Ադրբեջանի համար առաջանում են լուրջ խնդիրներ, եթե ռազմական գործողությունները երկարում են

Ilham Aliev

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ առաջիկա օրերին նախատեսված մեծ զորահանդեսում Ադրբեջանը կցուցադրի զինատեսակներ, որոնք նոր են և ի վիճակի են թիրախներ չեզոքացնել Հայաստանի խորքում անգամ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը չի թաքցրել, որ Իլհամ Ալիևը հանձնարարել է բանակը պատրաստել լայնածավալ ռազմական գործողությունների: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարում է Նախիջևանում, այսպես կոչված, 11 հազար հեկտար տարածություն «ազատագրելու» և Լաչինի ճանապարհը «վերահսկելու» մասին:

Ակնառու է, որ դա սուտ է, ու թեև Նախիջևանում Բաքուն դիրքային շարժեր է իրականացրել, սակայն գերազանցապես իր վերահսկողության տակ գտնվող գոտում, և հայկական դիրքերը անխախտ են: Ավելորդ է խոսել ճանապարհի, այսպես ասած, նշանառության կամ վերահսկելիության մասին, որն անցնում է Նախիջևանի հետ սահմանային հատվածով: Դա ակնհայտ ապատեղեկատվություն, հնարովի քարոզչություն է:

Ըստ այդմ՝ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է այդպիսի հզոր բանակի մասին հայտարարող Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը տարածում քարոզչական ապատեղեկատվություն հողերի իբր թե ազատագրման մասին:

Մի՞թե չի համբերում, որ հզոր բանակով, գերժամանակակից սպառազինությամբ իրենց լեզվով ասած՝ «ազատագրի» տարածքները և հետո արդեն իրական տեղեկատվություն տարածի դրա մասին: Արդյո՞ք դա չի նշանակում, որ Բաքուն իրականում ոչ թե չի համբերում, այլ թերևս գիտի, որ այդ հնարավորությունը չունի, որքան էլ ունի ժամանակակից սպառազինություն: Այդ սպառազինության ծավալը, բանակի մարտունակությունը Հայաստանի համեմատությամբ, մեղմ ասած, այն վիճակում չեն, որ ապահովեն Ադրբեջանի հեշտ և արագ հաղթանակ, էլ չասած նույնիսկ դանդաղ և դժվար հաղթանակի հնարավորության, մեղմ ասած, հարցական լինելու մասին:

Մինչդեռ, Ադրբեջանի համար առաջանում են լուրջ խնդիրներ, եթե ռազմական գործողությունները երկարում են: Դա նշանակում է, որ եթե անգամ Հայաստանն էլ չհաղթի, Ադրբեջանը չի հաղթի հաստատ: Ո՞վ կհաղթի՝ երրորդ երկրներից, խոշոր հաշվով, Բաքվի համար արդեն թերևս նշանակություն էլ չի ունենա, որովհետև հաղթողը հաստատ Թուրքիան չի լինելու: Բաքվում, անշուշտ, շատ լավ են հասկանում այդ խնդիրները: Իհարկե, Ալիևը երկակի վիճակում է: Մի կողմից նա ունի ներքին լեգիտիմության լրջագույն խնդիրներ, որոնք քիչ թե շատ հարթելու տարբերակ է ռազմա-հայրենասիրությունը: Մյուս կողմից, սակայն, հատկապես ապրիլյան քառօրյայից հետո, որի վերաբերյալ Ալիևը ևս պատրաստել էր «դարի հաղթանակի» և «ազատագրման» քարոզչական կեղծ արշավ, նա կանգնած է դիլեմայի առաջ. ինչի՞ն է սպասում Ադրբեջանը, եթե կարող է ստիպել Հայաստանին նահանջել: Դա ադրբեջանական հասարակության հարցն է, որ Ալիևը, իհարկե, լավ է զգում:

Որոշակի ժամանակահատված Ալիևը հայտարարում էր, որ սպասում է Հայաստանում ընտրությունների, այսինքն՝ ուղղակի նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հեռանալու և վարչապետի պաշտոնում մնալու գործընթացի ավարտին, դրանից հետո ակնկալելով «ինտենսիվ բանակցություններ»: Սակայն բանն այն է, որ նա չէր սպասում, որ Հայաստանում ամեն ինչ կավարտվի թավշյա հեղափոխությամբ և իշխանափոխությամբ, որի արդյունքում Հայաստանում իշխանության է եկել բացառիկ հանրային լեգիտիմությամբ օժտված ուժ, որի արդյունքում Հայաստանը ստացել է միջազգային բարձր արձագանքներ, վարկանիշի աճ, Հայաստանում սկսվել է իրական պայքար կոռուպցիայի և գանձագողության դեմ, սկսվել է պայքար միջոցների խնայողության, էֆեկտիվ կառավարման հաստատման ուղղությամբ: Այս ամենից բացի, հիմք ընդունելով այդ նախադրյալները, Երևանը սկսել է ավելի ինքնավստահ լինել և Արցախի խնդրում դրսևորել սեփական շահի ու անվտանգության հարցում առավել սկզբունքային մոտեցում, մասնավորապես բանակցություն Ացախի վերադարձի մասով:

Այս իրավիճակում Ալիևին չի մնում այլ բան, քան դիմել ռազմական շանտաժի՝ ցույց տալու համար, որ, եթե Երևանը մի քիչ էլ հապաղի և սկզբունքայնություն խաղա, ապա նա կանցնի պատերազմի: Նիկոլ Փաշինյանի Մոսկվա ացը, հետո Սու-30-ի խցիկում լուսանկարը ցույց տվեցին, որ ադրբեջանական շանտաժը չի աշխատում: Մյուս կողմից՝ Բաքուն հասկանում է, որ ևս մի լայնածավալ արկածախնդրությունը կարող է ավարտվել բավականին վատ: Միևնույն ժամանակ էլ դժվար է հրաժարվել ռազմական հռետորաբանությունից՝ կա ադրբեջանական հանրության հարցը, որի մասին խոսել էինք վերևում:

Ահա այդ իրավիճակում Ալիևին մնում է ստեղծել հաղթանակի և «ազատագրման» տպավորություն, որպեսզի երբ հարցնեն, պատասխանի, որ ձեռքերը ծալած չի նստում: Դրա համար մնում է ստել սեփական հանրությանը: Թող անի, Հայաստանի և Արցախի համար բացարձակապես վատ չէ, երբ Ալիևը սուտ է խոսում, կամ ադրբեջանական զինվորականներն են ստում Ալիևին: Թող ստեն: Բայց նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Ադրբեջանի սպառնալիքները և շարժերը սուտ են, և ուրիշ ոչինչ: Իհարկե, չի կարող այդպես նշանակել, և ադրբեջանական վտանգը թերագնահատել պետք չէ, երբեք, անգամ եթե Ադրբեջանը որևէ սպառնալից հայտարարություն չանի: Հայաստանը և Արցախը միշտ, ամեն րոպե, ամեն ժամ պետք է լինեն զգոն և պատրաստ, որովհետև դա է, ի վերջո, Ադրբեջանին տեղում գամելու առանցքային նախադրյալը:

Պարզապես, դա պետք է լինի մեր առօրյա պետական և հանրային գործը, ըստ այդմ՝ կարիք չկա շեղվել այդ գործից սահմանային, այսպես ասած, ամփոփագրերով, թե ինչ է եղել կամ ինչ է լինում, եթե, իհարկե, խոսքը, Աստված մի արասցե, հարձակման կամ պատերազմի մասին չէ: Եթե խոսքն այդ մասին չէ, ապա սահմանը դիտարկողներն ու պատասխանատուները ունեն իրենց այդ գործն ու անում են, ըստ այդմ՝ կարիք չկա Ադրբեջանի ամեն մի խոսքով կամ շարժով շեղել հանրությանը իր ամենօրյա գործից, որի սկզբունքը պետք է լինի խաղաղությունը պահպանելու նպատակով համակողմանիորեն պատրաստվել պատերազմին՝ պետական կյանքի վերափոխումների և զարգացման միջոցով:

Spread the love