1970 թ. Երևանցի հայտնի 4 «օրենքով գող» «միլիցու շորերով» հափշտակել են Սիրիայից եկած «Հարութ ձյաձյայի» ոսկեղենը

- in Իրավունք
Gox

1970 թվականին Զեյթունում բնակվող Հարություն Հ.-ն, ով բոլորի կողմից որպես «Հարութ ձյաձյա» էր ճանաչված, մեկնել էր Սիրիա ու վեց-յոթ ամիս բարեկամների մոտ մնալուց հետո Երևան էր վերադարձել՝ հետը բերելով մեծ քանակությամբ ոսկեղեն:

1970 թվականի հոկտեմբերյան մի օր Հարութի տուն են այցելել միլիցիայի համազգեստով չորս հոգի ու ներկայացել են որպես Երևանի ՆԳ վարչության աշխատակիցներ:

Անհանգստացած տանտիրոջը նրանք ասել են, թե տվյալներ են ստացել, որ նա արտասահմանից մեծ քանակությամբ ոսկի է բերել: Անհրաժեշտություն է առաջացել հենց ՆԳ վարչությունում ստուգելու, թե նա ի՞նչ ճանապարհով է այդ ոսկեղենը ձեռք բերել:

Չորսից մեկը, որ մայորի համազգեստով էր, ձեռքն էլ՝ վիրակապված, նստել է արձանագրություն կազմելու: Հարութը ներկայացրել է արտասահմանից բերած ամբողջ ոսկեղենը:

«Մայորը» մեկ առ մեկ գրանցել է բոլոր զարդերը, Հարութի տնեցիներին ստորագրել է տվել արձանագրությունը, ապա շատ խիստ տոնով տեղեկացրել է, թե ոսկեղենն ամբողջությամբ առգրավում, տանում են ՆԳ վարչություն և բոլոր հանգամանքները ճշտելուց հետո միայն, եթե օրենքի խախտումներ չբացահայտվեն, ոսկեղենը կվերադարձնեն:

Հարութից պահանջել են հաջորդ օրը, ժամը 11-ին ներկայանալ ՆԳ վարչություն՝ 213 սենյակ:

Հարութն ամբողջ գիշեր աչք չի փակել: Հաջորդ օրը ուղիղ ժամը 11-ին նա ներկայացել է Երևանի ՆԳ վարչություն:

Եվ ի սարսափ Հարութի՝ պարզվել է, որ ՆԳ վարչությունում ոչ ոք տեղյակ չէ Հարութի ոսկեղենի մասին, ինչպես նաև՝ այդ ոսկեղենը Հարութի տանից «առգրավելու», ավելի ճիշտ՝ հափշտակելու մասին:

Վարչության 213 սենյակում և ամբողջ վարչությունում Հարութն իր տուն այցելած միլիցիոներներից ոչ մեկին չի գտել՝ այդպիսի միլիցիոներներ գոյություն չունեին:

Երևանի 26 կոմիսարների շրջանի ՆԳ բաժնում քրեական գործ է հարուցվել: Գործի քննությունն անձամբ ՆԳ մինիստրի ուշադրության կենտրոնում է եղել: Այն ժամանակվա ՆԳ մինիստր Վլադիմիր Դարբինյանն այդ օրերին հիվանդացել ու իրեն այցի գնացած սպաներին ասել է՝ հենց էդ ոսկու գործը բացահայտվի, կառողջանամ…

Գործի քննության շրջանակներում «Հարութ ձյաձյան» բազմիցս հարցաքննվել է, մանրամասն նկարագրել է իր տուն այցելած միլիցիոներներին: Դեպքի պահին Հարութը հատկապես ուշադիր էր եղել «մայորի» նկատմամբ, քանի որ «մայորն» էր «գործողությունը» ղեկավարել, ոսկեղենը գրանցել ու առգրավել:

Հարութի և նրա ընտանիքի անդամների ցուցմունքների հիման վրա կազմվել է «մայորի» ֆոտոռոբոտը: Իրավապահները որոշակի նմանություն են գտել «մայորի» ու այն ժամանակվա «օրենքով գող» համարվող Յուրիկ Երվանդիչի արտաքինում:

Մի քանի անգամ դատապարտված, «օրենքով գող» Յուրիկ Երվանդիչին այն ժամանակ շատերն էին ճանաչում՝ քաղաքում հայտնի «դեմք» էր համարվում:

Օպերատիվ աշխատանքի արդյունքում նաև տվյալներ են ստացվել, որ Հարութի ոսկեղենի հափշտակության մեջ Յուրիկ Երվանդիչի մատը, իրոք, խառն է…

Յուրիկ Երվանդիչին նախնական կալանքի են վերցրել, ճանաչման են ներկայացրել Հարութին:

Վերջինս բավական անվստահ կերպով նմանություններ է գտել Յուրիկ Երվանդիչի ու իր տուն այցելած «մայորի» միջև: Իրավապահների աչքից չի վրիպել, որ ըստ Հարութի նկարագրության՝ «մայորի» ձեռքը վիրակապված է եղել, իսկ Յուրիկ Երվանդիչի հենց այդ ձեռքին, հենց վիրակապված մասում աչքի ընկնող դաջվածք կար՝ չէր բացառվում, որ նա ձեռքը վիրակապել էր՝ դաջվածքը թաքցնելու համար…

Հարցաքննությունների, Հարութի ու նրա ընտանիքի անդամների հետ առերեսումների ժամանակ Յուրիկ Երվանդիչը կտրականապես ժխտել է իր մասնակցությունը Հարութի ոսկեղենի հափշտակությանը:

Բայց մի քանի օրվա սովետական հարցաքննությունները ինչ խոսք՝ արդյունք են տվել՝ «օրենքով գողը» «երգել է»՝ տվել է հանցակիցներից մեկի՝ «Սովետների Հենդոյի» անունը:
Իսկ դրանից հետո հանցավոր ոստայնը բացել է «Սովետների Հենդոն»:

Նա տվել է մյուս երկու հանցակիցների անունները՝ «Սիլաչիի Զավ», «Սարիթաղցի Վարդ»:

Քննությամբ և «օրենքով գողերի» խոստովանական ցուցմունքներով պարզվել է հետևյալը. Հարութի ընտանիքի փեսան իմացել է, որ Հարութը Սիրիայից մեծ քանակությամբ ոսկեղեն է բերել: Ոսկե զարդերը փեսան հատ-հատ չի տեսել, բայց նրա աչքով է ընկել ոսկեդրամներով լի տոպրակը… Գործի բացահայտումից հետո պարզվել է, որ փեսան ոսկեդրամների տեղ էր դրել ոսկեդրամների տեսքով… պանրիկները, որ Հարութը նույնպես Սիրիայից էր բերել՝ տնեցիներին զարմացնելու համար…

Սիրիայից Հարութի բերած անհամար ոսկեղենի մասին ընտանիքի փեսան պատմել է իր ծանոթ «Սարիթաղցի Վարդին»: Վերջինս էլ այդ տվյալը անմիջապես հաղորդել է Յուրիկ Երվանդիչին: «Սովետների Հենդոն» կազմել է հափշտակության «սցենարը»՝ միլիցիայի համազգեստով «հարիֆի» տուն այցելելու «զվարճալի» գաղափարով, որի շնորհիվ մեծաքանակ ոսկեղենի հափշտակության համար ո՛չ զենքով սպառնալու կարիք է եղել, ո՛չ բռնություն գործադրելու… Մարդն իր դողդողացող ձեռքերով անձամբ սովետական միլիցիային է հանձնել առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող ոսկե զարդերը…

«Օրենքով գողերին» ստիպել են խոստովանել նաև, թե ի՞նչ են արել ոսկեղենը՝ նրանք ոսկեղենն իրացնելու նպատակով շուտափույթ տարել էին Թբիլիսի:

Իրավապահները նույնքան շուտափույթ մեկնել են Թբիլիսի՝ ոսկեղենի հետքերով՝ իրենց հետ տանելով «Սիլաչիի Զավին»:

Երկու շաբաթվա ընթացքում թբիլիսյան իրավապահների հետ համագործակցելով՝ հայտնաբերել են «Հարութ ձյաձյայի» թանկարժեք ոսկեղենից՝ մեկուկես կիլոգրամը…

Չորս «օրենքով գողերը» դատապարտվել են առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող ոսկեղենի հափշտակության համար՝ դատարանում, հանուն իրենց «համբավի», հրաժարվելով իրենց նախաքննական ցուցմունքներից…

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20