Սերժ Սարգսյանի իշխանության ամենակատարող կադրերից մեկը

Valeri Osipyan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: «Մտածեցի, որ հեղափոխությունից առաջ, մենք դուք ու Վալերի Օսիպյանը գտնվում էինք փշալարերի տարբեր կողմերում: Այս որոշումից հետո բոլորս պետք է նույն կողմում հայտնվենք»,- ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է Փաշինյանը:

Դրանից բացի՝ Փաշինյանը տեղեկացրել է, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելու է Արթուր Վանեցյանը, որը զբաղեցրել է ԱԱԾ Երևանի վարչության պետի տեղակալի պաշտոնը:

Հատկապես զարմացրեց Օսիպյանի նշանակումը, ինչը, թերևս, ամենաանհաջող կադրային որոշումը կարող էր լինել:

Ոչ մի քննադատության չի ենթարկվում Օսիպյանին նշանակելու Փաշինյանի մոտիվացիան: Այս տրամաբանության մեջ կարելի է մեծարել բոլոր օլիգարխներին, ընտրակեղծարարներին, որպեսզի «բոլորս նույն կողմում հայտնվենք»:

Վալերի Օսիպյանը եղել է Սերժ Սարգսյանի իշխանության ամենակատարող կադրերից մեկը, որը չի վարանել ձեռք բարձրացնել տասնյակ ցուցարարների, քաղաքացիական ակտիվիստների վրա, եթե այդպիսին է եղել իշխանության, Սերժ Սարգսյանի պատվերը: Նույնիսկ կարելի է պնդել, որ նոր ոստիկանապետը եղել է իշխանության ռեպրեսիաների հավաքական կերպարը: Բոլորն են հիշում, թե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Օսիպյանը ինչպիսի քստմնելի ձևերով էր նախագահական նստավայրը պաշտպանում ցուցարարներից` բռնություն գործադրելով անգամ կանանց նկատմամբ: Ցույցերից մեկի ժամանակ Օսիպյանը չվարանենց անգամ քաշքշել պատգամավոր Արամ Մանուկյանին, որին Երևանի փոխոստիկանապետի ենթակաները փորձում էին բերման ենթարկել:

Բոլորը հիշում են, որ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ հենց Վալերի Օսիպյանն էր համակարգում իշխանության մի քանի վարձկանների «բողոքի ցույցերը» Լևոն Տեր-Պետրոսյանի տան և գրասենյակի մոտ:

Փաստաբան Հրանտ Գևորգյանի խոսքերով՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի մեղադրանքը հիմնավորված է համարվում միայն գնդապետ Վալերի Օսիպյանի ցուցմունքի հատվածով, որտեղ վերջինս ասում է, թե տեսել է Պավել Մանուկյանին, զրուցել է նրա հետ, երբ նա զենք էր կրում:

Այս ցանկը կարող ենք ժամերով, նույնիսկ օրերով շարունակել, սակայն թերևս իմաստ չկա, որովհետև քաղաքականապես ակտիվ մեր հասարակությունը քաջածանոթ է Վալերի Օսիպյանի մարդկային որակներին, գիտի, որ նա եղել է Սերժ Սարգսյանի իշխանության հավատարիմ պահապանը, ինչի շնորհիվ 2014-ին, ըստ էության, անպատիժ մնաց դանակահարություն կատարած նրա եղբորորդին:

Ահա` այս մարդը նշանակվում է Հայաստանի ոստիկանապետ, ինչի հետևանքով թավշյա հեղափոխության առաջնորդն ակամայից լեգիտիմացնում է Սերժ Սարգսյանի կառավարման տասնյակում տեղի ունեցած ոստիկանական բռնությունները, որոնք գրեթե միշտ ղեկավարվել, ուղղորդվել են Օսիպյանի կողմից:

Կադրային այս նշանակումը, մեղմ ասած, խոցելի է նաև համակարգային կառավարելիության տեսանկյունից: Վալերի Օսիպյանը տեսակով կատարող է, չունի քաղաքացիական, մասնագիտական «Ես» և անհայտ է, թե խարիզմատիկ որակներ չունեցող այս մարդն ինչպես է ղեկավարելու ոստիկանության բարդ համակարգը` հատկապես խարիզմատիկ Վլադիմիր Գասպարյանից հետո:

Նիկոլ Փաշինյանի առաջին լուրջ կադրային որոշումը խիստ վիճահարույց էր քաղաքական, մասնագիտական առումներով և վստահ ենք` հիասթափեցրել է թավշյա հեղափոխության տասնյակ հազարավոր մասնակիցների:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20