Օլիգարխիան խուճապահար է՝ մտնում են «սպիտակ» դաշտ

Samvel Akeqsanyan

Պարզվում է, գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունները հազարավոր բանկային քարտեր են պատվիրել Հայաստանի բանկերից մեկում:

Տարիներ շարունակ հայկական ԶԼՄ-ներում պարբերաբար տեղեկություններ են հրապարակվել, որ լինելով ամենախոշոր գործարարներից մեկը, Սամվել Ալեքսանյանը նաեւ ամենաստվերայիններից մեկն է: Մասնավորապես, խոսքը նրա ձեռնարկություններում չգրանցված աշխատակիցների մասին է, որոնք աշխատավարձը ստանում էին «ծրարով»:

Արդյոք այդ բանկային քարտերը աշխատակիցների համար են, եւ նրանք արդեն ստանալու են «սպիտակ» աշխատավարձ, ինչը նշանակում է նաեւ հարկային վճարումներ պետական բյուջե:

Բացի այդ, պարբերաբար տեղեկություններ էին հրապարակվում, որ այլ խոշորների պես, Սամվել Ալեքսանյանի ներկրումները լիարժեք չէին ձեւակերպվում մաքսատներում, կամ ձեւակերպվում էին այլ ապրանքների անվան տակ: Նոր կառավարությունը ՊԵԿ-ին հանձնարարել է վերջ տալ այս պրակտիկային:

Եթե Հայաստանի ամենախոշոր գործարարներից մեկը դուրս է գալիս ստվերից, սա կարելի է գնահատել որպես շրջադարձային որոշում, ոչ միայն կոռուպցիայի հաղթահարման, այլեւ բիզնեսի ու քաղաքականության տարանջատման հարցում: Բացի այդ, դա նշանակում է նաեւ «օբշակի»՝ ստվերային բյուջեի վերացում, որով ֆինանսավորվում էր համակարգի անօրինական գործունեությունը, մասնավորապես ընտրությունների կեղծումը:

Ով ով, բայց քիչ թե շատ սթափ մտածող խոշոր բիզնեսը պետք է որ հասկանա սպիտակ դաշտում աշխատելու առավելությունները, որը գուցե քիչ ինչ կրճատի գերշահույթները, փոխարենը քայլ կլինի բյուջեի միջոցների ավելացման, հանրային որոշակի համերաշխության եւ իրենց անձնական անվտանգության ուղղությամբ:

Հաջորդ քայլը մանդատից ու քաղաքականությունից հեռանալն է:

Spread the love