Տեսանյութ. Փոխզիջումների մասին խոսք կարող է լինել միայն մի դեպքում

- in Պաշտոնական

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում փոխզիջումների մասին խոսք կարող է գնալ միայն այն դեպքում, երբ Ադրբեջանի հստակ ուղերձ լինի, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Արցախում մեկնարկած մամուլի ասուլիսի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Փոխզիջումների մասին ես իմ կարծիքն արդեն արտահայտել եմ: Չի կարող խոսք գնալ փոխզիջումների մասին այն պարագայում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը բարձրաձայնում է Երևանը, Զանգեզուրը գրավելու մասին: Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ միջազգային հանրությունը պետք է շատ հստակ արձանագրի, որ Արցախի հարցի էությունը մարդու իրավունքների պաշտպանության խնդիրն է, որովհետև խնդիրը ծագել է այն բանի արդյունքում, երբ Ադրբեջանը ոչ միայն ի վիճակի չի եղել ապահովել ԼՂ ինքնավար մարզի հայ բնակչության նվազագույն իրավունքները, այլև ուղիղ սպառնալիք է ստեղծել նրանց կյանքի և անվտանգության, նրանց ինքնության իրավունքին: «Այսինքն, Ադրբեջանը սպառնալիք է ստեղծել Արցախի ժողովրդի գոյության համար, իրական սպառնալիք, և այդ սպառնալիքները ոչ թե բանավոր խոսքով, այլ կոնկրետ գործողություններով` խաղաղ բնակչության դեմ ռազմական պայքար մղելով»,- ասաց ՀՀ վարչապետը:

Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս Հայաստանի և Արցախի հարաբերություններին: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Որևէ կասկած չկա, որ այդ հարաբերությունները կզարգանան բնականոն հունով, ձեռք կբերեն նորանոր դրսևորումներ և դրանց արդյունքում նոր թափ կտրվի Արցախի միջազգային ճանաչմանը»:

ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ հանդիպումներ է ունեցել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարական կազմի, ՊԲ հրամանատարի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ, լսել է նրանց զեկույցներն ու ստացել անհրաժեշտ տեղեկատվություն: «Այսօրվա քննարկումների արդյունքում համոզվեցինք, որ Արցախի և Հայաստանի անվտանգության ապահովման վերաբերյալ կլինի արդյունավետ համագործակցություն: Այդ խնդիրները մշտապես լինելու են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում»,- ընդգծեց Փաշինյանը:

Spread the love