Ռուսաստանում առայժմ ոչ թե հեղափոխություն է, այլ` քաղաքացիական անհնազանդության ցանցային գործողություններ

Aleksey Navaniy

«Նա մեզ համար ցար չէ», «Վերջ ցարին» կարգախոսներով այսօր Ալեքսեյ Նավալնիի հազարավոր կողմնակիցներ դուրս էին եկել Ռուսաստանի տասնյակ քաղաքների փողոցներ` բողոքելով Վլադիմիր Պուտինի իշխանավարման չորրորդ ժամկետի դեմ:

Նավալնիի շարժումը նոր չէ, սակայն ռուսաստանյան այսօրվա հուզումներն իրենց վրա ակնհայտորեն կրում էին Հայաստանի թավշյա հեղափոխության կնիքը: Պատահական չէ, որ ցուցարարները վանկարկում էին, թե ցանկանում են կրկնել այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում:

Զուր են Մոսկվայի կամ Երևանի իշխանամերձ շրջանակները տեղի ունեցածի մեջ փնտրում Մայդանի նմանությունը կամ աշխարհաքաղաքական դավադրություններ: Իրականում այս շարժումները բացառապես հայկական կամ ռուսաստանյան են, ու Նիկոլ Փաշինյանը կամ Ալեքսեյ Նավալնին նույնիսկ առաջ չեն քաշում հարցեր, որոնք կարող են ենթադրել արտաքին քաղաքականության վերանայումներ:

Իհարկե, հայկական հեղափոխության գոնե առաջին փուլը հաջողել է և հայաստանյան քաղաքական գործընթացը դարձել է խաղաղ փոփոխությունների խորհրդանիշնույնիսկ վարքագծային, մարտավարական առումով: Օրինակ այսօր Սանկտ Պետերբուրգում 1500 ցուցարարներ կարճ ժամկետով շրջափակել են Նևայի պողոտան, սակայն ոստիկանությունը շատ արագ բերման է ենթարկել նրանց:

Եվրասիական տարածքում հասարակությունները բացահայտ մարտահրավեր են նետել իշխանությունների անփոխարինելիությանը և օլիգարխիային: Հայաստանում այդ գործընթացը վերաճեց հեղափոխության: Սերժ Սարգսյանըիշխանության անփոխարինելիության խորհրդանիշը, հեռացել է, սակայն հիմա ամենասկզբունքային խնդիրը քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդումն է, որը մի կողմից, կբերի հեղափոխության արժեքների քաղաքական կապիտալացմանը, մյուս կողմից` կփակի հակահեղափոխության ռևանշի ճանապարհը:

Խնդիրը խիստ սկզբունքային է և ենթադրում է խոշոր կապիտալի, այսպես կոչված, համաներում` հաշտության տուրքի, քաղաքականության և բիզնեսի տարանջատման ճանապարհով:

Այս համատեքստում խիստ կարևոր է, որ թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը շեշտը դնի օլիգարխիայի բոլոր սեգմենտների կապիտուլյացիայի վրա` իր ժամանակավոր կառավարությունը զերծ պահելով Գագիկ Ծառուկյանի, Խաչատուր Սուքիասյանի ուղղակի կամ անուղղակի ազդեցությունից:

Միշտ պետք է հիշելհասարակությունը պատերազմ է հայտարարել ոչ միայն ու ոչ այնքան ՀՀԿ-ին, որքան օլիգարխիային, որն այս օրերին փորձում է քողարկվել այլ ցուցանակների տակ ու լեգիտիմացվել թավշյա հեղափոխության ստվերի տակ: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն հնարավորինս սեղմ ժամկետներում և դառնան քրեաօլիգարխիայի քաղաքական կապիտուլյացիայի ակտը` քաղաքական վերակենդանացման որևէ հեռանկար չթողնելով դրա որևէ սեգմենտի համար:

Ռուսաստանում առայժմ ոչ թե հեղափոխություն է, այլքաղաքացիական անհնազանդության ցանցային գործողություններ: Այսօր Պուտինի իշխանությանը հաջողվել է ճնշել հուզումները 1000-ից ավելի ցուցարարների ձերբակալություններով, ոստիկանական հատուկ ստորաբաժանումների և միջոցների կիրառմամբ:

Սակայն հեղափոխության գնացքը մեկնել է. Պուտինն անդառնալի ուշացել է ու հիմա, ըստ էության, կռիվ է տալիս ժամանակի դեմ:

Պուտինիզմըորպես քաղաքական ավտորիտար համակարգ, Հայաստանում ջախջախիչ պարտություն կրեց: Վաղ, թե ուշ դեմոկրատական հեղափոխությունը հաղթելու է նաև Ռուսաստանում: Պատկերավոր ասած` Ռուսաստանի քաղաքներում այսօր շրջում էր հայկական թավշյա հեղափոխության ուրվականը:

Spread the love