Ադրբեջանը ակտիվություն է ցուցաբերում ոչ միայն Ղարաբաղի, այլ սովորաբար կայուն համարվող Նախիջևանի տարածքում

zinvor

ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Վահագ Էլոյանը: Նախօրեին էլ` մեր զինվորներից մեկը ծանր վիրավորվել էր:

Առհասարակ` վերջին օրերին հայ-ադրբեջանական առաջնագծում ակնհայտ լարվածություն է նկատվում, ինչը, բնականաբար, նույնիսկ միջազգային փորձագիտական շրջանակներում ակտուալացնում է պատերազմի վերսկսման մասին խոսակցությունները:

Ադրբեջանը ակտիվություն է ցուցաբերում ոչ միայն Ղարաբաղի, այլ սովորաբար կայուն համարվող Նախիջևանի տարածքում, որտեղ առաջ է բերել դիրքերըմոտենալով հայկական դիրքերին ու բնակավայրերին: Նույնիսկ ադրբեջանական քարոզչությունը երեկ օգտագործեց հայկական կողմի հումանիզմը Նախիջևանի լքված գյուղերից մեկի գերեզմանատանը մարդկանց այցելությունը ներկայացնելով իրենց զինուժի իբրև թե տարածքային առաջխաղացման համատեքստում:

Բաքվում պատրաստվում են պատերազմի, ինչի պերճախոս վկայությունն իրականացվող ագրեսիվ քարոզչությունն է: Ընդ որում` դա չի կարող հասցեագրված լինել ներքին լսարանին, որովհետև Ադրբեջանում ընտրությունները վաղուց ավարտվել են:

Ըստ ամենայնի` Բաքվում անուղղակի արձագանքում են Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանն, ինչի դրսևորումներից մեկը դարձավ Արցախին բանակցային գործընթաց վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի պահանջը:

Բաքվում թերևս կարծում են, որ հիմա պատերազմ սանձազերծելու ամենապատեհ ժամանակն

է, քանի դեռ հայկական հեղափոխության արժեքները չեն կապիտալացվել նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Դրանից հետո Հայաստանի դիրքերն անհամեմատ ամուր կլինեն թե բանակցային սեղանի շուրջ և թե` ըստ անհրաժեշտության, ռազմի դաշտում:

Բաքվում շտապում են, քանի դեռ Հայաստանի նոր իշխանության քաղաքականությունն որակական փոփոխությունների չի հանգեցրել ԼՂ բանակցային գործընթացում և հայ- ռուսական հարաբերություններում:

Սերգեյ Լավրով-Զոհրաբ Մնացականյան հանդիպման ժամանակ ՌԴ արտգործնախարարը հայտարարեց, թե բանակցություններին Արցախի մասնակցության հարցում պայմանավորվելու խնդիր ունեն Երևանն ու Բաքուն: Հայկական փորձագիտական շրջանակներում այն կարծիքն է ձևավորվել, թե Լավրովն, ըստ էության, չի հակադրվել Երևանի մոտեցմանը` գնդակը թողնելով Ադրբեջանի դաշտում: Գուցե Բաքվում այլ կարծիքի են ու մտածում են, թե Լավրովը դիվանագիտորեն մերժել է Նիկոլ Փաշինյանի առաջարկը և համերաշխվել է Բաքվի դիրքորոշմանը: Ադրբեջանի վերջին օրերի գործողությունները հուշում են, որ Մոսկվայի դիրքորոշումը Բաքվում նույնիսկ պատերազմ սանձազերծելու ազդակ է հանդիսացել:

Երևանը պահանջում է Արցախի մասնակցությունը բանակցություններին, Ադրբեջանը դրան պատասխանում է կրակոցներով ու պատերազմի սպառնալիքով: Մոսկվան, ցանկության դեպքում, կարող է կանխել նոր պատերազմը, եթե հայտարարի Ադրբեջանին սպառազինությունների մատակարարման դադարեցման մասին: Դա առաջին հերթին կլինի Մոսկվայի քաղաքական ուղերձը` նոր պատերազմի անթույլատրելիության մասին: Բաքուն չի գնա պատերազմի, եթե նոր պատերազմի հարցում դաշնակից չունենա:

Հիմա գնդակը թերևս Հայաստանի նոր իշխանությունների դաշտում է, որոնք պետք է ապացուցեն, որ հայ-ռուսական հարաբերությունները նոր որակ ու բովանդակություն ունեն:

Spread the love