Տարոն Մարգարյանը հիմա աշխատելու է` վարչապետի հորդորին սպասելով

- in Պնակալեզներ
Taron Margaryan

Երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Երբ ես նման հորդոր հնչեցնեմ, Տարոն Մարգարյանը կհետևի այդ հորդորին»:

Վարչապետի հայտարարությունը բավականին բազմաշերտ է և որոշակի հետևությունների տեղիք է տալիս, մանավանդ, որ Տարոն Մարգարյանը ՀՀԿ թերևս միակ պաշտոնյան է, որը իր հրաժարականը պահանջողների դեմ հակացույցեր կազմակերպեց:

Փաշինյանը երեկ, ըստ էության, հասկացրեց, որ ինքը կանգնած չէ Մարգարյանի հրաժարականն այս օրերին պահանջողների թիկունքումանթաքույց ակնարկելով, որ եթե ինքը լիներ հրաժարական պահանջողը, Մարգարյանը վաղուց հեռացած կլիներ: Մյուս կողմից եթե Նիկոլ Փաշինյանն այս պահին հրաժարականի հորդոր չի ներկայացնում Տարոն Մարգարյանին, ուրեմն` այդ հարցն առնվազն հիմա ժամանակավրեպ է համարում:

Սակայն ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այդքան վստահ, որ իր հորդորով Տարոն Մարգարյանը հրաժարական է տալու: Արդյո՞ք վարչապետը համարում է, թե իր հիմնական ռեսուրսը` հանրային վստահության մեծ պաշարը, այն հզոր ալիքն է, որի ուժին չի կարող դիմանալ որևէ պատնեշ, թե՞ կարծում է, որ Սերժ Սարգսյանի կապիտուլյացիայից հետո նույնիսկ անիմաստ է խոսել որևէ հանրապետականի անգամ դիմադրության մասին:

Իհարկե, գործ ունենք նաև իներցիայի մարող տրամաբանության հետ: Տարոն Մարգարյանին նույնիսկ հրաժարականի հորդոր պետք չէ, որովհետև մայիսի 8-ից հետո նրա պաշտոնավարումն իներցիոն է և յուրաքանչյուր րոպեի կարող է ընդհատվել: Տարոն Մարգարյանը բոլորից լավ է հասկանում, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք նույնիսկ` քաղաքապետ է դարձել ոչ թե իր շնորհների, այլ քաղաքականության հետ չասոցացվող հանգամանքների շնորհիվ: Հետհեղափոխական Հայաստանում քաղաքականության տարածքն էապես ընդարձակվել է, ինչը գործնականում հնարավոր չի դարձնում Մարգարյանի պաշտոնավարումը նման պատասխանատու և լուրջ պաշտոնում, եթե նա նույնիսկ հավատարմության հրապարակային երդում տա նոր իշխանությանը:

Մյուս կողմիցշատ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանի երեկվա ինքնավստահությունը ոչ թե քաաղաքական ուժի ցուցադրություն է, այլ հիմնված է մեզ դեռևս անհայտ կոնկրետ փաստերի, հանգամանքների, իրողությունների վրա: Օրինակ, շատ հնարավոր է Տարոն Մարգարյանի իշխանավարումը «օպտիմալացվի», այլ խոսքով` Նիկոլ Փաշինյանի հորդորով նա հրաժարական տա, որովհետև հանդիսանում է, Ենթադրենք, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի խոստացած սկանդալային կոռուպցիոն բացահայտումների «հերոսներից» մեկը: Մենք, իհարկե, հարգում ենք անմեղության կանխավարկածը, սակայն չենք մոռանում նաև, որ Երևանի գործող քաղաքապետը ամենաարագ հարստացած պաշտոնյաներից մեկն է:

Ամեն դեպքում` Տարոն Մարգարյանը հիմա աշխատելու է վարչապետի հորդորին սպասելով: Նա, կարծես թե, զրկված է այլընտրանքից և առավելագույնը կարող է մի փոքր հետաձգել հորդորի պահը:

Spread the love