Վերջին դասն արգելելու ապատեղեկատվությունը տարածող տնօրեններին կարձագանքենք

- in Կրթություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 21-ին նախարարությունում կայացած խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ որոշ դպրոցների տնօրեններ ապատեղեկատվություն են տարածում ծնողների և աշակերտների շրջանում՝ «իբրև թե նախարարությունն արգելել է Վերջին դասի արարողությունը»:

Նախարարը կոչ է արել զերծ մնալ նման ապատեղեկատվության տարածումից, այլապես դրան կտրվի համարժեք արձագանք: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցի շուրջ ստեղծված խնդրին։ Հարությունյանը ևս մեկ անգամ ընդգծել է նախարարության տեսակետը՝ տվյալ գյուղի դպրոցի փակման անթույլատրելիության վերաբերյալ և հանձնարարել միջոցներ ձեռնարկել՝ համապատասխան իրավական հիմքեր ապահովելու համար:

ՀՀ կառավարության 2017 թվականի որոշմամբ նախատեսվում էր դպրոցը միացնել Կոտայքի մարզի Արտավազի միջնակարգ դպրոցին: Հետագայում ՀՀ կառավարությունը երկարաձգել էր միավորման ժամկետը՝ այն տեղափոխելով մինչև 2018 թվականի հունիսի 1-ը:

Քննարկվել են տարկետման, մագիստրոսական և ասպիրանտական տեղերի, հիմնադրամների գործունեության, ինչպես նաև գնումների որոշակի ընթացակարգերի վերաբերյալ խնդիրներ: Անդրադարձ է կատարվել նաև ներառական կրթության, միջնաժամկետ ծախսային ծրագրերի, դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևի և ընթացիկ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հարցերին:

Spread the love