… որպեսզի հանրային գիտակցության մեջ Փաշինյանի իշխանությունը տարբերվի Սերժ Սարգսյանի իշխանությունից

- in Հրապարակ

Այսօր Նիկոլ Փաշինյանը կընտրվի վարչապետ, և այդ պահից սկսած հասարակությունն ակնկալելու է այն փոփոխությունների իրականացումը, որը նա կապում է իշխանության փոփոխության հետ:

Ինչ պետք է անի Փաշինյանը հասարակության ակնկալիքներն արդարացնելու համար, որոնք պետք է լինեն այն առաջնահերթ քայլերը, որոնք նա պետք է իրականացնի, որպեսզի հանրային գիտակցության մեջ Փաշինյանի իշխանությունը տարբերվի Սերժ Սարգսյանի իշխանությունից:

Փորձենք մի քանի կետով ներկայացնել մեր պատկերացումները:

Պետական կառավարման համակարգի ապաֆեոդալացում

Հայաստանի կառավարման համակարգը հիշեցնում է մի բուրգ, որի վերևում կանգնած են հայրերը, հետո գալիս են որդիները, ազգականները, բարեկամները, խնամիները և այդպես շարունակ: Հայաստանում ձևավորվել է պաշտոնյաների մի կաստա, որից դուրս որևէ մեկն իրավունք չունի աշխատանք ունենալ: Օրինակ՝ Կարեն Կարապետյանը վարչապետ էր, իսկ նրա որդին «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի տեղակալն է, փեսան՝ ՀՀ էներգետիկայի փոխնախարարը: Գագիկ Հարությունյանը ՍԴ նախագահն էր, նրա եղբայրը՝ Արզուման Հարությունյանը, ԱԱԾ փոխտնօրեն, քույրը՝ սոցապ փոխնախարար, Վահրամ Բաղդասարյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն է, եղբայրը «Գազպրոմ Արմենիայի» Լոռու մարզային կառույցի ղեկավարը, փեսան՝ Աջափնյակի թաղապետը, փեսայի եղբայրը՝ Էջմիածնի հարկայինի պետը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամյանի որդին Էներգետիկայի փոխնախարարն է, ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին՝ ԱԳ փոխնախարարը, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը սեփականաշնորհել է Էջմիածինը՝ նրա որդին Էջմիածնի քաղաքապետն է, աղջիկը՝ Արմավիրի առաջին ատյանի դատարանի դատավոր:

Այս շարքը կարելի է անվերջ շարունակել, ու եթե մի քիչ խորը ուսումնասիրենք, կպարզվի, որ Հայաստանում բոլոր պաշտոնյաները ինչ-որ մեկի որդին, եղբայրը կամ փեսան են, ավելորդ մարդիկ կա՛մ չկան, կա՛մ այնքան քիչ են, որ նրանց կարելի է համարել վերացող տեսակ: Կառավարման նման կարգը հատուկ էր ֆեոդալիզմին, այն իմաստով, որ պետությունը պատկանում էր ազնվականությանը, և հասարակ, շարքային մարդը չէր կարող բարձրանալ սոցիալական վերելակով: Նոր իշխանության առաջին խնդիրը պետք է լինի պետական կառավարման համակարգի ազատականացումը, երբ մարդիկ հնարավորություն կունենան պաշտոն զբաղեցնել ըստ իրենց գիտելիքների և հմտությունների, այլ ոչ թե ինչ-որ մեկի ազգականը կամ բարեկամը լինելու հատկանիշի:

 Տնտեսության ապամոնոպոլացում

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը մի անգամ հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունն այնքան մոնոպոլացված է, որ 20 հազար անուն ապրանքները ներմուծում են 7 տնտեսվարողներ: Նա չնշեց այդ տնտեսվարողների անունները, բայց մոտավորապես պարզ էր, որ ԱԺ առնվազն չորս պատգամավորներ գլխավորում են այս ցանկը: Սամվել Ալեքսանյանին, Արկադի Համբարձումյանին, Միհրան Պողոսյանին, Արտակ Սարգսյանին պատկանող ընկերությունները զբաղված են Հայաստանում ամենալայն սպառման ապրանքների ներմուծմամբ, և նրանց գործունեությունը խստորեն քվոտավորված է: Օրինակ՝ Արկադի Համբարձումյանը կարող է «Մարս» կամ «Սնիկերս» ներմուծել, բայց չի կարող շաքարավազ բերել, իսկ Սամվել Ալեքսանյանը չի կարող «Մարս» և «Սնիկերս» ներմուծել, որովհետև դա Համբարձումյանի մենաշնորհն է: Սրան գումարենք բենզինի ու շինանյութի ոլորտում առկա մենաշնորհներն ու քվոտաները, և պարզ կդառնա, որ երկրի տնտեսական կյանքը կենտրոնացած է մի քանի մարդկանց ձեռքում:

Նոր կառավարությունը պետք է հստակ և թվերով ասի, թե որ ապրանքների ներմուծումն է գտնվում մենաշնորհի դաշտում, ովքեր են այդ մենաշնորհի տերերը, և խոստանա, որ առնվազն երեք ամսում կլինեն մարդիկ և ընկերություններ, որոնք կզբաղվեն զուգահեռ ներմուծմամբ, և այդ ապրանքների ներմուծումը չի լինի մենաշնորհային: Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ հայտարարեց, որ ոչ մի խոչընդոտ չկա, և ով ուզում է կարող է զբաղվել ապրանքների ներմուծմամբ, ու ազատականացման շղարշ ստեղծելու համար մենաշնորհների տերերը ստեղծեցին իրենց հետ փոխկապակցված ընկերություններ, որոնք սկսեցին բանան կամ բենզին ներմուծել, բայց բոլորն էլ հասկացան, որ դա խաբեություն է, աճպարարություն: Իրական տնտեսական ազատության գոյությունը շատ հստակ տեսանելի կլինի, և ամբողջ հասարակությունը կտեսնի՝ կա՞ նման մրցակցություն, թե՞ կա իմիտացիա:

Փոքր և միջին ձեռներեցությունը խթանելու համար պետք է սահմանափակել սուպերմարկետների գործունեությունը: Դրանց սեփականատերերին պետք է ստիպել, որ դրանք չաշխատեն շաբաթ և կիրակի օրերին և երեկոյան ժամը 21-ից հետո: Միայն այդ դեպքում փոքր բիզնեսը աշխատելու հնարավորություն կունենա: Խոշոր առևտրային ցանցերի սեփականատերերին պետք է արգելել զբաղվել ներմուծմամբ, քանի որ այդ դեպքում, մյուս վաճառողները հայտնվում են անհավասար պայմաններում:

Արդար և հավասար հարկային համակարգի ստեղծում

Նոր կառավարությունը եզակի շանս ունի ապահովելու բիզնեսի և քաղաքականության տարանջատումը, որի պայմաններում է միայն հնարավոր արդար և հավասար հարկային դաշտի ստեղծումը: Մենք միշտ մի տարրական օրինակ ենք բերել՝ եթե վարչապետն ու ՊԵԿ ղեկավարը ռեստորանների սեփականտերեր են, մյուս ռեստորանները չեն կարող նրանց հետ հավասար մրցակցության մեջ աշխատել: Մի՞թե հարկային մարմնի աշխատակիցները կարող են մտնել «Ֆլորենս» կամ «Արքայաձոր» և ստուգել, թե այնտեղ քանի աշխատող կա, կամ ինչ շրջանառություն ունեն այդ ռեստորանները: Խոշոր բիզնեսը չպետք է ներկայացված լինի կառավարությունում և իշխանությունում, և մարդկանց առաջ պետք է լինի հստակ պահանջ՝ կա՛մ պետական կառավարման համակարգ, կա՛մ բիզնես: Դրանց համատեղումը ուղղակի կործանարար է պետության համար: Հայաստանի ՊԵԿ հաջորդ ղեկավարը չի կարող երկրի ամենահաջողակ բիզնեսմենը լինել, նա ընդհանրապես պետք է հեռու լինի բիզնեսից:

Եվ վերջապես՝ արդար ու վստահելիդատական համակարգի ստեղծում

Հայաստանի Հանրապետությունում անկախությունից ի վեր չի եղել դատական համակարգ, որովհետև դատավորները ընդամենը դեկորացիա են եղել և շատ քիչ են կապ ունեցել վճիռների կայացման հետ: Դատական վեճերը քննվել ու վճիռները կայացվել են նախագահական նստավայրում: Խոսքը կարևոր և մեծ դատական վեճերի մասին է: Մեծ՝ այդ վեճերի ֆինանսական արժեքի իմաստով: Դատավորները ձևակերպել և ընդամենը ընթերցել են իշխանությունից իջեցված վճիռները, ամեն անգամ արդարանալով, որ իրենք ոչ մի կապ չունեն դրանց հետ: Մանր վեճերի դեպքում էլ աշխատել է աճուրդի սկզբունքը՝ ճիշտ է այն կողմը, որն ավելի շատ կարող է վճարել: Իշխանությունը պետք է կարողանա հրաժարվել դատարանների աշխատանքին ուղղակի միջամտելու գայթակղությունից:

Ապագա իշխանությունը պետք է մի քանի քայլեր ևս անի, որոնք էականորեն կբարձրացնեն իշխանության հեղինակությունը առնվազն առաջիկա ամիսների համար: Պետք է միջոցներ գտնել թեկուզ քիչ, բայց թոշակներն ու նվազագույն աշխատավարձը բարձրացնելու համար, դա հնարավոր է կառավարչական ծախսերը էականորեն նվազեցնելու միջոցով: Պետք է վերանայվեն էլեկտրաէներգիայի և գազի սակագները, որովհետև ընդդիմությունը միշտ հայտարարել է, որ դրանք անտրամաբանական բարձր են, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները դրանք բարձրացնելու մասին՝ ոչ այնքան հիմնավոր: Տեսանկարահանող սարքերն ու արագաչափերը պետք է պահպանել որպես երթևեկության անվտանգությունը ապահովելու միջոցներ, բայց պետք է նվազեցվեն գանձվող տուգանքների չափերը, հասարակությունը պետք է հավաստիանա, որ տուգանքները չեն հոսում ինչ-որ մեկի գրպանը, այլ համալրում են պետական բյուջեն: Իշխանությունը պետք է հարկային համաներում հայտարարի հատկապես մանր և միջին բիզնեսի համար: Դատարաններում քննվում են հազարավոր գործեր, որոնց զոհերը մանր բիզնեսի ներկայացուցիչներն են, ԴԱՀԿ-ում նույնքան գործեր են, որոնց զոհերին սպառնում է վերջնական ունեզրկում: Իշխանությունը պետք է մի քանի աղմկոտ դատավարություններ սկսի, որոնց նպատակը կլինի նախկինում կայացված անարդար վճիռները բեկանելը և արդարության հաստատումը:

Առանց այս և նման միջոցառումների, հնարավոր չի լինի արձանագրել, որ երկրում կա նոր իշխանություն, որն իր որակով և գործունեությամբ տարբերվում է նախորդից:

Spread the love