Ռուս-ամերիկյան մոտեցումները հիմնարար են՝ Ադրբեջանի ռազմական մտադրությունների տեսանկյունից

Putin Aliev

Հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին՝ «Արմենպրես»-ը մեջբերել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վոլոդինի հայտարարությունը, որ նա արել է Արցախի խնդրի մասով Ադրբեջանի մեջլիսի նախագահի հետ հանդիպմանը: Վոլոդինը հայտարարել է, որ չպետք է թույլ տալ իրավիճակի սրացում Լեռնային Ղարաբաղում:

«Լեռնային Ղարաբաղի հարցերը չեն կարող մեզ չանհանգստացնել: Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես է գալիս այդ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին… Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հօգուտ հարաբերությունների սրման, բոլոր նրանք, ովքեր չեն լսում խաղաղ ապրելու ժողովրդի ցանկությունը, իհարկե գնում են լարվածության ճանապարհով»,- ասել է ՌԴ Պետդումայի խոսնակը:

Փաստացի Վոլոդինը մեղադրել է Ադրբեջանի իշխանությանը, որովհետև Ադրբեջանի իշխանությունն է միակ սուբյեկտը, որը սրում է իրավիճակը և խոսում ռազմական, պատերազմական լեզվով: ՌԴ Պետդումայի խոսնակի հայտարարությունը հատկապես ուշագրավ է հնչում հունիսի 26-ին Բաքվում նախատեսված ռազմական շքերթին ընդառաջ, որում Ադրբեջանը պլանավորում է ցուցադրել իր նոր զինատեսակները, մասնավորապես՝ հեռահար հրթիռային:

Վերջին շրջանում Բաքվի ռազմական մտադրությունների թեման Հայաստանում դարձել է բավականին ակտիվ խոսակցությունների և դիտարկումների առարկա, ընդ որում՝ տարբեր դիտանկյուններից: Դրանցում իհարկե նկատելիորեն գերիշխում է մի դիտանկյուն, որից փորձ է արվում Բաքվի ռազմատենչության ֆոնին ներկայացնել Հայաստանի նոր իշխանության «անհամարժեքությունը» անվտանգության խնդիրներին: Այլ կերպ ասած՝ Հայաստանում նկատելի է ադրբեջանական ռազմական քարոզչության ուղղակի թե անուղղակի գեներացիա հայկական որոշ աղբյուրների միջոցով՝ նոր իշխանությանը հարվածելու նպատակով: Այսինքն՝ այդ իմաստով ադրբեջանական քարոզչությունը հասնում է իր նպատակին, ավելի շուտ՝ նվազագույն նպատակին:

Որն է Ալիևի առավելագույն նպատակը՝ բավականին դժվար է ասել: Նա իհարկե հայտարարել է, որ դա ընդհուպ Երևանն է, սակայն այստեղ իհարկե հասկանալի է, որ մենք խոսում ենք իրապաշտական, հասանելի, այսպես ասած՝ մատչելի նպատակների մասին: Այդ տեսանկյունից աքսիոմատիկ է, որ Ալիևի նպատակն է յուրաքանչյուր հասանելի մետրը, և եթե հայկական կողմը թույլ տա գալ մեկ քայլ առաջ՝ նա կգա այդ քայլը, եթե թույլ տրվի գալ տասը քայլ առաջ՝ նա կգա տասը քայլ: Ըստ այդմ, խնդիրը առաջին հերթին հայկական կողմի դիմադրունակությունն է:

Մյուս կողմից՝ հարցը անշուշտ ունի նաև ավելի լայն կոնտեքստ, և այստեղ իհարկե պետք է նաև արձանագրել, որ Ալիևը միայն հայկական կողմի թույլ տալով չէ, որ առաջ կգա: Ի վերջո, ռեգիոնալ կոնֆիգուրացիան, ռազմաքաղաքական ստատուս քվոն միայն Հայաստանին ու Ադրբեջանին չէ, որ վերաբերում են: Ըստ այդմ՝ այստեղ կան այլ շահեր ու խաղացողներ ևս, և այդ իմաստով պետք է արձանագրել, որ սկզբունքորեն կա սահման, գիծ, որից այն կողմ առաջ կամ ետ գնալը արդեն միայն հայ-ադրբեջանական տիրույթի գործ չէ, այլ արդեն ավելի բարձր մակարդակում հավանություն ունենալու: Այդ իմաստով Ռուսաստանի դերն իհարկե առանցքային է՝ հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ իրողություններ ու հանգամանքներ:

Մյուս կողմից՝ անշուշտ առանցքային է նաև ԱՄՆ դերը, որը կարող է իրականացվել Ռուսաստանի վրա ազդեցությամբ: Այս տեսանկյունից ռուս-ամերիկյան մոտեցումները դառնում են հիմնարար՝ Ադրբեջանի ռազմական մտադրությունների, այսպես ասած, գործնականության տեսանկյունից: Վոլոդինի զգուշացումը հատկանշական է, առավել ևս Պուտինի՝ հունիսի 13-ին Ալիևի հետ հանդիպմանն արած հայտարարության ֆոնին, որ մանրամասն հարցերի քննարկումը կանի օգոստոսի 30-ին, երբ Ալիևն այցելի Մոսկվա: Մինչ այդ Պուտինը ամենայն հավանականությամբ կհանդիպի Թրամփի հետ: Ինչ նորություն կլինի այդ հանդիպումից հետո Կովկասի իրավիճակի համար:

Առայժմ ակնառու է, որ այդ իրավիճակի սրումը չի բխում որևէ մեկի շահից, և թող չթվա տարօրինակ, բայց նաև՝ Ադրբեջանի: Այլ հարց է, որ Ալիևը կարող է գնալ մեծամասշտաբ քարոզչությամբ ավելի լոկալ սադրանքների: Այստեղ իհարկե աներկբա է մի բան, որ հայկական կողմը պետք է լինի բազմապատիկ զգոն ու աչալուրջ՝ դրանք թույլ չտալու համար:

Spread the love