Պուտինը բավականին զուսպ է շնորհավորում Փաշինյանին

Putin

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրության կապակցությամբ:

Հեռագիրը բավականին զուսպ է, և ՌԴ նախագահը, որն ինքը նախօրեին չորրորդ անգամ ստանձնեց նախագահի լիազորությունը, հույս է հայտնում, որ Փաշինյանի գործունեության ընթացքում հայ-ռուսական բարեկամական և դաշնակցային հարաբերությունը կամրապնդվի, այդ թվում՝ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակներում: Օրինակ՝ Սերժ Սարգսյանի վարչապետության առիթով շնորհավորական ուղերձում Պուտինը եղել էր ավելի պերճախոս և խոսել ընդհուպ նրա քաղաքական հեղինակության մասին, թեև հետագա իրողությունները ցույց տվեցին, որ թե Սերժ Սարգսյանն էր սխալվել, թե Պուտինը:

Մյուս կողմից, ամենևին զարմանալի չէ, որ Պուտինը բավականին զուսպ է շնորհավորում Փաշինյանին: Բանն այն է, որ նրա համար, խոշոր հաշվով, դեռ պարզ չէ, թե ով է Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ, որպես պետական գործիչ, չնայած հղած ընդհանուր ազդակներին, որ արտաքին քաղաքականության մասով չեն լինելու վեկտորալ փոփոխություններ: Դրանից զատ, ՌԴ նախագահը այս ամբողջ ընթացքում շնորհավորական պերճախոս բառերից թերևս ավելի կարևոր դիրքորոշում է ցուցաբերել, մինչև վերջ մնալով այն դիրքին, որ Հայաստանում տեղի ունեցողը բացառապես Հայաստանի ներքին խնդիրն է:

Այսինքն՝ Կրեմլը հրաժարվել է Հայաստանի իրադարձություններին միջամտելուց, ինչի հարցում նրան ակնհայտորեն փորձում էին համոզել իշխանական որոշ շրջանակներ, հատկապես ապրիլի 25-ից սկսած: Ահա այդ իմաստով, Պուտինն ամենաարժեքավորը թերևս արդեն իսկ դրսևորել է՝ չի միջամտել Հայաստանում հանրային-քաղաքական թավշյա հեղափոխությանն ու չի նպաստել դրա ճնշմանը: Մնացյալն արդեն աշխատանքային խնդիրներ են, և այդ իմաստով ՌԴ նախագահի պերճախոս որևէ շնորհավորական ուղերձ, թերևս, կլիներ առավելապես արհեստական: Ինքնին ցուցիչ է այն, որ Պուտինը շնորհավորել է անհապաղ, իհարկե այդպիսով նաև ցույց տալով, որ Ռուսաստանը Հայաստանը շարունակում է դիտարկել որպես իր ազդեցության կամ պատասխանատվության գոտի, չնայած վարչապետի փոփոխությանը: Մայիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԵԱՏՄ Սոչիի վեհաժողովին, որը կլինի փաստորեն նաև ՌԴ նախագահի հետ նրա առաջին վիզուալ շփումը: Ըստ ամենայնի, կլինի նաև զուտ երկկողմ հանդիպում, ենթադրաբար, քանի որ պետք է թերևս երկու կողմն էլ օգտագործեն անմիջական հաղորդակցության հաստատման առիթը:

Ի վերջո, հեղափոխական փոփոխության փուլում Ռուսաստանի դրական չեզոքությունն ապահովել հաջողվեց, և դա նաև թավշյա հեղափոխության գործընթացի դրական արդյունքներից և ինչ-որ իմաստով նաև ձեռքբերումներից էր: Ներկայումս արդեն կարևոր է, որպեսզի այդ ուղղությամբ իրավիճակը և դրական միտումները կայուն լինեն նաև աշխատանքային գործընթացում, և Ռուսաստանը շարունակի զերծ մնալ Հայաստանում ներքին ռեֆորմացիայի գործընթացը իբրև աշխարհաքաղաքական վտանգ դիտարկելուց, ինչը այդ ռեֆորմացիայի գործընթացի հաջողության կարևոր գրավականներից մեկն է, ըստ այդմ՝ նոր կառավարության աշխատանքի և գործունեության կարևոր ուղղություն: Ի դեպ հետաքրքիր է, ինչ խողովակներով է իրականացվելու այդ աշխատանքը՝ ԱԳՆ-ից ու դեսպանատնից զատ, և արդյո՞ք այդ գործում Հայաստանը շարունակելու է մնալ Էդվարդ Նալբանդյանի հույսին:

Spread the love