Ամենամեծամասշտաբ կոռուպցիոն գործն է. Նիկոլ Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի մեկնարկին վարչապետ Փաշինյանը, մասնավորապես նշել է. «Կարծում եմ ՝ տեղյակ եք երեկվա և նախորդ օրվա իրադարձություններին:  Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը և նրան պատկանող տարածքներում տեղի են ունեցել խուզարկություններ: Առանց որևէ անմեղության կանխավարկած խախտելու՝ ուզում եմ արձանագրել, որ մենք գործ ունենք թերևս երրորդ հանրապետության պատմության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ: Սա առանձնանում է նրանով, որ բացահայտումները բառիս բուն իմաստով ցնցող են, շոկային են հայ հանրության համար: Երեկ աշխատանքային կարգով շնորհակալություն եմ հայտնել ԱԱԾ տնօրենին և նրան խնդրել եմ շնորհակալոթյան խոսքեր փոխանցել ԱԱԾ այն աշխատակիցներին, ովքեր մշակել են այս օպերացիան և իրականացրել, ուզում եմ այդ շնորհակալության խոսքերը կրկնել պաշտոնապես: Կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ գործողությունը մեկ օրում չէ կազմակերպվել, դրան նախորդել է ծավալուն աշխատանք և այս աշխատանքի ընթացքում մենք նաև որոշակի խնդիրներ և օրակարգ ենք ձևակերպել, որը վերաբերում է նաև իրավապահ համակարգի փոխգործակցության խնդիրներին: Առաջիկա օրերին խորհրդակցություն կհրավիրեմ այս թեմայով, որպեսզի մենք այս հարցում որոշ հստակեցումներ մտցնենք և զարգացնենք իրավապահ համակարգի փոխգործակցության մակարդակը: Հույս ունեմ, որ այս գործի քննությունը կընթանա պատշաճ մակարդակով, որովհետև արդեն ասացի, որ ըստ ամենայնի և մեծ հավանականությամբ, չեմ ուզում այլ մեկնաբանություններ և վերջնական պնդումներ անել՝ այլ մեկնաբանությունների տեղիք չտալու համար, բայց կարծում եմ՝ ակնհայտ է, որ գործ ունենք կոռուպցիոն մեծամասշտաբ երևույթի հետ: Գործը հանձնվել է Հատուկ քննչական ծառայությանը, ես հույս ունեմ, որ քննությունը կընթանա պատշաճ մակարդակով և գլխավոր դատախազությունը կապահովի քննության պատշաճ մակարդակը: Ասեմ, որ ինչպես ես, այնպես էլ հայ հանրությունը չի տեսնում որևէ խոչընդոտ, որպեսզի այս գործի բոլոր մանակիցները բացահայտվեն և կանչվեն պատասխանատվության, անկախ նրանց կոչումներից, կարգավիճակներից և այլ հարակից հանգամանքներից: Այս գործը պետք է բացահայտվի մինչև վերջ և, ինչպես մյուս բոլոր դեպքերում, որևէ արգելակներ և խոչընդոտներ չկան և չեն կարող լինել:  Ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ կոռուպցիայի հետ որևէ կոմպրոմիս չի լինելու, մենք հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիան արմատախիլ է արվելու, և որևէ մեկը չկասկածի, որ մենք այս նպատակին հասնելու ենք ամենավճռական և ամենաարդյունավետ քայլերով: Հիմա արդեն կարող ենք հստակ արձանագրել, որ երկար տարիներ մեր արած այն պնդումները, որ երկիրը համակարգային կերպով թալանվել է, այդ պնդումները հիմնավորվում են և այս թալանի բոլոր մասնակիցները պետք է բացահայտվեն ու պատասխանատվության կանչվեն: Օգտվելով առիթից, ուզում եմ ևս մեկ դիտարկում անել. երբեմն այնպիսի տպավորություն եմ ստանում, թե մեր իրավապահ համակարգի որոշ կառույցներ դադարի վիճակում են, նրանք ուզում են հասկանալ, այսինքն ոմաց թվում է, թե այս հայտարարությունները կարող է շարքային հայտարարություններ են և, այսպես ասած, ժամանակը կանցնի ու բոլորը կմոռանան, թե ինչի համար էին հավաքվել: Չգիտեմ բոլորը կմոռանան, թե ոչ, բայց ինքս չեմ մոռանա դրա մասին, և ես հույս ունեմ, որ իրավապահ համակարգը լրջորեն կմտածի կոռուպցիայի դեմ պայքարում իր արդյունավետությունը բարձրացնելու մասին և մենք ստիպված չենք լինի այս թեմային մի քանի անգամ անդրադառնալ: Մենք հաջորդ անգամ այս թեմային կանդրադառնանք առաջիկայում հրավիրվելիք խորհրդակցության ընթացքում և այսպիսի ֆորմատով դա կլինի մեր վերջին խոսակցությունը, որից հետո մենք բոլորս պետք է ակնկալենք կոնկրետ արդյունքներ: Հայաստանի իրավապահ համակարգի առաջ որևէ քրեական գործի քննության ճանապարհին չկա որևէ խոչընդոտ: Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ և իրավապահ համակարգի խնդիրն է սա ապացուցել: Այսինքն ոչ թե ապացուցել, սա արդեն ապացուցված է, այլ իրագործել: Եվ ես հույս ունեմ, որ այս հարցում մենք կաշխատենք արդյունավետ»:

Spread the love