Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը հանդիպել է հօգուտ Սամվել Բաբայանի բողոքող ակտիվիստների հետ

- in Իրավունք
Samvel Babayan

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը մայիսի 18-ին հանդիպեց բողոքի ակցիա կազմակերպած քաղաքացիների հետ: Ակտիվիստները պահանջում են հնարավորինս սեղմ ժամկետում ընդունել վարույթ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործով բողոքը:

«Սամվել Բաբայանի գործը մեկ ամիս առաջ ներկայացվել է Վճռաբեկ դատարան, որպեսզի նրա մեղադրանքը բեկանվի և արդարացում լինի: Մենք գիտենք, որ սահմանված է եռամսյա ժամկետ, որի ընթացքում Վճռաբեկ դատարանը կարող է ընդունել հայցը վարույթ, բայց կարող է նաև չընդունել: Մեր պահանջը այն է, որ հնարավորինս սեղմ ժամկետով ընդունվի վարույթ և արդարացում լինի», -նշեց վերլուծաբան Անդրանիկ Թևանյանը:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը նշեց, որ հստակ ժամկետ չեն կարող սահմանել, որովհետև դա կախված է գործի բարդությունից: Նրա խոսքով` սույն գործով բողոքը մուտքագրվել է սույն թվականի ապրիլի 17-ին և եռամսյա ժամկետում որոշում պետք է կայացվի:

«Ցանկացած գործով պատասխանը լինելու է գործող օրենսդրության շրջանակներում: Քանի դեռ մենք որոշում չենք կայացրել, ուրեմն մենք պատրաստ չենք հանգել համապատասխան հետևության: Անլուրջ է լինելու, եթե որևէ պաշտոնյա ասի, որ այս կամ բողոքի վերաբերյալ պատասխան կտա 5 օրում, 10 կամ 20 օրում»,- ասաց Ավետիսյանը և հավելեց, որ ճնշում իր վրա որևէ մեկը չի գործադրել և չի կարող գործադրել:

Նա նաև ներկայացրեց նախորդ տարվա վիճակագրությունը դատապարտյալների արդարացումների հետ կապված: «2017 թվականին 180 անձի նկատմամբ կայացվել են արդարացման դատական ակտեր, ինչը կազմում է շուրջ 5 տոկոս դատապարտված անձանց: 10 տարի առաջ Հայաստանում արդարացված անձանց թիվը եղել է 25` 0.7 տոկոս»,- ընդգծեց նա:

Անդրանիկ Թևանյանը նշեց, որ յուրաքանչյուր աշխատանքային օր գալու են և տեղեկանան, թե գործը ինչ փուլում է և հաջորդ ակցիան լինելու է մայիսի 21-ին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20