Փաշինյանի ինքնաբացարկը. նա կարող է «մաքուր ձեռքերով» և պրոֆեսիոնալների սեփական թիմով ամբողջական իշխանության գալ

- in Վերլուծական

Նիկոլ Փաշինյանն իրապես կարող է անակնկալի բերել խորհրդարանական մեծամասնությանը, եթե մայիսի 8-ին, վարչապետի պաշտոնի համար քվեարկվելու փոխարեն, որոշի ինքնաբացարկ հայտնել: Քանի որ վարչապետի այլ թեկնածու չկա, խորհրդարանը իրավունքի ուժով լուծարվում է` ճանապարհ հարթելով խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման համար: Իրադարձությունների նման սցենարը միանգամայն համահունչ է նաև թավշյա հեղափոխության օրակարգին:

Փորձենք հասկանալ, թե նման սցենարի դեպքում ինչ կշահեն երկիրն ու թավշյա հեղափոխությունն` իհարկե, հաշվի առնելով նաև որոշակի ռիսկերը:

Առաջին հերթինքրեաօլիգարխիկ համակարգը կզրկվի խորհրդարանական ռեսուրսից և դրա միջոցով օրակարգ թելադրելու հնարավորությունից: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը չի դառնա խորհրդարանական մեծամասնության պատանդը: Ի դեպ, վարչապետի մայիսի 1-ի ընտրությունները ցույց տվեցին, որ չկա որևէ երաշխիք, թե գործող մեծամասնությունը արագ կկազմաքանդվի, առավել ևս փողոցի գործոնի անխուսափելի թուլացման համատեքստում: Հաշվի առնենք նաև այն կարևոր հանգամանքը, որ խորհրդարանական գործող ստատուս-քվոն այն գործուն մեխանիզմն է, որի միջոցով Մոսկվան կարող է պարբերաբար ճնշում գործադրել Նիկոլ Փաշինյանի կառավարության վրա կամ կաշկանդել նրա գործունեությունը:

Ավելինբոլոր հիմքերը կան պնդելու, որ մեկ տարի հետո ոչ թե Նիկոլ Փաշինյանը կարող է հասնել խորհրդարանի լուծարմանը, այլ մեծամասնությունը կարող է նախաձեռնել կառավարության անվստահության գործընթաց օգտվելով նաև Մոսկվայի քարտ-բլանշից: Կասկածից վեր է, որ այս մեծամասնությունըմի կողմից, կաշկանդելու է կառավարության գործունեությունը և թույլ չի տալու, որպեսզի նա արձանագրի արագ հաջողություններ, մյուս կողմից կոնսոլիդացված մերժելու է ընտրական և կուսակցական ինստիտուտները բարեփոխելու օրենսդրական նախաձեռնությունները:

Մայիսի 8-ին Փաշինյանի ինքնաբացարկը և խորհրդարանի լուծարումը թավշյա հեղափոխության առաջնորդին զերծ կպահի իր ժամանակավոր կառավարությունը «ականապատելու» ռիսկից. «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն քրեաօլիգարխիկ համակարգի բալաստ են և նրանց ներկայացուցիչների ներկայությունը Փաշինյանի թեկուզև ժամանակավոր կառավարությունում լեգիտիմացնում է օլիգոպոլ համակարգի գոյությունը` ռեպուտացիոն անշրջելի հարված հասցնելով թավշյա հեղափոխությանը: Հիմա արդեն ակտիվ ասեկոսեներ են շրջանառվում, թե հեղափոխությունը ստվերային աջակցություն է ստացել Գագիկ Ծառուկյան- Խաչատուր Սուքիասյան տանդեմից:

Իհարկե, բերված փաստարկներին ընդդիմախոսները կարող են առարկելասելով, որ եթե Փաշինյանը մայիսի 8-ին ինքնաբացարկ հայտնի, ապա խորհրդարանական արտահերթ ընտրությունները կազմակերպելու է Կարեն Կարապետյանի ժամանակավոր կառավարությունը: Միանգամից արձանագրենք, որ հիմա հեղափոխությունը գտնվում է աննախադեպ վերելքի վրա, ինչը բացարձակապես երկրորդական-երրորդական է դարձնում քվե հաշվողների, հանգամանքը, մանավանդ, որ «տաս հազար»-ների, վարչական ռեսուրսի գործոնները բացարձակապես չեն աշխատելու նույնիսկ անկատար ընտրակարգի և օրենսդրության պարագայում:

Եթե թավշյա հեղափոխությունը կարողացել է կաթվածահար անել երկիրը, պետական համակարգը, հրաժարեցնել Սերժ Սարգսյանին և կանխել Կարեն Կարապետյանի վարչապետությունը, ապա այս պահին հաստատ կարող է մոբիլիզացնել հզոր ընտրաթիմ` իդեալական ընտրություններ կազմակերպելու համար:

Ժամանակավոր վարչապետությունն որևէ քաղաքական դիվիդենտ Նիկոլ Փաշինյանին չի տալու, փոխարենը մեր մատնանշած սցենարով նա կարող է «մաքուր ձեռքերով» և պրոֆեսիոնալների սեփական թիմ ստեղծելով ամբողջական իշխանության գալ` պարտական լինելով միայն հասարակությանը:

Հենց սա կլինի հեղափոխության քաղաքական կապիտալացումը, որը լուսանցք կմղի քրեաօլիգարխիային` վերջինիս ստիպելով ադապտացվել իրավական երկրի և օրենքի գերակայության ռեժիմին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20