Տարոն Մարգարյանին մղելով դիմադրության, ՀՀԿ-ն նրան վերածում է թիրախի

Taron Margaryan

Այսօր քաղաքացիները մտել են Մյասնիկյանի այգի, որտեղ Երեւանի քաղաքապետարանի թույլտվությամբ հատվել են տասնյակ ծառեր, այնուհետեւ ներխուժել Երեւանի քաղաքապետարան եւ պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Նրանք հայտարարում են, որ չեն հեռանալու շենքից: 

Տարոն Մարգարյանը խոսել է ոստիկանապետի հետ եւ պահանջել ապահովել քաղաքապետարանի բնականոն գործունեությունը: Բացի այդ, քաղաքապետարանում հավաքվել է Տարոնի աջակիցների խումբ, ովքեր փակել են քաղաքապետարանի մուտքը եւ նրան աջակցող հայտարարություններ են անում:

Տարոնը դիմադրում է, մոբիլիզացնելով իր աջակիցներին: Նա վերջին օրերին հղում է անում օրենքին, նշելով նաեւ քաղաքապետի ընտրովի պաշտոն լինելը:

Իրավիճակը նման է խորհրդարանին, որտեղ ՀՀԿ-ն մեծամասնություն ունի, բայց որտեղ ՀՀԿ-ն ժողովրդական ալիքին հղում անելով զիջեց ու աջակցեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելուն: Երեւանի քաղաքապետարանում եւս ՀՀԿ-ն մեծամասնություն է:

Հասկանալի է, որ Տարոն Մարգարյանն ու նրա աջակիցները պաշտպանում են կոռուպցիայի իրենց «իրավունքը»: Դատելով նրանց լեգալ հայտարարագրերից ու քաղաքապետարանի գնումների պայմանագրերին նրանց առնչություններից, որեւէ կասկած դրանում չի մնում:

Տարոնն այս տարիներին աճել է ՀՀԿ-ական համակարգում եւ լուրջ դիրքեր ձեռք բերել, այդ թվում «օբշակում» իր բաժնով, դառնալով համակարգի կարկառուն ներկայացուցիչներից մեկը:

Չի բացառվում, որ ՀՀԿ-ն, զիջելով գործադիր իշխանությունը, փորձում է պահել Երեւանի կառավարումը, որն ահռելի ֆինանսական ու վարչական ռեսուրս է եւ կարող է պետք գալ արտահերթ ընտրությանը:

Մյուս կողմից, Տարոն Մարգարյանի համար դժվար է լինելու շարունակել կոռուպցիոն գործունեությունը, որն ապահովում է այդ ռեսուրսը: Այս ֆոնին, նրան մղելով դիմադրության, ՀՀԿ-ն նրան վերածում է թիրախի, եւ չի բացառվում, որ այդպիսով փորձում է ազատվել նրանից:

Իրավիճակն այնպիսին է, որ եթե հանրությունը շարունակի իր պահանջների բավարարումը թավշյա հեղափոխության մեթոդներով, իսկ Տարոնը շարունակի դիմադրությունը եւ ներգրավի իրեն աջակցողներին ու խաժամուժը, իրավիճակը կարող է լարվել ու հասնել բախումների, որի պատասխանատուն լինելու է քաղաքապետը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20