Ռուսաստանը ձուլվեց մաֆիայի աշխարհին, ոչ թե հաղթահարեց այն

Putin Vladimir

Վլադիմիր Պուտինի ռեժիմը շատ բնութագրումներ ունեցավ՝ կլեպտոկրատիա, պոստմոդեռնիզմ, ավտորիտարիզմ և, ինչպես ասել է Բարաք Օբաման, «տարածաշրջանային ուժ»: Եվս մեկ նման բնութագրում ժամանակակից Ռուսաստանի վերաբերյալ տվել է կազմակերպված հանցագործ խմբի գործով իսպանացի դատախազը՝ «մաֆիոզ պետություն»:

Այս ձևակերպումը երկար կհիշվի, սակայն ի՞նչ կարող է այն իրականում նշանակել՝ գրում է The Economist-ը՝ հավելելով, որ այդ հարցին հրաշալի պատասխանում է Մարկ Գալեոտտին իր «Գողերը» գրքում, որում հստակ և մանրամասն նկարագրվում է Ռուսաստանում քաղաքականության և կազմակերպված հանցավորության ներհյուսումը:

Գաղտնի քրեական աշխարհի չգրված կանոնները հայտնվել են դեռևս ցարական Ռուսաստանում, երբ Ռուսաստանի կայսրությունում ապրող գյուղացիները, որոնք բնակչության զգալի մասն էին կազմում, սկսեցին ապրել նոր օրենքներով, որոնք արդարացնում էին ֆեոդալների խաբեությունը:

«Հողատիրոջից փայտանյութի գողությունը կամ ցարական տարածքների անտառահատումը մեղք չէր համարվում»,- նշում է Գաեոտտին: Այդ էթիկան պահպանվել է շնորհիվ կոմկուսի և ԽՍՀՄ քաղաքացիների միջև հարաբերությունների փոխադարձ ցինիզմի: Դեֆիցիտը, անորոշությունը և խորհրդային գաղափարաբանության ու իրականության միջև ճեղքվածքը թույլ տվեցին հանցագործ կառույցներին ծաղկել: Բանտը դարձավ հանցագործների դաստիարակման վայրը: Սկզբում խորհրդային գողերը զգուշորեն էին մոտենում իշխանություններին. նրանց ներքին օրենքները խստորեն արգելում էին իշխանությունների հետ ցանկացած համագործակցություն: Սակայն ստալինյան «Գուլագ»-ի ծավալները և սարսափները չեղարկեցին այդ արգելքները և նոր հնարավորություններ բացեցին «գողերի նոր սերունդների» համար. նրանք սկսեցին համագործակցել կուսակցական անազնիվ գործիչների հետ, երբ զգացին, որ դա իրենց շահերից է բխում:

Ի վերջո, 1980-ականներին Միխայիլ Գորբաչովի «պերեստրոյկան» ցնցեց պետությունը, բայց նաև նոր շուկայական ուժերի համար դուռ բացեց, որոնք հաջողությամբ կարողացան օգտագործել գողերը: Վայրի կամ բռնի կապիտալիզմը հրաշալի «ինկուբատոր» դարձավ ողջ աշխարհում հայտնի ռուսական մաֆիայի զարգացման համար:

Պուտինը ՌԴ նախագահի աթոռը զբաղեցրեց Կրեմլի հեղինակությունը վերականգնելու ընդգծված մտադրությամբ: Ազատ մտածող «գողերը» մարգինալացվեցին կամ ոչնչացվեցին: Մյուսներն էլ արտագաղթեցին, քանի որ պետք է խուսափեին բռնությունից և առաջնորդվեին՝ ելնելով Պուտինի համակարգի շահերից, ով դարձավ «քաղաքի ամենամեծ հանցախումբը»: Գալեոտտին նշում է, որ պետությունը կենտրոնացրեց իր իշխանությունը բայց ոչ թե ճնշման միջոցով, այլ կուլ տալով հանցագործ աշխարհը: Գանգստերները մասամբ ազգայնացվեցին: Պետությունը ընդունեց որոշ սովորույթներ:

Ոչ միայն Ռուսաստանը, այլև ողջ Արևմուտքը իր վրա զգաց այդ ձուլման հետևանքները:

Spread the love