Վասիլի Շուկշին. «Միլ պարդոն, մադամ»

Hracan

Կիրակնօրյա ընթերցումներ.

Երբ քաղաքից գալիս են այդ կողմերը որսի և գյուղում հարցնում են, թե ով կարող է իրենց ուղեկցել, որսատեղեր ցույց տալ, նրանց ասում են.

— Հրեն, Բրոնկա Պուպկովը… Էդ գործի ուստեն։ Նրան որ տանեք, ուրախ կանցնի։— Ու ժպտում են մի տեսակ տարօրինակ։

Բրոնկա (Բրոնիսլավ) Պուպկովը դեռևս ուժեղ, բարեկազմ տղամարդ է, կապտաչ, ժպտերես, ոտից թեթև․․․ լեզվից էլ։ Հիսունն անց է, ռազմաճակատում եղել է, բայց խեղանդամված աջ ձեռքը՝ երկու մատը պոկած-տարած է, կռվից չէ. դեռևս պատանի, որսատեղում, ուզեցել է ջուր խմել (ձմռանը), սկսել է խզակոթով սառույցը ջարդել։ Հրացանը փողից է բռնած եղել, երկու մատը դրած փողին։ Բերդանի փակաղակը՝ պահպանակի վրա, իջել է, և մի մատը մի կողմ է թռել, մյուսը կախվել ձեռքից։ Բրոնկան ինքն է պոկել մատը։ Երկուսն էլ՝ ցուցամատն ու միջնամատը, տուն է բերել ու թաղել բոստանում։ Նույնիսկ այսպիսի խոսքեր է ասել.

— Թանկագին իմ մատներ, խաղաղ ննջեցեք մինչ պայծառ լուսաբաց։

Ուզեցել է խաչ տնկել, հայրը չի թողել։

Կյանքում ահագին սկանդալներ է ունեցել Բրոնկան, կռիվ-կոտորոցների մեջ եղել, նրան ծեծել են հաճախ ու կարգին, պառկել, խելքը գլուխն է եկել ու նորից սկսել իր խլացուցիչ մոտոպեդը («պեզիկը») հեծած գյուղամիջով սլանալ՝ ոչ մեկի վրա քեն չի պահել։ Հեշտ է ապրել։

Քաղաքից եկած որսորդներին Բրոնկան սպասում էր այնպես, ինչպես տոն օրն են սպասում։ Ու երբ գալիս էին, նա պատրաստ էր՝ թեկուզ մեկ շաբաթով, թեկուզ մեկ ամսով։ Տեղերն իր ութը մատի պես գիտեր, խելացի ու հաջողակ որսորդ էր։

Քաղաքացիներն օղի չէին խնայում, երբեմն փող էին տալիս, եթե չէին էլ տալիս, էլի ոչինչ։

— Քանի՞ օրով,— գործնական տոնով հարցնում էր Բրոնկան։

— Մի երկու-երեք։

— Ամեն բան տեղը տեղին կանենք, ոնց որ դեղատանը։ Կհանգստանաք, նյարդերդ կարգի կբերեք։

Երեք, չորս օրով, մեկ շաբաթով գնում էին։ Լավ էր անցնում։ Քաղաքացիք հարգալիր մարդիկ են, նրանց հետ կռվի բռնվել չէր լինում, նույնիսկ երբ խմում էին։ Սիրում էր նրանց համար ամեն տեսակի որսորդական պատմություններ անել։

Ամենավերջին օրը, հրաժեշտի իրիկնահացին, Բրոնկան անում էր իր գլխավոր պատմությունը։

Այդ օրվան նա սպասում էր մեծագույն անհամբերությամբ, հավաքում էր ամբողջ ուժերը․․․ Ու երբ հասնում էր այդ բաղձալի օրը, առավոտից սիրտը նվաղում էր քաղցրանուշ, և Բրոնկան լուռ էր մնում հանդիսավոր տեսքով։

— Ձեզ ի՞նչ է եղել,— հարցնում էին։

— Բան չկա,— պատասխանում էր նա։— Որտե՞ղ պիտի նստենք իրիկնահացի։ Ափի՞ն։

— Ափին էլ կարելի է։

… Իրիկնադեմին մի հանգիստ, լավ տեղ էին ընտրում գեղեցիկ, արագահոս գետի ափին, խարույկ վառում։ Մինչ կարմրաձկան ապուրը կեփեր, առաջին բաժակը խմում էին, զրույց անում։

Բրոնկան, ալյումինե բաժակով երկու հատ խմելուց հետո, ծխախոտ էր վառում…

— Ռազմաճակատում եղած կա՞ք,— հետաքրքրվում էր նա, կարծես իմիջիայլոց։ Քառասունն անց մարդիկ համարյա բոլորն էլ կռվել էին, բայց նա երիտասարդներին էլ էր հարցնում՝ պետք էր, որ պատմությունը սկսեր։

— Դա կռվի՞ց է մնացել,— իրենց հերթին, հարցնում էին նրան, նկատի ունենալով վիրավոր ձեռքը։

— Չէ։ Ռազմաճակատում սանիտար եմ եղել։ Հա… էսպես բանե՜ր․․․— Երկար ժամանակ նա լռում էր։— Հիտլերի վրա կատարված մահափորձի մասին լսած կա՞ք։

— Լսել ենք։

— էդ մեկը չէ։ Էն, որ հենց իր գեներալնե՞րն էին ուզում վերջը տալ։

— Հա։

— Չէ։ Ուրիշ մահափորձի։

— Էլ ո՞ր։ Ինչի՞, էլի է եղե՞լ։

— Եղել է,— Բրոնկան դեմ էր անում իր ալյումինե բաժակը։— Խնդրեմ, ածեք։— Խմում էր։— Եղել է, սիրելի ընկերներ, եղել է։ Քխա՜։ Գնդակը գլխից ա՛յ էսքանի վրա անցավ։— Բրոնկան ցույց էր տալիս ճկույթի ծայրը։

— Դա ե՞րբ է եղել։

— Հազարը ինը հարյուրը քառասուներեք թվականի հուլիսի քսանը հինգին։— Բրոնկան դարձյալ երկար ժամանակով լուռ էր, ասես վերհիշելով իր համար թանկագին ու հեռավոր, սեփական մի բան։

— Իսկ ո՞վ է կրակել։

Բրոնկան հարցը չէր լսում, ծխում, կրակին էր նայում։

— Իսկ մահափորձը որտե՞ղ է եղել։

Բրոնկան լռում էր։

Մարդիկ զարմացած միմյանց էին նայում։

— Ես եմ կրակել,— հանկարծ ասում էր նա։ Ասում էր ցածրաձայն, որոշ ժամանակ ևս նայում էր կրակին, ապա բարձրացնում աչքերը․․․ Ու նայում էր, կարծես ուզում էր ասել. «Զարմանալի է՞։ Ինձ համար էլ է զարմանալի»։ Եվ մի տեսակ տրտում ժպտում էր։

Սովորաբար բավական ժամանակ չէին խոսում, Բրոնկային էին նայում։ Նա ծխում էր, ձեռքի փայտիկով խարույկից դուրս ընկած ածխիկները ետ գցելով… Այ, հենց այդ պահն էլ ամենաթունդ պահն էր։ Կարծես մի բաժակ ամենամաքուր սպիրտ արյան մեջ էր ներծծվում։

— Լուրջ եք ասո՞ւմ։

— Իսկ ի՞նչ եք կարծում։ Ինչ է, չգիտե՞մ, թե պատմությունը կեղծելու համար ինչ են անում։ Գիտեմ։ Գիտեմ, սիրելի ընկերներ։

— Լա՜վ դե, դատարկ բան է…

— Իսկ որտե՞ղ եք կրակել։ Ինչպե՞ս։

— Բրաունինգից։ Այ, էսպես, մատս սեղմել եմ, ու՝ թրը՛խկ։— Բրոնկան նրանց էր նայում լրջորեն ու տրտում, որ այդքան կասկածոտ են մարդիկ։ Չէ որ արդեն չէր կատակում, ծաղրածուություն չէր անում։

Կասկածոտ մարդիկ շփոթվում էին։

— Իսկ ինչո՞ւ այդ մասին ոչ ոք չգիտե։

— Մի հարյուր տարի էլ կանցնի, այն ժամանակ էլ շատ բան խավարով ծածկված կլինի։ Հասկացա՞ք։ Թե չէ չգիտեք… Հենց դրա մեջ է ամբողջ ողբերգությունը, որ շատ հերոսներ մնում են մահուդի տակ։

— Կարծես թե սա շատ է նման․․․

— Համբերիր։ Ինչպե՞ս է եղել դա։

Բրոնկան գիտեր, որ մեկ է, կուզենան լսել։ Միշտ ուզեցել են։

— Էստեղ-էնտեղ պատմելու եք, չէ՞։

Կրկին՝ շփոթություն։

— Չենք պատմի․․․

— Ազնիվ կուսակցակա՞ն։

— Ասացինք՝ չէ։ Պատմեք։

— Չէ, ազնիվ կուսակցակա՞ն։ Թե չէ, չգիտեք մեր գյուղի ժողովուրդն ինչ տեսակ է… Բերանները կգցեն, ու…

— Ամեն բան կարգին կլինի։— Մարդիկ անհամբեր սպասում էին։— Պատմեք։

— Խնդրեմ, ածեք։— Բրոնկան կրկին դեմ էր անում բաժակը։ Բացարձակապես լուրջ էր լինում տեսքը։— Դա պատահեց, ինչպես արդեն ասացի, քառասունիրեք թվականի հուլիսի քսանը հինգին։ Քխա՛։ Մենք հարձակվում էինք։ Հարձակման ժամանակ սանիտարների գործը շատ է լինում։ Էդ օրը ես մի քսան մարդ քարշ տվի լազարեթ… Մի ծանր վիրավոր լեյտենանտ կար, բերեցի սենյակ… Իսկ էդտեղ մի գեներալ կար։ Գեներալ-մայոր էր։ Վերքը թեթև էր, ոտքին էր կպել, ծնկից վերև։ Վերքն էին կապում։ Գեներալը տեսավ ինձ ու ասեց.

— Սանիտար, դու սպասիր, չգնաս։

Է՛, մտածեցի, տեղ-մեղ պիտի գնա, ուզում է, որ օգնեմ իրեն։ Սպասեցի։ Գեներալների հետ կյանքն ավելի հետաքրքիր է՝ ամբողջ իրադրությունը միանգամից ոնց որ բռիդ մեջ։

Մարդիկ ուշադրությամբ լսում էին։ Կրակն ուրախ-ուրախ ճարճատում էր, փստփստում, մթնշաղն անտառից իջնում, սահում էր ջրի վրա, բայց գետի մեջտեղը, ամենաարագահոս տեղը, դեռևս փայլփլում էր, շողշողում, կարծես մի հսկայական, երկարուկ ձուկ լողում էր գետի մեջտեղով, մթնշաղի մեջ խաղացնելով իր արծաթափայլ իրանը։

— Է՛, գեներալիս վիրակապեցին․․․ Բժիշկը, թե՝ «Ձեզ պետք է պառկել»։ «Գնա բանիդ»,— պատասխանեց գեներալը։ Էդ մենք էինք, որ բժիշկներից վախենում էինք էն ժամանակ, գեներալները՝ իսկի էլ չէ։ Գեներալի հետ նստեցինք մեքենա, ինչ-որ տեղ ենք գնում։ Գեներալն ինձ հարցուփորձ արեց՝ որտե՛ղ եմ ծնվել։ Որտե՛ղ եմ աշխատել։ Քանի՛ դասարան եմ սովորել։ Մանրամասն ամեն ինչ պատմեցի, ծննդավայրս այսինչ տեղը (էստեղ եմ ծնվել), աշխատել եմ կոլխոզում, բայց ավելի շատ որսորդություն եմ արել։ «Դա լավ է,— ասաց գեներալը։— Լավ կրակո՞ւմ ես»։ Հա, ասեցի, իզուր տեղը որ գլուխս չգովեմ, հիսուն քայլի վրա մոմը կհանգցնեմ հրացանով։ Ինչ վերաբերում է դպրոցին, ասեցի, որ էնքան էլ չկամ՝ փոքր ժամանակից հայրս իր հետ քաշ էր տալիս տայգաները։ Ոչինչ, ասեց, էնտեղ բարձրագույն կրթության կարիքը չկա։ Իսկ եթե, ասեց, մի վնասակար մոմ կա, որը համաշխարհային հրդեհն է վառել, էդ մոմը եթե հանգցնես, հայրենիքը քեզ չի մոռանա։ Էսպես հեռվից խոսացնել էր տալիս։ Հասկացա՞ք… Բայց ես դեռ գլխի չէի ընկնում։

Հասանք մի մեծ գետնափոր։ Գեներալը բոլորին հանեց դուրս, իսկ ինձ անընդհատ հարցուփորձ էր անում։ Հարցրեց, թե արտասահմանում բարեկամներ չունե՞մ։ Որտեղի՜ց, ասացի։ Յոթը պորտով սիբիրցի։ Մերոնք կազակներից են գալիս, էստեղից մի քիչ հեռու Բիյ-Կատունսկի բերդն իրենք են սարքել։ Դեռ Պյոտր թագավորի Ժամանակվանից։ Նրանցից էլ, որ ասեմ, համարյա ամբողջ գյուղը…

— Իսկ որտեղի՞ց է ձեր անունը՝ Բրոնիսլավ։

— Խմած ժամանակ տերտերն է դրել։ Էդ բբռեճ հայվանին դրա համար մի հատ լավ հասցրի, երբ որ երեսուներեք թվականին տանում էի ԳԷՊԷՈՒ․․․

— Որտե՞ղ։ Ուր էիր տանո՞ւմ։

— Քաղաք՝ ո՞ւր։ Դրան որ բռնեցինք, տանող չկար։ Ասին, Բրոնկա, վրեն ատամ ունես, արի, դու տար։

— Իսկ ինչո՞ւ, լավ անուն է, չէ։

— Էդ տեսակ անունին հարմար ազգանուն է պետք։ Իսկ իմը՝ Բրոնիսլավ Պուպկով։ Բանակում հենց ներկա-բացակա կանեին, ծիծաղը կսկսվեր։ Բայց մի Վանկա Պուպկով ունենք՝ հեչ վեջը չի։

— Հա, իսկ հետո՞ ինչ եղավ։

— Ուրեմն, հետո։ Որտեղ կանգնեցի՞նք։

— Գեներալը հարցուփորձ էր անում։

— Հա։ Է՛, ամեն բանից հարցրեց, հետո, թե՝ «Կուսակցությունը և կառավարությունը մի շատ պատասխանատու առաջադրանք են տալիս քեզ, ընկեր Պուպկով։ Այստեղ, առաջավոր գիծ է եկել Հիտլերը։ Գաղտնի կերպով։ Նրա վերջը տալու շանս ունենք։ Մի սրիկա ենք բռնել, ասեց, որը մեզ մոտ էր ուղարկված հատուկ առաջադրանքով։ Առաջադրանքը կատարել պրծել է, բայց բռնվել։ Իսկ նա այստեղով պիտի անցներ ռազմաճակատի գիծն ու շատ կարևոր փաստաթղթեր հանձներ նրան՝ Հիտլերին։ Անձամբ։ Իսկ Հիտլերն ու նրա գյադա-գյուդեքն էդ մարդուն դեմքով ճանաչում են»։

— Իսկ դո՞ւք ինչ։

— Վռազողի մերը տղա չի բերի։ Խնդրեմ, ածեք։ Քխա՛։ Բացատրեմ, կիսած խնձորի պես ես նման էի էդ սրիկային։ Է՛, ախպորս ասեմ, հո կյանք չսկսվե՜ց։— Բրոնկան անձնատուր է լինում հիշողություններին այնպիսի քաղցր սիրով, այնպիսի մի ծածուկ մոլեգնությամբ, որ ունկնդիրները նույնպես հաճելի, բացառիկ զգացում են ապրում ակամա։ Ժպտում են։ Ինչ-որ մեղմ զմայլանք է առաջանում։— Հենց հոսպիտալին կից մի սենյակ տվեցին, երկու հանձնակատար էլ հետը․․․ Մեկը ավագի կոչում ուներ, իսկ ես՝ շարքային։ Դե, քեզ տեսնեմ, ընկեր ավագ, ասում եմ, մի հատ սապոգներս տաս։ Տալիս է։ Հրաման է, ինչ կարաս, ինչ անես, լսում է։ Իսկ ինձ էդ ընթացքում նախապատրաստում են։ Ուսուցում եմ անցնում․․․

— Ի՞նչ ուսուցում։

— Հատուկ։ Դրա մասին առայժմ ծավալվել չեմ կարող, ստորագրություն եմ տվել։ Հիսուն տարի որ անցավ՝ կարելի է։ Անցել է ընդամենը…— Բրոնկան շրթունքներն է շարժում՝ հաշվում է։— Քսանը հինգ տարի։ Բայց դա մի կողմ։ Կյանք եմ ասել, է՜։ Առավոտը վեր եմ կենում՝ նախաճաշ․ առաջինով, երկրորդով, երրորդով։ Հանձնակատարը թե որ քոսոտ պորտվեյնից-բանից բերեր, մի՛ հատ հո չէի հասցնի… Արդեն սպիրտ կբերեր, հոսպիտալում էլ լիքը սպիրտ։ Ինքս կբացեի ուզածիս չափ,, պորտվեյնը կտայի իրան: Էսպես մի շաբաթ անցավ։ Մտածում եմ, թե էս ինչքա՞ն պիտի շարունակվի։ Է՛, վերջը, գեներալը կանչեց, «Հը՞, ընկեր Պուպկով»։ Ասացի՝ պատրաստ եմ առաջադրանքը կատարել։ Դե, գնա, ասեց։ Աստված քեզ հետ, ասեց։ Սովետական Միության հերոս դարձած ետ գաս։ Մենակ թե չվրիպես։ Ասեցի՝ ուրեմն ժողովրդի ամենավերջին դավաճանն ու սրիկան լինեմ, թե որ վրիպեմ։ Կամ կպառկեմ Հիտլերի կողքին, ասեցի, կամ դուք կփրկեք Սովետական Միության հերոս Բրոնիսլավ Իվանովիչ Պուպկովին։ Էն էլ ասեմ, որ մերոնք մի հսկայական հարձակում պիտի սկսեին։ Այ էսպես, կողքերից հետևակը պիտի գնար, առաջից էլ ճակատային հզոր հարված, տանկերով։

Բրոնկայի աչքերը վառվում են, փայլփլում չոր ածխիկների պես։ Նույնիսկ ալյումինե բաժակը դեմ չի անում՝ մոռացել է։ Կրակի ցոլքերը թրթռում են նրա չորչորուկ, կանոնավոր դեմքին՝ նա գեղեցիկ է ու նյարդային։

— Սիրելի ընկերներ, ես ձեզ չեմ պատմի, թե ինչպես ինձ անցկացրին ճակատային գծից ու ինչպես ընկա Հիտլերի բունկերը։ Բայց ընկա՜։— Բրոնկան ոտքի է ելնում։— Ընկա՜․․․ Վերջին աստիճանից էլ իջա ու հայտնվեցի մի մեծ երկաթբետոնի սրահում։ Էլեկտրական ուժեղ լույս էր վառվում, լիքը գեներալ… Շատ արագ կողմնորոշվեցի՝ Հիտլերն ո՞ւր է։— Բրոնկան ամբողջովին լարված է, նրա ձայնը խզվում է, մեկ դառնում սուլոցով լի շշնջոց, մեկ ճղճղում անդուր ու տանջալի։ Նա ընդհատ-ընդհատ է խոսում, հաճախ դադար տալիս, խոսքը կտրում է, թուքը կուլ տալիս…

— Սիրտս այ էսպես… բերանիցս դուրս էր գալիս։ Ո՞ւր է Հիտլերը։ Շատ մանրամասն ուսումնասիրել էի նրա աղվեսի մռութն ու նախօրոք որոշել, թե որտեղին պիտի կրակեմ՝ բեղերին։ Ձեռքով արեցի, «Հա՛յլ Հիտլեր»։ Ձեռքիս մի մեծ ծրար կար, ծրարի մեջ՝ բրաունինգը, լցրած պատռվող, թունավորված փամփուշտներով։ Մի գեներալ մոտեցավ, ձեռքը մեկնեց, իբր, ծրարը տուր։ Ես շատ քաղաքավարի ձեռքով արեցի՝ միլ պարդոն, մադամ, մենակ ֆյուրերին։ Մաքուր գերմաներենով ասացի՝ ֆիյո՜ւռէր։— Բրոնկան մի կում արեց։— Ու էստեղ․․․ Նա ներս մտավ։ Ոնց որ հոսանքը խփեց ինձ․․․ Հիշեցի իմ հեռավոր հայրենիքը․․․ Մորս ու հորս․․․ Էն ժամանակ դեռ, կին երեխա չունեի․․․― Բրոնկան որոշ ժամանակ լուռ է, պատրաստ է լաց լինել, ոռնալ, շապիկը պատռել․․․― Գիտեք, պատահում է՝ ամբողջ կյանքդ աչքիդ առաջ անցնում է․․․ Արջի հետ դեմառդեմ գալուց էլ է էդպես։ Քխա՜․․․ Չեմ կարող։— Բրոնկան արտասվում է։

— Հետո՞,— կամացուկ հարցնում է ինչ-որ մեկը։

— Նա եկավ իմ կողմը։ Բոլոր գեներալները «զգաստ» կանգնած են․․․ Նա ժպտում էր։ Ու էստեղ ես պատռեցի, ծրարը․․․ Ծիծաղում ես, հա՜, սրիկա։ Ուրեմն, ստացի՜ր մեր տառապանքների փոխարեն… Մեր վերքերի փոխարեն։ Սովետական մարդկանց թափած արյա՜ն փոխարեն… Ավերված քաղաքների ու գյուղերի՜ փոխարեն։ Մեր մայրերի ու կանանց արցունքների փոխարեն…— Բրոնկան բղավում է, ձեռքը պարզած, ասես կրակում է։ Բոլորն իրենց վատ են զգում։— Ծիծաղում էիր, հա՞՜ հիմի էլ լող տուր սեփական արյանդ մեջ, իժի՜ ծնունդ— Սա արդեն աղեկտուր բղավոց է։ Ապա՝ քար լռություն… Եվ փութկոտ, համարյա անմբռնելի շշնջոց.— ես կրակեցի…— Բրոնկայի գլուխն ընկնում է կրձքին, նա երկար ժամանակ լուռ արտասվում է, բացել է ատամները, կրճտացնում է, գլուխը թափահարում անսփոփ։ Բարձրացնում է գլուխը՝ դեմքն արցունքի մեջ կորած։ Ու դարձյալ կամացուկ, սարսափահար ասում է.

— Վրիպեցի։

Բոլորը լուռ են։ Բրոնկայի վիճակն այնպես ուժեղ ազդեցություն է գործում ու զարմացնում, որ ինչ էլ ասես, վատ կլինի։

— Խնդրեմ, ածեք,— ցածրաձայն, պահանջելով ասում է Բրոնկան։ Խմում է ու գնում գետի կողմը։ Ու երկար ժամանակ նստում է ափին, մենակ, ապրած հուզմունքից ուժասպառ։ Հոգոց է հանում, հազում։ Հրաժարվում է ձկնապուրից։

…Գյուղում սովորաբար իմանում են, որ Բրոնկան նորից պաամել է «մահափորձի» մասին։

Բրոնկան տուն է գալիս մռայլված, պատրաստ վիրավորանք ընդունել, ինքն էլ վիրավորել։ Նրա տգեղ, հաստաշուրթ կինը իսկույն վրա է տալիս.

— Էլի ի՞նչ ես ծեծած շան նման քարշ գալիս։ Էլի՞՜․․․

— Ռադդ քաշի՜…— ծուլորեն պատասխանում է Բրոնկան։— Ուտելու բան տուր։

— Քեզ ուտելու բան պետք չի տալ, պետք չի, գլուխդ ա պետք փշրել էս ձեռիս կշեռքով,— բղավում է կինը։— Մարդկանց երեսին նայե՜լ չի լինում։

— Ուրեմն, վեր ընկի տանը, մի զվռնի։

— Չէ հմի պիտի գնամ… հմի գնամ գյուղսովետ, թող քեզ մի հատ էլ կանչեն, ախմախի մեկը։ Ախր մի օր քեզ կդատեն, անմատ անասուն։ Պատմությունը կեղծելու համար…

— Իրավունք չունեն, տպագիր աշխատանք չի։ Հասկացա՞ր։ Ուտելու բան տուր։

— Ծիծաղում են, է՜, երեսներիս են թքում, սա էլ, թե… անձրև ա գալիս։ Անլվա այլանդակ, անտառի գազան… Բա դու խիղճ չունե՞ս։ Թե՞ էնքան են ասել, որ էլ բան չի մնացել։ Թյո՛ւ, էդ անամոթ երեսիդ։ Փչան…

Բրոնկան կնոջ վրա է հառում խիստ ու չարացած հայացքը։ Ասում է ցածրաձայն, բայց ազդու.

— Միլ պարդոն, մադամ… Ախր մի հատ որ տվել եմ…

Կինը շրխկացնում է դուռը, տնից գնում՝ բողոքելու իր «անտառի գազանի» վրա։

Զուր տեղն էր ասում, թե Բրոնկայի համար միևնույնն է։ Ոչ։ Նա շատ էր ազդվում, տանջվում, չարանում… Ու մի երկու օր խմում էր, առանց տնից դուրս գալու։ Խանութից օղի բերելու համար տղային էր ուղարկում։

— Ինչ-որ ասեն, բանի տեղ չդնես,— մեղավոր ու չարացած ասում էր որդուն։— Շիշն առ ու տուն արի։

Իրոք, մի քանի անգամ նրան կանչել էին գյուղսովետ, ամոթանք տվել, սպառնացել միջոցներ ձեռք առնել․․․ Բրոնկան, որ խմած չէր լինում, նախագահի աչքերին չնայելով, ասում էր բարկացած, անորոշ.

― Դե, լավ, հա՜… Վե՜րջ տուր, դե։ Հետո՞․․․ Գո՜րծ են գտել․․․

Հետո խանութում «շիշը» խմում էր, մի քիչ նստում շեմին, որ «բռնի», վեր էր կենում, թևքերը քշտում ու բարձրաձայն հայտարարում.

— Դե՞, խնդրեմ․․․ Բան ասող կա՞։ Մի թեթև որ այլանդակեմ, կխնդրեմ չնեղանաք։ Միլ պարդոն․․․

Բայց, իսկապես, հազվագյուտ հրաձիգ էր։

Spread the love