2018 թվականի մայիսի 8-ը, լինելով 1992-ի մայիսի 8-ի ոգեղենության կրողը

- in Վերլուծական
Zinvor

Եվ այսպես, մայիսի 7-ին Սերժ Սարգսյանի նախագահությամբ անցկացված ՀՀԿ ԳՄ և խմբակցության համատեղ նիստը կայացրել է Նիկոլ Փաշինյանին սատարելու որոշում, այսինքն՝ վերհաստատվել է ավելի վաղ ազդարարվածը:

Դա հիմք է տալիս ասելու, եթե, իհարկե, գիշերը չլինի որևէ ֆորս-մաժոր, որ մայիսի 8-ին Հայաստանն իսկապես կունենա վարչապետ և կթևակոխի արդեն դե յուրե նոր փուլ՝ թե՛ քաղաքական, թե՛ պետական զարգացման նոր փուլ: Ինչպիսին կլինի այն, շատ դժվար է ասել, սակայն հատկանշական է նաև, որ այն կմեկնարկի մայիսի 8-ից՝ Շուշիի հաղթանակի օրվանից:

Այստեղ, իհարկե, խորհրդանշականությունը բավական խոսուն է, միաժամանակ ոչ միայն սիմվոլիկայի, այլ նաև, ըստ էության, բովանդակության իմաստով: Ի վերջո, Շուշին էլ անհնար թվացող մի հաղթանակ էր, բարձունք, որն առ այսօր դիտողի մոտ դժվար է պատկերացնելի դարձնում, թե ինչպես էր հնարավոր վերցնել այդ քաղաք-բարձունքը մինչև ատամները զինված ադրբեջանցիներից:

Հայաստանում «Իմ քայլը» շարժումն էլ թվում էր հաջողության տեսանկյունից անհեռանկարային, իսկ իշխանության դիրքերը թվում էին ավելի ու ավելի անսասան: Սակայն բարձունքը «գրավվեց», և հասարակությունը դարձավ դրության տերը: Հարցն այն է, սակայն, թե ինչպես դրության տեր մնալ: Այդ տեսանկյունից, իհարկե, շատ կարևոր է, որ հետագա ընթացքը «խորհրդանշական» որևէ կապ չունենա այն ընթացքի հետ, որ եղել է Շուշիի հաղթանակից, ղարաբաղյան հաղթանակից հետո, որի բեկումնային կետն էր Շուշին:

Բանն այն է, որ դրանից հետո Հայաստանում ոչ միայն չհաջողվեց կապիտալիզացնել այդ անգին հաղթանակը, վերածել հասարակական-քաղաքական շատ առարկայական գործընթացների, այլ հաղթանակը մսխվեց բավականին արագ, և միայն դրա, այսպես ասած, ներքին ուժն է ըստ էության, որ թույլ է տվել պահել պետությունն ու պետականությունը, չնայած ճակատագրական սխալներին և արյունալի մարտահրավերներին, որոնց ականատես ենք եղել անցնող քառորդ դարի կամ մոտ երեք տասնամյակի ընթացքում:

Այդ տեսանկյունից, 2018 թվականի մայիսի 8-ը, լինելով 1992-ի մայիսի 8-ի ոգեղենության կրողը, իր հետագա ճանապարհով պետք է թերևս տարբերվի դրանից սկզբունքորեն, որպեսզի մենք հետագայում չունենանք խորհրդանշական այդօրինակ ասոցիացիաների կարիք: Այստեղ անելիք ունեն բոլորը, որովհետև, ի վերջո, նախորդ տասնամյակների անհաջողություններն ու սխալ ընթացքը պայմանավորված էին նրանով, որ հասարակությունը որոշակի արդյունք ձեռք բերելուց հետո հանգստացավ, իր գործը և իր կռիվը համարեց արված, տրված, բաց թողեց ձեռքից նախաձեռնությունն ու իրադարձությունների ընթացքի թելադրանքը, իսկ երբ զգաց հետևանքը՝ այլևս բավական ուշ էր վերակազմակերպվելու համար, և դրա համար պահանջվեց երեք տասնամյակ, բավականին ծանր, մաշող, նյարդային երեք տասնամյակ:

Մենք այլևս նոր վերակազմակերպվելու ժամանակ չունենք, թե՛ երեք տասնամյակի, թե՛ նույնիսկ երեք տարի ժամանակ չունենք: Հետևաբար, չունենք իրադարձությունների թելը բաց թողնելու իրավունք:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20