«Քայլ արա՝ բաց Հայաստանը»

- in Հրապարակ
hayastan-armenia

Հայաստանում աննկարագրելի ոգևորություն և ուրախություն է նոր վարչապետի ընտրության և թավշյա հեղափոխության հաղթանակի առիթով: Այդ իմաստով, հաղթանակի տոնը վերջին երկու-երեք տասնամյակներին թերևս բացառիկ կերպով վերաիմաստավորված է՝ եռատոնից դառնալով քառատոն:

Այս ամենում, իհարկե, կա էյֆորիայի, իռացիոնալության, չափազանցված սպասումների ահռելի մի չափաբաժին, բայց դա միանգամայն բնական է, և Հայաստանում անցնող երեք տասնամյակում ստեղծված և կարծրացած քաղաքական իրավիճակը հնարավոր պետք է լիներ հաղթահարել նաև հենց այդպիսի իռացիոնալությամբ և ոգևորությամբ, որովհետև ռացիոնալ բոլոր փորձերը բախվեցին իշխող համակարգի նույնքան ռացիոնալ դիմադրությանն ու փշրվեցին:

Մյուս կողմից, սակայն, ոգևորությունը, իռացիոնալությունը, լավ իմաստով արկածախնդրությունը բերում են հաղթանակի, սակայն հաղթանակը պահելու հարցում այլևս կարիք ունեն կապիտալիզացվելու, պրագմատիկ հունի մեջ դրվելու, այսպես ասած՝ պրագմատիզմով պատվաստվելու: Ակնհայտ է, որ միայն ոգևորության հաշվին հնարավոր չէ պահել հաջողությունը, բայց մյուս կողմից՝ հնարավոր չէ այն զարգացնել և ամրացնել առանց ոգևորությունը պահելու: Եվ այս տեսանկյունից ներկայումս շատ կարևոր և բարդ մի ժամանակաշրջան է առաջին հերթին հենց հասարակության համար, որովհետև հիմա արդեն փողոց փակելու փոխարեն, անհրաժեշտ է բացել մտքերը, բացել մտակաղապարները, բացել Հայաստանը գաղափարների, մտքերի, նախաձեռնությունների համար:

Այժմ կարգախոսը թերևս պետք է լինի՝ «Քայլ արա՝ բաց Հայաստանը»: Որովհետև որքան բաց լինի Հայաստանը այդ իմաստով, այնքան հեղափոխության արդյունքը քայլ առ քայլ դառնալու է անշրջելի, և նվազելու է հակահեղափոխության վտանգը: Այդ առումով, ներկայիս իրավիճակում պատասխանատվության ահռելի բաժին ունի ոչ միայն վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմով, այլ նաև հասարակությունը՝ նախ այդ թիմը, փաստորեն, իշխանության գործուղելու համար, հետո՝ այդ թիմին վերահսկելու համար և երրորդ՝ հասարակայնորեն կապիտալիզացվելու համար:

Այդ խնդիրը չպետք է լինի միայն իշխանության խնդիրը: Այդ խնդիրն առաջին հերթին հասարակության խնդիրն է, և այժմ քաղաքացիական ակտիվ հանրությունը պետք է պատասխան տա մի պարզ հարցի, ընդ որում՝ ոչ թե խոսքով, այլ գործով՝ պատրա՞ստ է ինքնակազմակերպվել նույնքան արդյունավետ, որքան քաղաքացիական անհնազանդության շրջանում, բայց ինքնակազմակերպվել արդեն քաղաքացիական ստեղծագործականության համար: Ի վերջո, փակել, խանգարել, կաթվածահար անելը միշտ ավելի դյուրին է, քան ստեղծագործելը և այդ միջոցով նոր իրավիճակ ձևավորելը:

Հին իրավիճակը քանդված է, նորը ձևավորված չէ: Սա մի կողմից վտանգավոր շրջան է, մյուս կողմից՝ մի շրջան, երբ բաց է ստեղծագործականության համար ահռելի մի տարածություն, և չկա խանգարող գրեթե ոչինչ՝ այդ տարածությունը ստեղծագործ ինքնակազմակերպմամբ լցնելու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20