագրգիռ կողմերի հետ կլոր սեղանի ձևաչափով քննարկման նպատակով: Դրա ընթացքում Ամուլսարի ծրագրի թիմից ակնկալվում է պաշտոնական պատասխան ստանալ ներկայացված երաշխավորությունների և առաջարկությունների, ինչպես նաև դրանց մի մասի արդեն իրականացման առաջընթացի վերաբերյալ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20