Քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը սկսվել է և կշարունակվի

- in Կարծիք

Քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը սկսվել է և այդ գործընթացը կշարունակվի: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, ԻՏՁՄ համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի բաց նամակին, որտեղ վերջինս նշել է, որ եթե քաղբանտարկյալները ազատ չարձավեն, դա վտանգավոր հետևանքներով է հղի։

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն ու «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը նախօրեին բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Քաղբանտարկյալների, այդ թվում՝ «Սասնա ծռեր»-ի, բանտում մնալը հեղափոխության և մեր երկրի համար հղի է ծանր հետևանքներով»,- գրում են նրանք։

Սեֆիլյանն ու Ավետիսյանը ողջունում են այն փաստը, որ Փաշինյանը մերժում է «հեռախոսային» արդարադատությունը։ Միևնույն ժամանակ իրենց բաց նամակում ընդգծում են. «Մինչ օրս, սակայն, տպավորություն է առաջացել, որ Դուք լվացել եք Ձեր ձեռքերը և քաղբանտարկյալներին ու քաղաքացիներին հորդորում եք ապավինել հանցագործ դատախազների և դատավորների հոգևոր ու բարոյական վերափոխման հրաշքին»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ևս մեկ անգամ անդրադարձել է Հայաստանում այս օրերին տեղի ունեցող բողոքի անհնազանդության միջոցառումներին. «Ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել ինքներդ ձեր դեմ, կամ իրականացնել սաբոտաժի գործողություններ: Կրկին անգամ խնդրում, հորդորում և պահանջում եմ այս պահից դադարեցնել քաղաքացիական անհնազանդության՝ առանց բացառության բոլոր գործողությունները, եթե դրանք սաբոտաժ չեն ընդդեմ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության, հետևաբար՝ ընդդեմ ժողովրդի»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Ստեղծված լարված իրավիճակը վերջին օրերին համացանցում ամենատարբեր մեկնաբանություններ է ստանում և իրավիճակը հատկապես սրվում է «Սասնա ծռեր»-ի աջակիցների և նոր կառավարության աջակիցների միջև։

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը նշեց՝ «Սասնա ծռեր»-ի աջակիցների բողոքի ակցիաներն ուղղված չեն նոր իշխանության դեմ։ «Դատախազությունում դեռ հին իշխանության ներկայացուցիչներն են և այստեղ ես չեմ հասկանում՝ եթե բողոքի ցույցեր են անցկացվում դատախազության դիմաց, ապա դա ինչպե՞ս կարելի է ընկալել որպես բողոքի ակցիա նոր իշխանությունների դեմ։ Տեսականորեն դա այդպես չէ, և գործնականում ևս այդպես չէ։ Անխոս, այդ բողոքի ակցիաները նոր իշխանությունների դեմ ուղղված չեն։ Երկրորդ՝ այն փաստը, որ այդ բողոքի ակցիաներն ուղղված են դատախազության դեմ, դա պետք է համարել աջակցություն քաղաքական նոր իշխանություններին։ Դատական իշխանությունը դեռևս գտնվում է նախկին ռեժիմի ներկայացուցիչների ձեռքում և անհրաժեշտ է, որ դատական իշխանությունում ևս փոփոխություն լինի։ Փաստորեն իշխանության երեք թևերից միայն մեկն է փոխված»,- ասաց մեր զրուցակիցը։

Ալեք Ենիգոմշյանը շարունակում է. «Դատախազության դեմ ուղղված քաղաքացիական բնույթի ցանկացած քայլ, բողոք ուղղված է հին ռեժիմի դեմ՝ հօգուտ նոր գործադիր իշխանության։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հորդորին՝ հիշեցնեմ, որ երբ նա նախորդ շաբաթ այդ հորդորն ուղղեց, այն ժամանակ բոլորը կատարեցին դա՝ անգամ բացեցին Արշակունյաց պողոտան։ Հիմա մի բան հստակ ասեմ՝ այդ ակցիաները իսկապես ինքնաբուխ են, այո՛, կան հարազատներ ու ակտիվիստներ, բայց դրանք իսկապես ինքնաբուխ են, այնպես չէ, որ հրաման պետք է իջեցվի, որ դադարեցվեն։ Իրենք պետք է համոզվեն։ Ու ես կարծում եմ, որ նորից հաշվի կառնեն վարչապետի հորդորը»։

Միևնույն ժամանակ Ալեք Ենիգոմշյանը նշում է՝ անհրաժեշտ է ազատազրկվածներին հստակ մեսիջներ ուղարկել. «Հավաստիացնելու, որ այս ամենը լուծման պրոցեսում է գտնվում։ Մինչև հիմա արվածը, ես բացարձակապես չեմ ասում, որ ձևական ու բովանդակությունից զուրկ են եղել, բայց ժամանակն անցնում է, իսկ արդյունքները չեն երևում։ Դա մարդկանց մոտ որոշ չափով անհամբերություն է ստեղծում։ Ես ամենայն անկեղծությամբ ասում եմ՝ նոր իշխանությունները և փոփոխություն ակնկալող մարդիկ պետք է մեկը մյուսին վստահեն, բայց այդ վստահության համար կոնկրետ ու շոշափելի մեսիջներ են հարկավոր։ Ես կողմ կլինեի, որ իշխանությունների կողմից հավաստիացնող ուղերձներ լինեին։ Այլապես ստացվում է, որ մի կողմից պարոն Փաշինյանը և այսօրվա ներկա գործադիր իշխանություններն ասում են՝ եթե մենք հեռախոսը վերցնենք և դատավորներին հրահանգներ իջեցնենք՝ մենք ոչնչով չենք տարբերվի նախորդ իշխանություններից։ Դա բացարձակ ճշմարտություն է՝ ոչ ոք չի ասում, որ պետք է հեռախոսը վերցնեն ու դա անեն, բայց ստացվում է, որ ո՛չ քաղաքական իշխանությունն է ճնշում բանեցնում դատախազների ու դատավորների վրա, բայց նաև հորդորում են ժողովրդին, որ իրենք ևս ճնշում չբանեցնեն դատախազության և ոչ արդար դատավորների վրա։ Այդ դեպքում խնդիրն ինչպե՞ս պետք է լուծվի, այդ դեպքում ինչպե՞ս կարող է իրավական լուծում գտնվել։ Որպեսզի իրավիճակը փոխվի, պետք է ինչ-որ ճնշում լինի ու այդ ճնշումը պետք է լինի ժողովրդի կողմից»։

Ենիգոմշյանի խոսքերով՝ եթե հորդորում են, որ ժողովրդի կողմից ճնշում չարվի, պետք է փոխարենը վստահեցում տրվի, ուղերձ հղվի. «Ես այս ամենն ասում եմ առկա լարվածությունը թեթևացնելու մտահոգությամբ»։

Մեր զրուցակիցը մեջբերում է Ավետիսյանի և Սեֆիլյանի նամակը և նշում, որ քաղաքական իշխանությունները պետք է այլ ձևերով և ոչ թե հրահանգներով խնդրի լուծման քայլեր անեն. «Բառացիորեն դա էին ասում նաև Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը։ Իմացել եմ, որ Ազգային ժողովում էլ Լենա Նազարյանն է գլխավոր դատախազին հորդորել հրաժարական տալ, համենայնդեպս, ես դա դրական եմ համարում։ Հուսով եմ, որ նման միջոցներով հանգուցալուծում հնարավոր է գտնել։ Հատուկ ուզում եմ շեշտել՝ մեր ոչ մի գործողություն, այդ թվում՝ Գարեգին Չուգասզյանի հացադուլը բացարձակապես մարտահրավեր չեն նոր իշխանություններին, պետք է չէ դրանք որպես առճակատում ընդունել, բոլորն էլ ձեռք են մեկնում նոր իշխանություններին, և այդ ձեռքերը պետք է իրար գտնեն ու զիջումներ լինեն»,- եզրափակեց նա։

Հավելենք, որ Ալեք Ենիգոմշյանի հետ զրույցից հետո խնդրին նորից անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դիտարկմանը, թե «Սասնա ծռեր»-ը նամակ են գրել վարչապետին, որտեղ նշել են, թե նա ձեռքերը լվացել է իրենց գործից, Փաշինյանն ասաց. «Պետք է հասկանալ՝ ինչ ասել է ձեռքերը լվանալ։ Եթե խոսքն այն մասին է, որ ես ասել եմ՝ չեմ պատրաստվում դատավորներին հրահանգ տալ, ես հաստատում եմ իմ դիրքորոշումը, որովհետև որևէ նպատակով դատավորներին հրահանգ տալու գործընթաց սկսելը նշանակում է սկսել սերժսարգսյանացման գործընթաց։ Ես այդպիսի գործընթացի մեջ ինքս ինձ չեմ դնի, որովհետև հակառակ դեպքում, եթե մենք դատարանին մեկ անգամ հրահանգ տանք, դատարանը այլևս երբեք առանց մեր հրահանգի չի աշխատի»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում դատավորներին հրահանգ տալ: Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքն այդպիսի գործընթացի մեջ իրեն չի դնի:

«Ես նման գործընթացի մեջ ինձ չեմ դնի, որովհետև եթե մեկ անգամ  դատարանին որևէ հրահանգ տանք, ապա դա նշանակում է, որ դատարանն այլևս երբեք առանց մեր հրահանգի չի աշխատի: Մենք կարևորում ենք անկախ դատական համակարգի կայացումը Հայաստանի Հանրապետությունում: Դրա համար տեսնում ենք երկու գործնական անելիք: Նախ` դատարաններին իշխանական կաբինետներից և որևէ տեղից ապօրինի հրահանգներ չտրվեն, երկրորդ՝ ապահովենք, որ որևէ դատավոր կաշառքով դատավճիռ չկայացնի: Յուրաքանչյուր դատավոր, ով հավակնել է այդ պաշտոնին, պարտավոր է իր իրավասությունների շրջանակում կայացնել որոշումներ: Ահա այս քաղաքական պայմանն ապահովված է և դատավորները պետք է գործեն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով վերջին օրերին առկա անհնազանդության ակցիաներից՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե դրանք իրականացվում են հեղափոխության անունից, ուրեմն պետք է դադարեցվեն:

«Այդ հարցերը բարձրացնող քաղաքացիները պետք է աշխատեն կառավարության հետ, որովհետև սա իրենց կառավարությունն է: Իսկ եթե դա արվում է սաբոտաժի նպատակով, ապա ժողովրդի վստահությունը վայելող կառավարության նկատմամբ սաբոտաժի գործողություններ անելը նշանակում է սաբոտաժի գործողություններ անել Հայաստանի քաղաքացիների նկատմամբ: Սիրո հանդուրժողականության մթնոլորտը թող որևէ մեկը չփորձի մեկնաբանել թուլության մթնոլորտ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Spread the love