Քաղաքական պատասխանատվության և աթոռակռվի սահմանները՝ ռևանշը բացառելու համար

- in Վերլուծական
ator-portfel

Նոր գործադիր իշխանությունը դեռևս ձևավորման փուլում է, սակայն կառավարության կազմը արդեն հայտնի է և հայտնի է նաև, որ մենք ունենք համաձայնության կառավարություն: Այդ ամենը նորություն չէ, սակայն հայտնի չէ մի կարևոր բան՝ ինչի՞ շուրջ է համաձայնությունը, որ առկա է երեք ուժերի՝ «Ելք» դաշինքի, «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի միջև:

Գուցե հնարավոր է խոսել հինգ ուժերի մասին, «Ելք» դաշինքը բաժանելով երեք մասի, որովհետև քաղաքական իրողությունների տեսանկյունից դաշինքում ակնհայտորեն և օբյեկտիվորեն փոփոխված է ստատուս-քվոն, և ասելով «Ելք», կամ պետք է նկատի առնել «Քաղաքացիական պայմանագիր»-ը միայն, իսկ մյուս երկու ուժերը ընդամենը «Քաղպայմանագրի» բարի կամքի կամ խնամակալության ենթակա, կամ «Քաղաքացիական պայմանագիր»-ը այլևս քաղաքական առումով լիովին «սուվերեն» ուժ է, նկատի ունենալով այն, որ այդ կուսակցությունը թավշյա հեղափոխության ինքնուրույն նախաձեռնությամբ, պատասխանատվությամբ և իրականացմամբ էապես պոկվել է առաջ, և որևէ առումով արդարացի չէ հավասարապես դիտարկել և նույնիսկ համեմատել ՔՊ-ն «Ելք»-ի մյուս երկու ուժերի հետ, դրանց հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ:

Ներկայումս «քեյսերի» կամ քաշային կատեգորիաների ահռելի տարբերությունն ուղղակի ակնառու է, իսկ քաղաքականությունը չի սիրում իրողությունների անտեսում և արհեստական իրավիճակներով առաջնորդվելու համառություն, եթե դա արվում է անգամ լավագույն և ամենաազնիվ մղումներով ու բարի կամքով: Այդպիսով, թերևս իրականությանն առավել մոտ է խոսել 5 քաղաքական ուժերի համաձայնության կառավարության մասին, բայց, անշուշտ, տվյալ դեպքում խնդիրը համաձայնության մասնակիցների թիվը չէ, այլ համաձայնության առարկան, բովանդակությունը: Այստեղ կա երկու հանգամանք․նախ, նոր կառավարության որդեգրած թափանցիկության և հրապարակայնության, հանրությանը հաշվետվողության սկզբունքը պահանջում է հանրությանը ներկայացնել քաղաքական համաձայնության մանրամասն առարկան, ու դրանից բացի, կամ դրան զուգահեռ, այդ հանգամանքը նաև քաղաքական համաձայնության մասնակից ուժերին դնում է հանրության առաջ շատ կոնկրետ պատասխանատվության տակ՝ իրենց համաձայնության և դրա շրջանակում կառավարության կազմում և խորհրդարանում գործունեության համար:

Ներկայումս հանրային ուշադրությունն առավելապես կենտրոնացած է ՀՀԿ առաջիկա վարքագծի, հնարավոր տարբերակների, ՀՀԿ մեծամասնություն-նոր կառավարություն հարաբերակցության, դրանից բխող խնդիրների, ռիսկերի և հնարավոր այլ տարբերակների վրա: Մինչդեռ, երկարաժամկետ կտրվածքով պակաս կարևոր չէ այն, ինչ ներկայումս աներևույթ, բայց, անկասկած, տեղի է ունենալու նաև մյուս ուժերի, խորհրդարանում ներկայացված մյուս դերակատարների միջև, նրանց և «Քաղաքացիական պայմանագրի» հարաբերակցության համատեքստում: Բանն այն է, որ ներկայիս կառավարությունը համաձայնության կառավարություն է, բայց պատասխանատվության առումով բեռը գրեթե ամբողջությամբ ընկած է Նիկոլ Փաշինյանի կամ նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վրա: Համաձայնության կառավարությունը քաղաքական պահի թելադրած օբյեկտիվ անհրաժեշտությունն էր, որով առաջնորդվեց թավշյա հեղափոխության առաջնորդն ու նրա թիմը, մյուս կողմից, սակայն, գործադիր իշխանության մասով հեղափոխության հաղթանակից հետո իրավիճակը զգալիորեն մտնում է արդեն նախընտրական կամ քաղաքական մրցակցային տրամաբանության մեջ, որտեղ համաձայնության կառավարության ուժերը, այդուհանդերձ, ժամանակի ընթացքում ավելի շատ միմյանց մրցակից են, քան դաշնակից: Որովհետև աներկբա է, որ օրակարգում, վաղ թե ուշ, արտահերթ ընտրության հարցն է, մինչ այդ համակարգային օրենսդրական փոփոխությունների խնդիր, իսկ դա աներկբա ենթադրելու է քաղաքական լոկալ շահերի տարամիտում: Դա հասկանում են թերևս բոլորը:

Ըստ այդմ ներկայիս իրավիճակը, երբ կա համաձայնության կառավարություն, բայց չկա բովանդակային կոնկրետություն համաձայնության շուրջ, և ամբողջ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի ու նրա երիտասարդ թիմի վրա է, առաջ է բերում ստվերային խաղերի և տարաբնույթ սաբոտաժների լայն դաշտ, երբ այդպիսի շահառու կողմ հրապարակայնորեն դիտվում է ՀՀԿ-ն, սակայն իրականում այդ հրապարակային դիտարկումները կարող են քող դառնալ այլ ուժերի համար, որոնք ՀՀԿ-ից պակաս շահառու չեն և բավական թիվ են կազմում, ընդ որում նաև խորհրդարանից դուրս: Հետևաբար, թավշյա հեղափոխության ներկայիս փուլում հանրային հաջողության պաշտպանությունը պահանջում է, որ հեղափոխությանն առաջնորդած թիմի հետ համաձայնության կառավարություն ձևավորած քաղաքական միավորները կամ ընդհուպ քաղաքական համաձայնագրի մակարդակում պետք է շատ առարկայական բովանդակային պատասխանատվություն ստանձնեն գործադիր իշխանության իրենց բաժինների համար, կամ պետք է պարզապես հայտարարեն այդ բաժիններից հրաժարվելու մասին:

Հակառակ պարագայում, ստեղծված իրավիճակը ունի Հայաստանում հրապարակայնացող քաղաքական գործընթացում ստվերային բավականին էական շերտ առաջացնելու ռիսկ, որը կարող է բերել պատասխանատվության խորքային խնդրի լղոզման: Իսկ թավշյա հեղափոխության առանցքային ձեռքբերումներից մեկը թերևս այն է, որ հայաստանյան ներքաղաքական կյանքում դրվել է հանրության առաջ հստակ պատասխանատվության խնդիրը:

Spread the love