Սահմանադրական ճգնաժամի հիսուն երանգները. ԱԺ ղեկավար կազմը հրաժարական չի տա

AJ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում սահմանադրական ճգնաժամ է ստեղծվել: ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածով նախատեսված կարգով` խորհրդարանում այսօր կայուն մեծամասնություն ունի Հայաստանի հանրապետական կուսակցությունը:

Սակայն համաժողովրդական շարժման ճնշման արդյունքում ՀՀ վարչապետ ընտրվեց ոչ թե խորհրդարանական կայուն մեծամասնության թեկնածուն, այլ ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, իհարկե, նույն այդ մեծամասնության օժանդակությամբ: Եվ դրանից հետո խորհրդարանական կայուն մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն` հանձինս կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի և կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի, երեկ հայտարարեց ընդդիմադիր դառնալու մասին:

Սա, համաձայնեք, քաղաքագիտական նոնսենս է. չի կարող խորհրդարանական կայուն մեծամասնություն ունեցող ուժը լինել ընդդիմություն: Ավելին` այդ կուսակցությունը, միևնույն է, ԱԺ-ում շարունակում է պահպանել ղեկավար պաշտոնները. ո՛չ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ո՛չ էլ ՀՀԿ-ական երկու փոխնախագահները՝ Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը, հրաժարական չեն ներկայացրել ու չեն էլ ներկայացնի, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները:

Ու ըստ էության Հայաստանում ստացվում է հակասական վիճակ. իրեն ընդդիմադիր հռչակած ՀՀԿ-ն խորհրդարանում, այնուամենայնիվ, լինելու է իշխանության կազմում` ղեկավարելով օրենսդիր իշխանությունը: Իսկ գործադիր իշխանությունը ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը, որը նույն այդ խորհրդարանում այս պահին չունի մեծամասնություն, հետևաբար չունի կայուն հենարան, հետևաբար նա կաշկանդված է լինելու իր ծրագրերն իրականացնելիս օրենսդրական փոփոխությունների միջոցով իրավական անհրաժեշտ հիմքեր ստեղծելու առումով:

Բայց, դե, հիշեցնենք` գործող Սահմանադրությունը ժամանակին գրվեց Սերժ Սարգսյանի «հագով», որպեսզի նա նախագահական լիազորությունների ավարտից հետո շարունակեր պաշտոնավարումը որպես վարչապետ, որպես երկրի փաստացի ղեկավար: Եվ այն ժամանակ «սահմանադրության հայրերի» և, ընդհանրապես, որևէ մեկի մտքով անգամ չէր անցնում, որ Հայաստանում կարող է նման իրավիճակ ստեղծվել:

Մեկ արձանագրում էլ. ՀՀԿ-ն լեգիտիմ չէր որպես իշխանություն, ՀՀԿ-ն լեգիտիմ չէ նաև որպես ընդդիմություն: Ասել է, թե լեգիտիմության բացակայությունն այս քաղաքական ուժին «հետապնդում է» ամենուր»:

Spread the love