ԱԺ արտահերթ ընտրություններն՝ անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում

- in Ընտրություններ
Yntrutyun

Հայաստանի կառավարության ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված արտահերթ ընտրությունների անցկացմանը: Կառավարության ծրագրում նշվում է, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո ակնհայտ է դարձել, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները, նախապատվությունները և ուժերի իրական հարաբերակցությունը:

«Այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում»,- ասված է կառավարության ծրագրում:

Կառավարությունը կարևորում է այնպիսի արտահերթ ընտրությունների անցկացումը, որը կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական: Այդպիսի ընտրություններ անցկացնելու և ընտրությունների` հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրելու համար անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ:

Նշվում է, որ այդ փոփոխություններով անհրաժեշտ է հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի, ձևավորել նորիրական պատկերն արտահայտող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով, բացառել կրկնաքվեարկությունների հնարավորությունը քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա և ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով, օրենքով երաշխավորել ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին անվճար և վճարովի հիմունքներով եթերաժամերի տրամադրումն ամենադիտվող ժամերին, բացառել քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը:

Ծրագրում նշված է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում:

Spread the love