Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցության ներկան

Putin Aliev

Երեկ վարչապետ էին ընտրում ոչ միայն Հայաստանում: Ռուսաստանի Պետական դուման երեկ հաստատել է Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնում` իհարկե, առանց որևէ ինտրիգի: 

Ինտրիգներ սպասվում են Մեդվեդևի նոր կառավարությունում, ընդ որում` դրանք առնվազն դժկամությամբ են ընդունվելու Ադրբեջանում: Ռուսաստանի փոխվարչապետի պաշտոնում տխրահռչակ Դմիտրի Ռոգոզինին փոխարինելու է պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը:

Ինչպես հայտնի է` Ռոգոզինը նախկին կառավարությունում համակարգում էր ռազմաարդյունաբերական համալիրը, և իրազեկ աղբյուրները պնդում են, որ Վլադիմիր Պուտինի վստահությունը կորցրել է դեռ 2016-ի ապրիլին, երբ ձախողվել է Союз 2.1а հրթիռի փորձարկումը:

Սակայն մեզ առավելապես հետաքրքրում է Ռոգոզինի գործունեության այլ ոլորտ, որը կապված է Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցության , ավելի ստույգ` Ադրբեջանին մատակարարող ռուսական սպառազինության հետ:

Իհարկե, հեռու ենք այն պրիմիտիվ մտքից, որ միլիարդավոր դոլարների հասնող գործարքների որոշումները կարող են կայացվել մեկ պաշտոնյայի մակարդակումառանց քաղաքական որոշման կամ Կրեմլի իմացության: Նման բան անկարելի է պատկերացնել, մյուս կողմից ոլորտի պատասխանատուի անձնական գործոնը անտեսել չի կարելի, մանավանդ, որ Ռոգոզինը Ռուսաստանի իշխանության վերնախավում  համարվում է Բաքվի հիմնական լոբբիստներից մեկը:

Բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ են 2016-ի Ապրիլյան պատերազմի օրերին Բաքվում նրա հնչեցրած ցինիկ հայտարարությունները` ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին:

Անկախ այն հանգամանքից, թե ինչու է պաշտոնանկ արվում Դմիտրի Ռոգոզինը` այդ փաստը մեծ կորուստ է Ադրբեջանի համար, որն, առանց այն էլ, հարաբերությունների որոշակի ճգնաժամ ունի Ռուսաստանի հետ:

Երբեմն անձի, կոնկրետ պաշտոնյայի փոփոխությունը նշանավորում է պետության քաղաքականության վերանայում կամ շրջադարձ պետության ոլորտային քաղաքականության մեջ: Կասկածից վեր է, որ Հայաստան ժամանող ռուսաստանցի էմիսարները փորձելու են Ռոգոզինի պաշտոնանկությունը ներկայացնել հենց մեր տարածաշրջանում ռուսական քաղաքականության իբրև թե վերանայման համատեքստում: Ինչքան էլ քարոզչական այս հնարքը պարզունակ լինիպաշտոնական Երևանը պետք է կարողանա օգտվել դրանից, մանավանդ, որ Հայաստանում քաղաքական վիճակի կտրուկ փոփոխությունը հայ-ռուսական հարաբերություններում մեր երկրի սուբյեկտությունը մեծացնելու հեռանկար է բացել: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Մոսկվան, թեկուզև տակտիկական նկատառումներից ելնելով, պատրաստ է որոշակի զիջումների գնալ Հայաստանում իր ազդեցությունը չկորցնելու համար:

Մյուս կողմիցՆիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանի օրակարգում չկա ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում անդամությունը չեղարկելու հարց: Երկուստեք ձևավորվել է բարենպաստ միջավայր, որպեսզի բարձր մակարդակով քննարկվի Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարումների հարցը: Ընդ որում այսօրվա համատեքստը խիստ նպաստավոր է հայկական կողմի համար, որը կարող է որոշակի նախապայմաններ առաջ քաշել` արտաքին քաղաքականության վեկտորը չփոխելու դիմաց:

Spread the love