Աղվան Հովսեփյանի որդու՝ Վահեի գլխավորած մասնավոր հիմնադրամին նվիրաբերել է 51 մլն դրամ, ինչո՞ւ

- in Մամուլ
aghvan-hovsepyan

syuniacyerkir.am-ը գրում է․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը, որի հիմնադիրն է Քաջարանի կոմբինատը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր և է Վահե Հակոբյանը, 2016 թվականին ունեցել է 883.3 մլն դրամ ֆինանսական մուտքեր:

Ֆինանսավորման աղբյուրների մեջ նշված է նաև ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար, շատ հարգելի  Աղվան Հովսեփյանի որդու՝ Միսակ Աղվանի Հովսեփյանի անունը, ով 50 մլն դրամ է նվիրաբերել Վահե Հակոբյանի գլխավորած մասնավոր հիմնադրամին:

Հիմնադրամին 1 մլն դրամ է նվիրաբերել «Բելազ Կավկազ Տրանս Սերվիս» ՍՊ ընկերությունը, որը նույնպես պատկանում է Միսակ Հովսեփյանին:

Առաջին հայացքից առավել քան սովորական վիճակ է՝ քաղաքացին 51 մլն դրամ է նվիրաբերել ինչ-որ մասնավոր հիմնադրամի, բայց…

Հայաստանի երրորդ հանրապետության ամենաազդեցիկ դեմքերից մեկի՝ Աղվան Հովսեփյանի ընտանիքը 51 մլն դրամ է նվիրաբերում Հայաստանի ամենախոշոր լեռնահանքային ընկերության՝ Քաջարանի կոմբինատի կողմից հիմնադրված մասնավոր հիմնադրամին:Դա էլ, միգուցե, համարենք սովորական հանգամանք, սակայն…

Աղվան Հովսեփյանի ընտանիքին պատկանող «Բելազ Կավկազ Տրանս Սերվիս» ՍՊ ընկերությունն առևտրային կապերի մեջ է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության հետ, որի ստվերային ղեկավարը 2014-ի հուլիսից Վահե Հակոբյանն է:

Ըստ Քաջարանից ստացված տեղեկությունների՝ այդ ՍՊԸ-ն է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ին մատակարարում «Բելազ» -ի և այլ մեքենաների ավտոդողեր. այո, հենց այդ ՍՊ ընկերությանն է տրվել բացառիկ այդ բիզնեսը:

Այնուհետև՝ Աղվան Հովսեփյանի ընտանիքին պատկանող մեկ այլ ընկերություն էլ Մեղրի գետի վրա կառուցել և շարունակում է կառուցել հիդրոէլեկտրակայաններ:

Սակավաջուր, իսկ ամռան ամիսներին գրեթե ջրազուրկ Մեղրի գետի վրա հէկերի կառուցման դեմ ընդվզող մեղրեցիների դժգոհություններին հետևողականորեն ընթացք չի տվել Սյունիքի երբեմնի մարզպետ Վահե Հակոբյանը:

Կարելի է ենթադրել, որ Աղվան Հովսեփյան զորավոր մարդու ընտանիքը հենց այդ կապերի և առնչությունների անսասանությունն ապահովելու համար է երախտագիտություն հայտնել Վահեին՝ նրա գլխավորած մասնավոր հիմնադրամին նվիրաբերելով 51 մլն դրամ:

Հո չե՞նք ասի, որ  գումարը տրվել է Սյունիքի մարզին, մանավանդ որ պարզ չէ դեռևս, թե այդ հիմնադրամը Սյունիքում ինչ աշխատանքներ է կատարել:

Դա էլ՝ մի կողմ:

Այլ հարց է հիմա մեզ հետաքրքրում:

Արդյո՞ք Աղվան Հովսեփյանի ընտանիքն այդկերպ է միայն երախտագիտություն հայտնել Վահե Հակոբյանին:Արդյո՞ք այդ կապերի և առնչությունների շնորհիվ էր, որ Վահե ավազակապետը տեղի-անտեղի հայտարարում էր, թե ինքն է Սյունիքում քրեական գործեր հարուցում, քրեական գործեր կարճում, նախաքննության ժամկետներ երկարաձգում:

Արդյո՞ք «Բելազ»-ի ավտոդողերի մատակարարման անխափանությունն ապահովելու համար չէ ՀՀ քննչական կոմիտեն լռությամբ հետևել, թե ինչպես է Սյունիքի ավազակապետը,  տեղի ոստիկանների ինքնիրավչությամբ, շրջանցելով Հայաստանի Հանրապետության օրենքներն ու Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, «Սյունյաց երկրի» դեմ մի քանի օրվա ընթացքում չորս-հինգ քրեական գործ  շինել:

Spread the love