Վիգեն Սարգսյանը` ՀՀԿ նոր նախագահի թեկնածու

Vigen Sargsyan

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի՝ մայիսի 9-ի մամուլի ասուլիսի ընթացքում հնչած ամենաբազմազան հարցերի շարքում բացակայել է թերևս կարևորներից մեկը՝ նրա հետագա կուսակցական դերակատարումը և ընդհանրապես պատկերացումներն այն քաղաքական ուժի կամ թիմի հետագայի մասին, որ ներկայացնում է Սարգսյանը:

Առավել ևս, որ ասուլիսի ընթացքում խոսելով թե՛ տեղի ունեցած կամ ունեցող իշխանափոխության, թե՛ ՀՀԿ հետագա դիրքավորման մասին, թե՛ նոր կառավարությունում տեղի չհավակնելու իր անձնական որոշման մասին՝ անկախ առաջարկներից, Վիգեն Սարգսյանը պարբերաբար ընդգծել է քաղաքական թիմի գործոնը:

Իսկ ինչպե՞ս է տեսնում իր քաղաքական թիմի ապագան Վիգեն Սարգսյանը, որը ՀՀԿ ԳՄ անդամ է, անդամակցել է կուսակցությանը 2016-ի նոյեմբերին, հայտնի իրադարձություններից հետո: Առավել ևս, որ Սերժ Սարգսյանն էլ ապրիլի 26-ին դրել է կուսակցության նախագահի փոփոխություն քննարկելու հարցը:

Բանն այն է, որ Վիգեն Սարգսյանը, համենայն դեպս, ներկայիս դասավորության պայմաններում կարող է դիտարկվել ՀՀԿ նոր նախագահի թեկնածու, եթե իհարկե տեսնում է իր քաղաքական ապագան հենց ՀՀԿ շրջանակում: Մյուս կողմից, դա պետք է ենթադրի թերևս ՀՀԿ արմատական վերափոխում, այլապես Վիգեն Սարգսյանը պատկերացնում է թերևս, թե ինչպիսի հասարակական ընկալում է սպասվում իրեն ներայիս ՀՀԿ պատկերով ու նմանությամբ կուսակցության նախագահի պաշտոնում: Իհարկե, Սարգսյանը կարող է և հայտարարել դրան չհավակնելու, այդպիսի մտադրության բացակայության մասին: Բայց բոլոր դեպքերում դա չի հանում հարցը, թե նա ինչպես է տեսնում սեփական կուսակցության ապագան որևէ կոնֆիգուրացիայի պարագայում: Մինչդեռ, խոշոր հաշվով, պաշտպանության նախարարությունից հեռանալուց հինգ րոպե պակաս գտնվող գործչի մասով առավել հետաքրքիր ու արդիական է հենց դա, որևէ պարագայում, այդ թվում՝ այն քաղաքական պատասխանատվության, որ ենթադրվում է նախարարի պաշտոնում:

Վերջին հաշվով, համենայնդեպս, քանի դեռ ՀՀԿ-ն խորհրդարանի դե յուրե մեծամասնությունն է, կուսակցության ներսում առկա հնարավոր վերափոխումները ունեն համապետական քաղաքական նշանակություն, իսկ Վիգեն Սարգսյանն այս դեպքում այլևս գործիչ է, որը մեկուկես տարի զբաղեցրել է Հայաստանի կարևորագույն պաշտոններից մեկը և, ըստ այդմ, կամա թե ակամա, հանդիսանում է առանցքային կալիբր, և հետևաբար խնդիրն այն է, թե ինչ տեղ և դեր է ունենալու այդ կալիբրը նոր իրավիճակում:

Spread the love