1918-19 թթ. 15-ամյա արվամոլը Հայաստանի Առաջին Հանրապետությունում արդարացվել է՝ եվրոպական մոտեցումներով

- in Իրավունք
Yerevan old

1918 թվականի հունիսյան մի պայծառ օր թազաքենդցի 8-ամյա Ներսեսը լացակումած տուն գնաց ու ծնողներին պատմեց, որ Գևորգն իրեն տարել է գետի ափ՝ խաղալու, բայց իր հետ շատ ցավոտ ու զզվելի բան է արել: Երեխայի ներքնաշորի վրա արյան հետքեր կային: Ծնողները բազմաթիվ հարցեր տվեցին երեխային ու հասկացան, որ խոսքը իրենց հարևանի 15-ամյա որդի Գևորգի մասին է:

Երկար տարիներ սերտ հարևանություն արած երկու ընտանիքները թշնամացան: Ներսեսի ծնողները բողոքեցին: 15-ամյա Գևորգի նկատմամբ քրեական գործ հարուցվեց արվամոլության մեղադրանքով:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ երեխայի նկատմամբ ավարտուն արվամոլական գործողության կատարումը չհաստատվեց:

1919 թվականի ապրիլի 12-ին Երևանի շրջանային դատարանում սկսված դատաքննությունը դռնփակ էր:

Հենվելով դատաբժշկական փորձաքննության եզրակացության վրա՝ դատարանը հաստատված չգնահատեց նախաքննությամբ առաջադրված մեղադրանքը և արարքը վերաորակեց որպես սեռական ոտնձգության փորձ:

Գևորգը ժխտում էր ինչպես արվամոլության, այնպես էլ արվամոլության փորձի կատարումը իր կողմից:

Դատարանը 15-ամյա Գևորգի մեղավորությունը հանցափորձի համար հաստատված գնահատեց: Հիմնավորումների շարքում դատարանը արձանագրեց, որ երկու հարևանները միշտ բարիդրացիական հարաբերությունների մեջ էին եղել, որևէ հիմք չկար, որ իրենց մտերիմ հարևանի որդուն անտեղի մեղադրեին նման խայտառակության համար:

Դատարանն արձանագրեց նաև, որ փոքրիկ Ներսեսը ծնողներին առաջինը Գևորգի անունն էր տվել, հետո հիշել էր նաև Գևորգ անունով մի ուրիշ տղայի, բայց այդ երկրորդ Գևորգը ութ տարեկան էր ու, ըստ դատարանի, չէր կարող կատարել ենթադրյալ արարքը:

Հաստատված գնահատելով Գևորգի մեղավորությունը՝ շրջանային դատարանը նրան դատապարտեց 2 տարի 6 ամիս ազատազրկման:

Գևորգն ու նրա ծնողները պաշտպանի խորհրդով ու ձևակերպումով վճռաբեկ գանգատ գրեցին:

1919 թվականի օգոստոսի 9-ին Դատական պալատում նոր դատաքննություն սկսվեց այս գործով:

Պալատը, հենվելով դատաբժշկական փորձաքննության եզրակացության ու գործում առկա այլ ապացույցների համակցության վրա, եզրահանգեց, որ լիովին հաստատված չէ 15-ամյա տղայի մեղավորությունը երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար:

Դատական ակտում արձանագրված է. «Տուժողը մեկ այս է ասել, մեկ՝ այն: Մերթ մեղադրել է դատելիին, մերթ՝ մեկ ուրիշին: Մանկահասակ լինելով՝ տուժողը չի կարողացել ճշգրիտ բացատրել իր նկատմամբ կատարված բռնության բնույթը: Հետևաբար նրա ցուցմունքին ամբողջովին վստահել չի կարելի, իսկ հանցարարքը հաստատող ուրիշ որևէ ապացույց գործում չկա…»:

Դատական պալատը արդարացման դատական ակտ կայացրեց Գևորգի նկատմամբ ու դատարանի դահլիճից նրան անհապաղ ազատ արձակեց:

Միայն տուժողի ցուցմունքի հիման վրա մեղադրական դատավճռի կայացման անթույլատրելիությունը ներկայումս մեր դատարաններում հիմնավորում են Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով: Պարզվում է՝ 1919 թվականին Հայաստանի Առաջին Հանրապետության Դատական Պալատի կայացրած որոշո՛ւմը կարող է նախադեպային ու օրինակելի լինել Եվրոպական ու մեր դատարանների համար…

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20