Ռուբեն Ջաղինյանը փորձում է հիմա էլ «պադխոդ» գտնել նոր իշխանությանը

- in Պնակալեզներ
Bazkator

Հեղափոխությունը հասել է Հանրային հեռուստառադիոխորհրդի ղեկավարությանը: Երեկ Հետք-ում հրապարակվեց Էդիկ Բաղդասարյանի Հանրային հեռուստատեսությունը Ռուբեն Ջաղինյանի փողերի լվացքատունն է հոդվածը:

Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունն այնտեղ ստուգումներ է կատարել, որոնց արդյունքում խոշոր բացահայտումներ են եղել, մոտ 2 մլրդ դրամի խախտման փաստեր են արձանագրվել, բայց հետեւանքներ չեն ունեցել:

Ավելին, բյուջե վերականգնման ենթակա գումարը 183,6 մլն դրամը, կրկին գնացել է հանրային միջոցներից՝ կառավարության պահուստային ֆոնդից:

Ու ստացվել է` պետությունը նորից է գումար հատկացրել Ջաղինյանի ղեկավարած կառույցին։ Իսկ Ջաղինյանն այդ ընթացքում հասցնում է, օրինակ՝ երկու բնակարան գնել Հյուսիսային պողոտայում եւ իրար միացնել դրանց տարածքները։ Սա ընդամենը մեկ դրվագ է, գրում է Էդիկ Բաղդասարյանը։

«Մեզ հաջողվել է պարզել, որ, օրինակ՝ տարիներ շարունակ գումարներ են դուրս գրվել չպատրաստված հաղորդումների համար, իսկ եթերում ցուցադրվել են նախորդ տարիներին պատրաստված նույնանուն հաղորդումները, ձեռք բերված տեխնիկական միջոցները չեն գտնվում Հանրային հեռուստաընկերությունում կամ պարզապես դրանք չկան, չավարտվող շինարարական աշխատանքների վրա կատարված ծախսերն արժանահավատ չեն», գրում է նա։

Երեկ «Հանրայինը Հանրությանը» քաղաքացիական նախաձեռնությունը հրապարակել է Հանրային հեռուստառադիոընկերության և դրա խորհրդի անօրինական գործողությունների մասին պատմող բացառիկ տեսանյութ։

Դրանում նույնպես փաստեր ու դրվագներ են ներկայացված անօրինականությունների վերաբերյալ:

Հանրային հեռուստաընկերությունը միշտ խոշոր գումարներ է ստացել բյուջեից, ինչպես նաեւ «ստվերային» փողեր, դրա ղեկավարություններն արագորեն դարձել են մեծահարուստներ: Այն անխափան ծառայել է ոչ թե հանրությանը, այլ իշխող վարչակարգին, դառնալով կոռուպցիոն տնտեսա-քաղաքական համակարգի օղակներից մեկը:

Տեղեկություններ կան, որ Ռուբեն Ջաղինյանը փորձում է հիմա էլ «պադխոդ» գտնել նոր իշխանությանը, տարբեր խողովակներով, իր խնդիրները լուծելու համար:

Էդիկ Բաղդասարյանը գրում է, որ եթե իրավապահներն ի վիճակի չեն քննություն կատարել ու բացահայտել չարաշահումները, դա կարող են անել իրենք, եւ ընդամենը պետք է տրամադրել անհրաժեշտ պաշտոնական փաստաթղթերը: Այսպիսով, եւս մեկ թեսթ Գլխավոր դատախազության համար:

Լուսանկարը hetq.am-ի

Spread the love