Տարոն Մարգարյանը հրաժարական չի տալո՞ւ

- in Պաշտոնական
Taron Margaryan

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Մյասնիկյանի արձանի հետևում գտնվող այգու բարեկարգման ծրագրի համաձայն՝ մի քանի անգամ ավելի ծառեր են տնկվելու հատված ծառերի փոխարեն:

Տարոն Մարգարյանը վստահեցնում է, որ մայրաքաղաքի 2800-ամյակին նվիրված այգու տարածքում բարեկարգումից հետո որևէ սրճարան և ռեստորան չի լինելու. այն պատկանելու է երևանցիներին:

Երևանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանն ընդգծեց, որ այդ այգին երկար տարիների տրված է եղել վարձակալության, որից հետո վարձակալն այն վերադարձրել է Երևանին, իսկ Վարդանյանների ընտանիքը ստանձնել է այգին բարեկարգելու աշխատանքները:

«Բարեկարգման աշխատանքներն արդեն երեք ամիս ընթանում են: Այգին որևէ առևտրային, սրճարանային տարածք չի լինելու, այն լինելու է համայնքինը, իսկ ինչ վերաբերում է ծառերի հատմանը, Վարդանյանների ընտանիքն իր ծրագրում կանաչ տարածքի ավելացում ունի: Եթե իրականում որոշ քանակի ծառեր են կտրվել, համոզված եղեք՝ մի քանի անգամ ավել ծառեր են տնկվելու: Երբ այսօր Վարդանյանների ընտանիքը մամուլով կներկայացնի այդ ծրագիրը, այդ ժամանակ մենք պատրաստ ենք մյուս հարցերին պատասխանել», նշեց Մարգարյանը:

Նա անդրադարձավ նաև մայիսի 16-ին Երևանի քաղաքապետարանի առջև տեղի ունեցած բողոքի ակցիային, որի ընթացքում ակցիայի մասնակիցները ներխուժել են քաղաքապետարանի շենք:

«Ես դատապարտում եմ այդ գործողությունները: Հստակ երևում է, որ օրենքի խախտում է եղել, նրանք ներխուժել են քաղաքապետարանի շենք և փորձել են քաղաքապետարանի բնականոն աշխատանքը խանգարել: Ես կոչ եմ անում մեր իրավապահ մարմիններին, որ զբաղվեն այս հարցով: Մենք որպես տեղական ինքնակառավարման մարմին անկախ ենք և իրականացնում ենք մեր ծրագրերը, նման անօրինականությունները մենք չենք հանդուրժի»,- ասաց Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով իր հրաժարականի պահանջին՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ աշխարհում ընդունված չէ, երբ մի քաղաքական ուժ գալիս է իշխանության, փորձի ճնշել ընտրովի տեղական ինքնակառավարման մարմիններին: Նա ասել է, որ հրաժարական չի տալու:

Spread the love