Ակնհայտ հակասություններ են առաջանում Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի թիմերի միջև

- in Կեղտոտ լվացք

Թավշյա հեղափոխությունից հետո երկրորդ անգամ խորհրդարանը չկարողացավ ընտրել Սահմանադրական դատարանի անդամ: «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները բոյկոտել էին քվեարկությունը. Ելիզավետա Դանիելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 36, դեմ՝ 17 պատգամավոր: Դանիելյանը պետք է ստանար պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ի ձայները, այսինքն՝ անհրաժեշտ էր առնվազն 63 ձայն:

Հեռու ենք այն մտքից, թե սա լոկալ վերաբերմունք է կոնկրետ թեկնածուի կամ հարցի վերաբերյալ:

Թավշյա հեղափոխությունից հետո երկրում ստեղծվել է միանգամայն նոր քաղաքական իրավիճակ, ինչի հետևանքով խորհրդարանը կորցրել է քաղաքական լեգիտիմությունըհայտնվելով ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ: Այս միտումն ավելի խորացավ այն բանից հետո, երբ խորհրդարանում ֆորմալ հարթության վրա վերացավ խորհրդարանական մեծամասնությունը: Ճգնաժամը խորանալու միտում ունի, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մի կողմից չեն վերանում հակասությունները «Ելք» դաշինքի ներսում, մյուս կողմից ակնհայտ հակասություններ են առաջանում Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի թիմերի միջև:

Վստահաբար կարելի է արձանագրել, որ խորհրդարանը` այսօրվա խճանկարով, չի կարող որոշումներ ընդունել առնվազն այն հարցերում, որոնց համար պահանջվում է 3/5-ի շեմը:

Հենց այդքան կողմ քվեարկություն է պետք, որպեսզի խորհրդարանը բարեփոխումներ իրականացնի Ընտրական օրենսգրքում: Նաև այս հանգամանքով էր Նիկոլ Փաշինյանը մոտիվացնում արտահերթ ընտրությունների հետաձգումը մեկ տարով: Սակայն չկա ոչ մի երաշխիք, որ, օրինակ, աշնանը խորհրդարանում կարող է կոնսենսուս ձևավորվել ընտրական օրենսդրությունը բարեփոխելու հարցում. խորհրդարանն անգործունակ է դառնում յուրաքանչյուր օրվա հետ:

Մյուս կողմիցեթե Նիկոլ Փաշինյանի և «Ծառուկյան» դաշինքի հարաբերություններում ճգնաժամը խորանա, ապա գործող կառավարությունը չի կարող համարվել նույնիսկ խորհրդարանական փոքրամասնության կոալիցիա: Խորհրդարանական ճգնաժամը կարող է փոխակերպել ավելի համապարփակ ճգնաժամի տարածելով նաև իշխանության մյուս ինստիտուտների վրա:

Ապրիորի նման իրավիճակը հղի է քաղաքական անկանխատեսելի հետևանքներով: Խորհրդարանի անգործությունըհատկապես պառլամենտական կառավարման մոդելում, կարող է հանգեցնել իշխանության ներսում հակակշիռների ինստիտուտի խաթարմանը դրանից բխող ռիսկերով:

Սակայն սա այսօրվա Հայաստանի համար հիպոթետիկ վարկած է: Հայաստանում շատ ավելի հնարավոր է հեղափոխության անիվը «հետ պտտեցնելու» գործընթացը, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մերժելու հենքով խորհրդարանում կարող է, թեկուզև տակտիկական, դաշինք ձևավորվել ՀՀԿ-ի և «Ծառուկյան» խմբակցության միջև: Այդ պարագայում մեկ տարի հետո կունենանք ոչ թե ԱԺ արտահերթ ընտրություններ, այլ կառավարության անվստահության խորհրդարանական գործընթաց, որը փաստացի խմբագրելու է հեղափոխության հետևանքները:

Այս ռիսկերը գուցե չափազանցված են թվում, սակայն շատ ավելի վտանգավոր կլինի, եթե Փաշինյանը իր մարտավարությունը կառուցի հեղափոխական էյֆորիայի կամ Ծառուկյանի հավատարմության խոստումների հենքով: Վերջին երկու օրերի իրադարձությունները խորհրդարանական ընտրությունների արագ անցկացումը դարձնում են օբյեկտիվ անհրաժեշտություն: Շատ ավելի նպատակահարմար է այս փուլում ևս մեկ անգամ օգտագործել հասարակական ճնշման ռեսուրսը հեղափոխությունն ավարտին հասցնելու համար, քան մեկ տարի անց բախվել նախահեղափոխական իրականություն վերադառնալու վտանգի հետ:

Spread the love