Սասնա ծռերի գործով պաշտպանները հեռացան դատական նիստերի դահլիճից

Sasna Crer

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ մայիսի 16-ին տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստը:

Այս մասով քննվում են Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի և Սեդրակ Նազարյանի գործերը: Նախորդ դատական նիստում դատավոր Մակյանը որոշում էր կայացրել սանկցիա կիրառել՝ բոլոր ամբաստանյալներին հեռացնելով դատական նիստերի դահլիճից 10 ժամ ժամկետով, քանի որ նրանք ցուցադրաբար լքեցին դատական նիստերի դահլիճը:

Մակյանը հայտնեց, որ դատարանին գրություն էր ուղարկել ՀՀ ոստիկանության
Երևան քաղաքի վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանը հետևյալ բովանդակությամբ.

«Հայտնում եմ, որ մայիսի 16-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստից հետո «Սասնա ծռեր» խմբավորման համախոհները շրջափակեցին դատարանի բոլոր մուտքերը, թույլ չտալով ամբաստանյալներին տեղափոխել համապատասխան քրեակատարողական հիմնարկներ և միայն սույն թվականի մայիսի 19-ին ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառման շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել ապստամբների տեղափոխումը:

Նմանատիպ գործողություններ «Սասնա ծռեր» խմբավորման համախոհների կողմից իրականացվում է նաև ՀՀ գլխավոր դատախազության մոտ, որտեղ մուտքերի արգելափակումը խոչընդոտում է դատախազության աշխատակիցների մուտքն ու ելքը: Հաշվի առնելով վերոգրյալը Ոստիկանությունը մտավախություն ունի , որ կարող է տեղի ունենալ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի գ. ենթակետով սահմանված պարտականությունների կատարման խոչընդոտում (կալանքի վերցնելու, կալանավորված կամ ձերբակալված անձանց պահելու, ուղեկցելու մասին), որի ընթացքում  «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածների իրավական հիմքով ՀՀ ոստիկանությունը պարտավոր է կիրառել հատուկ միջոցներ և հրազեն, ինչը կհանգեցնի անդառնալի հետևանքների, ուստի միջնորդում եմ քննարկել քրեական գործով «Սասնա ծռեր խմբավորման կալանավորված անձանց առաջիկա նիստերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր չուղեկցելու հարցը»:

Մակյանի խոսքով` դատարանը այս գրությունը որպես միջնորդություն չի կարող դիտարկել հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոստիկանությունը քրեական գործով դատավարության մասնակից կամ կողմ չի հանդիսանում:

Նա կողմերին խնդրեց կարծիք հայտնել սույն գրության վերաբերյալ:

Պաշտպան Հարություն Բաղդասարյանը գտնում է, որ դատարանը պետք է պարտավորեցնի Ոստիկանությանը՝ ապահովել սույն գործով իրենց պաշտպանյալների ներկայությունը դատարանի դահլիճում:

Պաշտպանը միջնորդեց դատական նիստը հետաձգել, նկատի ունենալով այն հանգամանքը, որ իրենց պաշտպանյալները չեն գտնվում դատական դահլիճում:

Պաշտպան Արա Ղարագյոզյանը նշեց, որ ակտիվիստների կողմից դատարանի շենքի շրջափակումը քաղաքացիական անհնազանդություն է, որը կրում է խաղաղ բնույթ: Նա նույնպես միջնորդեց նիստը հետաձգել, քանի որ պաշտպանյալները չեն գտնվում դատարանում:

Մյուս պաշտպանները նույնպես միացան միջնորդությանը:

Մեղադրական կողմը նշեց, որ ավելորդ է համարում ոստիկանության կողմից գրություն ուղարկելը, քանի որ տղաներին ուղեկցելը և նրանց դահլիճ բերելը ոստիկանության պարտականությունն է:

Իսկ ինչ վերաբերվում է դատական նիստի հետաձգմանը, մեղադրական կողմը նշեց, որ դատարանը նրանց նկատմամբ կիրառել է դատական սանկցիա և նրանք հեռացված են նիստերի դահլիճից , հետևաբար նրանց մասնակցությունը պարտադիր չէ:

Դատավոր Մակյանն ասաց, որ նախորդ դատական նիստում կիրառվել է սանկցիա և նրանց դատարանի շենքում չգտնվելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ գործի քննությանը:

«Դատարանը գտնում է, որ գործի քննությունը չշարունակելու որևէ հիմք չկա, քանի որ այստեղ են գտնվում նրանց պաշտպանները և նրանց պաշտպանության իրավունքը երաշխավորված է»,- ասաց Մակյանը:

Պաշտպանները գտնում են որ դատական նիստը չի կարող շարունակվել, քանի որ իրենք չեն կարող առանց պաշտպանյալների ներկայության դիրքորոշում հայտնել, ինչպես նաև պաշտպանյալները չեն կարող հայտարարությամբ հանդես գալ այս կամ այն ապացույցները հետազոտելիս:

Դատարանը անփոփոխ թողեց իր որոշումը, որից հետո Հարություն Բաղդասարյանը, Հրանտ Գևորգյանը և Արա Ղարագյոզյանը ցուցադրաբար լքեցին նիստերի դահլիճը:

Դատարանը նրանց նկատմամբ կիրառեց սանկցիա նկատողություն և համապատասխան գրություն կուղարկի Փաստաբանների պալատ:

Spread the love