Ռուսահայ օլիգարխիան դարձել է հայ-ռուսական խեղաթյուրված հարաբերությունների խորհրդանիշը

- in Կեղտոտ լվացք
oligarxia

Հիշո՞ւմ եք Կարեն Կարապետյանի վարչապետության սկզբում ինչ ճառեր էին հնչեցնում ռուսահայ օլիգարխիայի ներկայացուցիչները: Նրանք խոստանում էին մեծ ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ, անգամ «Ներդրողների ակումբ» ձևավորվեց` թերևս ցույց տալու համար, որ Մոսկվայից եկած վարչապետը վայելում է այնտեղի հայ մեծահարուստների կոնսոլիդացված աջակցությունը:

Իհարկե, խոստացած ներդրումները չտեսանք. դրա փոխարեն Կարեն Կարապետյանի շրջապատի մարդիկ, այդ թվում` ոչ անհայտ Ռոբսոնը, Հայաստանը ներքաշեցին մի քանի աղմկոտ միջազգային սկանդալի մեջ:

Իրականությունն այն է, որ ռուսահայ օլիգարխիան ընդամենը փորձել է գնել Հայաստանի իշխանությունըԿարեն Կարապետյանի դեմքով և Ռուսաստանի իշխանության գործուն աջակցությամբ: Այդ միտումն ավելի իրական դարձավ, երբ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հեռացավ վարչապետի պաշտոնից, և Կարեն Կարապետյանը փորձեց «գրավել» իշխանությունն ու ՀՀԿ-ն: Թավշյա հեղափոխությունը, բարեբախտաբար, կանխեց դեպքերի նման ընթացքը չնայած, բարեբախտաբար, Կարապետյանի ու նրա տնտեսա-քաղաքական հովանավոր Սամվել Կարապետյանի նկրտումները լուրջ դիմադրության հանդիպեցին նաև ՀՀԿ վերնախավում:

Կարեն Կարապետյանը Հայաստան եկավ` որպես «նոր ոգու» խորհրդանիշ, սակայն հայաստանյան իր պաշտոնավարումն ավարտեց ռուսական վասալության ամոթալի խարանով:

Թավշյա հեղափոխությունն աննախադեպ բարձրացրել է Հայաստանի միջազգային հեղինակությունը` հիմքում ունենալով չտեսնված համազգային կոնսոլիդացիա: Ասվածի լավագույն ապացույցը Սոչիի հայերի աննախադեպ ջերմ ընդունելությունն էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչը հայրենադարձության և ներդրումների լուրջ ազդակ է: Սակայն համազգային զարթոնքի ֆոնի չի լսվում Ներդրողների ակումբի ծպտունը. այլևս խոսք չկա միլիարդավոր ներդրումների մասին:

Ռուսահայ օլիգարխիան` իր վարքագծով, մշտապես հակադրվել է Հայաստանի հասարակության, անգամ Ռուսաստանում ապրող միլիոնավոր հայերի տրամադրություններին, դարձել է հայ-ռուսական խեղաթյուրված հարաբերությունների խորհրդանիշը:

Ռուսահայ օլիգարխիան, ըստ էության, ևս հակահեղափոխական և ռևանշիստ է։ Նրանք էլ են սպասում իրենց հերթին, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տապալվի ու իրենք գան «փրկեն» Հայաստանը` 11-րդ բանակի ոճով ու հոգեբանությամբ: Պատահական չէ, որ այս օրերին, հայկական հեղափոխության և նրա առաջնորդի դեմ ռուսական մամուլում հրապարակված հոդվածների մեծ մասի հետքերը տանում են դեպի ռուսահայ օլիգարխիա:

Ռուսահայ օլիգարխիան այլ վարքագիծ ունենալ չի կարող, որովհետև երկու տասնամյակ շարունակ եղել է Ռուսաստանի կոռուպցիոն համակարգի և Հայաստանի քրեաօլիգարխիայի կապող օղակներից մեկը: Ի դեպ, ռուսահայ «ջոջերի» վարքագիծը խտացնում է Ռուսաստանի էլիտայի և նրա հետ կոռուպցիոն թելերով կապված Հայաստանի քրեաօլիգարխիայի իրական տրամադրությունները: Նրանց վարքագիծը սկզբունքորեն տարբեր չէ անցած դարասկզբի հայ բոլշևիկների պահվածքից, որոնց միակ «առաքելությունը» Հայաստան 11-րդ բանակի մուտքը նախապատրաստելն էր:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20