ԱԺ-ի արտահերթ ընտրություններ այս տարի չեն լինի՞

Garnik Vagharshakyan

Սահմանադրությամբ պառլամենտական երկիր Հայաստանի Հանրապետությունում թավշյա հեղափոխությունից հետո դասական իմաստով քաղաքական ճգնաժամ է առաջացել:

Գործադիր իշխանությունը ձևավորվել է քաղաքացիական շարժման հաղթանակի արդյունքում, մինչդեռ ԱԺ-ն 2017թ. ձևավորվել է ՀՀԿ-ի բացարձակ իշխանությամբ: Ի դեպ, ՀՀԿ-ի բացարձակ իշխանությունը եղել է բոլոր թևերում:

Այսօրվա իրողությունը հաստատում է, որ իշխանության թևերը ոչ թե հավասարակշռված են, այլ երկփեղկված` արդյունքում ունենք պառլամենտական երկրին ոչ բնորոշ հայտանիշ: Այդ մասին տեսակետ են հայտնում նաև միջազգային կառույցները, որոնք տեսնում են ոչ դասական քաղաքական վերադասավորումներ:

Ստեղծված իրողության պայմաններում գործադիր իշխանությունը հայտարարել է, որ ցանկանում է կազմակերպել արտահերթ ընտրություններ, որին ժամ առաջ սպասում են արտախորհրդարանական այն քաղաքական կուսակցությունները, որոնք չկարողացան հաղթահարել 2017թ. ԱԺ-ում հայտնվելու նվազագույն շեմին:
Քաղաքական ճգնաժամը շարունակվում է և այդ ընթացքում ՀՀԿ-ի կուսակցությունից դուրս են գալիս պատգամավորներ:

Գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ն իր բարձրագույն պառլամենտական վերնախավով չի ցանկանում գնալ արտահերթ ընտրությունների, այդ իսկ պատճառով պատրաստ է «նվիրաբերել» կամ «զոհաբերել» որոշ պատգամավորների, որպեսզի ԱԺ-ում ՀՀԿ-ն դառնա քաղաքական դասական փոքրամասնություն: Այս կերպ ՀՀԿ-ն կմնա ԱԺ-ում, իսկ գործադիրը չի ունենա որևէ խնդիր օրինագծերը անցկացնել:

Արդյունքում կունենանք ԵԽԽՎ-ի պահանջներին համապատասխան քաղաքական մոդել, որը հարիր է պառլամենտական երկրին:

Բացի այդ, մինչ ԱԺ-ի արտահերթ ընտրությունների կազմակերպումը, անհրաժեշտ է փոխել ոչ միայն ընտրական օրենսգիրքը, այլև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայիս կազմը, լուծել ընտրական տեղամասերի արդարացի ձևավորման խնդիրը, վերանայել Սահմանադրական դատարանի կազմը, բյուջեում ունենալ համապատասխան ֆինանսավորում, ընտրությունների նախապատրաստման ամբողջ փաթեթը արժանացնել Վենետիկի հանձնաժողովի հավանությանը և, ի վերջո, շարքային քաղաքացիների համար մի քանի հիմնարար խնդիրներ լուծել, որպեսզի մայիսյան զարթոնքը չխամրի:

Այս ամենից զատ խնդրահարույց է, որ առայժմ իշխանության կարևորագույն թևերից մեկըդատական համակարգը ձևավորվել է ՀՀԿ-ի առաջադրմամբ և ունի որոշակի անբեկանելի իրավասությունների շրջանակ մինչև լիազորությունների ավարտը: Վերջինիս դերակատարումը վճռորոշ կարող է լինել ընտրությունների ավարտից հետո բողոքարկումների հայցեր ընդունելիս և վճիռ կայացնելիս:

Ամեն դեպքում այս տարի ԱԺ-ի ընտրություններ կարծում եմ տեղի չեն ունենա, այն նպաստավոր չէ ՀՀԿ-ի և նաև գործադիր իշխանության համար:

Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ

Spread the love