Փաշինյանի կառավարության ձևավորման հիմքում սկզբունքների հակասությունն է

Արարատ Միրզոյանը նշանակվեց Հայաստանի առաջին փոխվարչապետ: Այս որոշումը անակնկալ չէր և թելադրված էր, այսպես կոչված, հեղափոխական տրամաբանությամբ. Արարատ Միրզոյանը գործընթացի ընթացքում երկրորդն էր դարձել` Նիկոլ Փաշինյանից հետո:

Նույն տրամաբանությամբՓաշինյանի կուսակցական թիմի անդամները Տիգրան Ավինյանը, Սուրեն Պապիկյսնը, Արայիկ Հարությունյանը և Մխիթար Հայրապետյանը նշանակվել են համապատասխանաբար փոխվարչապետ, տարածքային կառավարման և զարգացման, կրթության և գիտության ու սփյուռքի նախարարներ:

Կադրային այսօրվա խրոնիկայում միանշանակ հաջողված պետք է համարել Արտակ Զեյնալյանի նշանակումն արդարադատության և Մանե Թանդիլյանի նշանակումը` սոցապ նախարարների պաշտոններում:

Հաղթողներին չեն դատում. այս երիտասարդ թիմը` Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, դարձավ համազգային շարժման հարթակը և իրավամբ վայելում է հասարակության մեծամասնության վստահությունը:

Իհարկե, ընդդիմախոսները, որպես առաջին փաստարկ, նշելու են կառավարության նոր անդամների անփորձությունը, կառավարման համակարգին նրանց անտեղյակությունը: Սակայն հեղափոխությունների պարագայում նման վերապահումները չեն աշխատում, որովհետև կոռուպցիոն համակարգն իրավամբ կարող են ջարդել մարդիկ, ովքեր որևէ առնչություն չեն ունեցել դրա հետ:

Վրացական Վարդերի հեղափոխության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին համակարգային արմատական բարեփոխումներն իրականացրեց նոր մարդկանց ու գաղափարների միջոցով: Այլ խնդիր է, որ մեր հասարակության համար տակավին անհայտ են Փաշինյանի թիմի քաղաքական ուղերձները:

Որևէ մեկը չի կարող քաղաքական հակափաստարկ բերել, թե ինչու է հեղափոխություն իրականացրած թիմը ձևավորում կառավարություն: Սա քաղաքական օրինաչափություն է` անկախ այն բանից, թե ինչպիսի արդյունավետությամբ կաշխատի նոր կառավարությունը:

Այս ամենի համատեքստում խնդրահարույց է կառավարությանը ԲՀԿ-ին մասնակից դարձնելու Նիկոլ Փաշինյանի մոտեցումը:

Փաշինյանի կառավարության ձևավորման հիմքում սկզբունքների հակասությունն է. մի կողմից դրանում արտահայտվում է հեղափոխության հաղթանակը, մյուս կողմիցկաբինետում որոշակի ներկայություն է ունենալու քրեաօլիգարխիկ սեգմենտը, որի ոչնչացումը հեղափոխության գլխավոր նպատակն է: Այս կոնտրաստը քաղաքական բանական բացատրություն չունի և, ի վերջո, հանգեցնելու է քաղաքական ճգնաժամի խորացմանը: Հնարավոր չէ կադրային որոշումների մի մասը բացատրել հեղափոխության տրամաբանությամբ, մյուս մասը խորհրդարանական քրեաօլիգարխիկ ստատուս-քվոյի հետ հաշվի նստելու անհրաժեշտությամբ:

Նման կոնտրաստը դեակտուալացնում է արտահերթ ընտրությունների խնդիրը` համաձայնության կառավարության ստվերում քողարկելով քաղաքական ճգնաժամը, որի հանգուցալուծման հեռանկարն ամիսներ ավելի մշուշոտ է դառնում:

Spread the love