Վաշինգտոնը պատրաստ է ըմբռնումով մոտենալ Հայաստանի շահերին

- in Հրապարակ
usa-spitak-tun

Խոսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորանքի քաղաքական կարևորության ու նշանակության մասին՝ թերևս ավելորդ է, առավել ևս աշխարհաքաղաքական ներկայիս ժամանակամիջոցում ու նույն ԱՄՆ նախագահի վերջին որոշումների ֆոնին:

Թրամփի շնորհավորանքը թերևս, ի թիվս տարբեր մեսիջների համախումբ լինելու, ազդակ է նաև, որ Վաշինգտոնը պատրաստ է ըմբռնումով մոտենալ Հայաստանի շահերին իր վերջին որոշման՝ Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու համատեքստում, որը կարող է ռիսկեր պարունակել հայ-իրանական հարաբերության համար:

Ընդհանրապես ավելորդ է խոսել հայ-ամերիկյան հարաբերության կարևորության մասին, և այդ տեսանկյունից ուշագրավ է, որ ԱՄՆ նախագահի շնորհավորանքը հաջորդում է Ռուսաստան՝ Սոչի կատարած Նիկոլ Փաշինյանի այցին և Պուտինի հետ հանդիպմանը ու վերջին այդ օրերին Ռուսաստանի ուղղությամբ մի շարք ռևերանսներին: Թրամփի շնորհավորանքը հուշում է, որ Նահանգներն այդ ամենը ընդունել է ըմբռնումով, և չկա խանդի որևէ տեսարան, պարզապես սպասում են նաև Հայաստանի նոր կառավարության նույնքան արդյունավետ և պատրաստակամ աշխատանքին հայ-ամերիկյան հարաբերության մասով:

Այդ իմաստով Նիկոլ Փաշինյանը ունի թերևս այս օրերին դեպի Ռուսաստան բավականին թեքած կամ ծռած բալանսը որոշակի վերականգնելու անհրաժեշտություն, և Թրամփի շնորհավորական ուղերձն այդ իմաստով «պարտավորեցնող» է: Առավել ևս, որ խոսքը նաև Մինսկի խմբի համանախագահ կարևոր պետության մասին է, որն առանցքային դեր ունի միջազգային ու ռեգիոնալ անվտանգության համակարգում:

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահի ուղերձն այդ իմաստով նաև հատկանշական պատասխան կարող է դիտվել Արցախում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, որոնք վերաբերում էին Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում բանակցային մանդատների հստակեցմանն ու Ացախի մանդատի լիարժեքության անհրաժեշտության շեշտադրմանը: Փաստացի, ԱՄՆ նախագահի ուղերձն այդ իմաստով չի պարունակում որևէ անհանգստություն, որ կարող էր հարուցել այդ դիրքորոշումը, ինչը նշանակում է, որ համանախագահ երեք երկրներից երկուսը դե ֆակտո ի գիտություն են ընդունել և միանգամայն հանգիստ վերաբերվել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ ի տարբերություն, օրինակ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարարի, որը դրանք համարել էր վտանգավոր:

Այդ իմաստով առայժմ պարզ չէ Ֆրանսիայի դիրքորոշումը, և Նիկոլ Փաշինյանը դեռևս չի ստացել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի շնորհավորական ուղերձը: Բայց Ֆրանսիան արդեն շնորհավորել է վարչապետի մակարդակով և հավաստիացրել, որ այսօր «առավել քան երբևէ Հայաստանի կողքին» է:

Նախօրեին տեղեկություն է տարածվել նաև, որ հունիսին Հայաստան կայցելեն ու նոր ղեկավարության հետ կհանդիպեն Մինսկի խմբի համանախագահները, որոնք մայիսի 15-ին հանդիպել էին Ադրբեջանի նախագահին: Մամեդյարովը այդ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Բաքուն սպասում է և պատրաստ է ակտիվ բանակցությունների:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի արցախյան հայտարարություններից հետո տաք հետքով Ադրբեջանի պաշտպանության նախարարի խոսքերը, թե պատրաստ են լայնածավալ ռազմական գործողությունների, արտաքին գործերի նախարարը սրբագրել է՝ թերևս հասկանալով իրավիճակի նրբությունն ու Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների աշխարհաքաղաքական լայնածավալ նշանակությունն ու արդեն փաստացի ճանաչումը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20