Սահմանապահ զորքերի կապիտանը դաժան ծեծի է ենթարկել սերժանտին

- in Իրավունք
cec

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ ավարտվել է Հովհաննես Օհանջանյանի գործի դատական քննությունը:

28-ամյա Հովհաննես Օհանջանյանին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով՝ տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար:

Հովհաննես Օհանջանյանը ԱԱԾ սահմանապահ զորքերի զորամասի՝ Լոռու մարզում գտնվող սահմանային ուղեկալի պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր, կոչումով՝ կապիտան:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հոկտեմբերի 31-ին, ժամը 14-ն անց 30-ի սահմաններում սահմանային ուղեկալի տարածքում Հովհաննես Օհանջանյանը վիճաբանել է իր ենթակայության տակ գտնվող, նույն ուղեկալի կապի ու ազդանշանի վերակարգի հերթապահ, պայմանագրային զինծառայող, սերժանտ Արման Ե.-ի հետ:

Վիճաբանության ընթացքում տեսնելով, որ Արման Ե.-ն գոտին ձեռքին գալիս է իր ուղղությամբ, դա գնահատելով որպես սպառնալիք իր նկատմամբ, զինվորական պարտականությունները կատարելու հետ չկապված պատճառներով կապիտան Օհանջանյանը բռնություն է գործադրել սերժանտի նկատմամբ՝ ձախ ձեռքով մեկ անգամ հարվածել է նրա աջ այտին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Արման Ե.-ն տեղափոխվել է հիվանդանոց:

Գործի քննության ընթացքում դադարեցվել է Հովհաննես Օհանջանյանի պաշտոնավարությունը՝ ուղեկալի պետի ժամանակավոր պաշտանակատարի պաշտոնում:

2018 թվականի փետրվարի 22-ին քննիչի որոշմամբ քրեական հետապնդում չի իրականացվել տուժող Արման Ե.-ի նկատմամբ՝ Հովհաննես Օհանջանյանի հետ վիճաբանության ժամանակ նրա գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով:

Հովհաննես Օհանջանյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է: Տուժողը նրա նկատմամբ բողոք, պահանջ չի ներկայացրել:

Դատարանը հաշվի է առել, որ Հովհաննես Օանջանյանը բնութագրվում է դրական, դատվածություն չունի, ընդունել է առաջադրված մեղադրանքը, զղջացել է կատարածի համար, խոստովանական ցուցմունքներով աջակցել է կատարվածի բացահայտմանը, տուժողը նրա նկատմամբ բողոք, պահանջ չի ներկայացրել:

Դատարանը հաշվի է առել, որ հանցավոր արարքի կատարումը պայմանավորված է եղել նաև տուժողի վարքագծի հակաօրինականությամբ ու հակաբարոյականությամբ:

Դատարանը եզրահանգել է, որ Հովհաննես Օհանջանյանի պաշտոնավարությունը սահմանային ուղեկալի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում դադարեցնելը պետք է թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը:

Հովհաննես Օհանջանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20