Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին իր առաջին աշխատանքային այցն է կատարել Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:

ՀՀ վարչապետն այնուհետև այցելել է հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աջակցությամբ Շուշիում այսօր տեղի է ունեցել հայկական դրամի թանգարանի բացման հանդիսավոր արարողություն:

 Թանգարանի հանդիսավոր բացմանը  մասնակցող  ԱՀ  նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ նորընտիր  վարչապետ  Նիկոլ Փաշինյանը ծանոթացել են ցուցադրված նմուշներին:

Շուշիի դրամի թանգարանում ցուցադրության է դրված հին  հայկական՝ Ծոփքի հայոց թագավորության, Արտաշեսյան  տոհմի՝ Տիգրան Մեծի, Արտավազդ 2-րդի, Կիլիկյան Հայաստանի, ռուսական կայսրության և ԽՍՀՄ   ժամանակաշրջանների մետաղադրամներ ու թղթադրամներ:

Թանգարանում առանձնահատուկ տեղ է հատկացված Արցախին նվիրված  ցուցադրությանը, որում ներկայացված  են  Տիգրանակերտ քաղաքից հայտնաբերված   մետաղադրամներ, Շուշի քաղաքում 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին գործած դրամահատարանում հատված արծաթե մետաղադրամներ, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տարբեր տարիների թողարկված հուշադրամներ՝ նվիրված Արցախին:

Spread the love