Այս անգամ թերևս աղետի ամբողջ պատասխանատվությունը  դուրս  կգրվի բնության ու Կարեն Կարապետյանի հրթիռային ֆանտազիայի վրա

Karen Karapetyan

Հունիսի 20-ին ՀՀ Արմավիրի մարզի շուրջ 35 համայնքներում տեղացած ուժեղ կարկուտը լուրջ ավերածություններ է պատճառել:

Ամբերդ գյուղի գյուղապետ Մանվել Բաբայանի ներկայացմամբ  կարկուտը տևել է շուրջ 30 րոպե, որից հետո  իրենց ու հարևան գյուղերում աճեցված միրգն ու բանջարեղենը գրեթե հարյուր տոկոսով վնասվել են: Նա նշել է նաև, որ իրենց համայնքն արդեն երրորդ տարին է, որ նման կարկատահրության է ենթարկվում: Տեղացած կարկուտից հետո համայնքներ է այցելել մարզպետ Գագիկ Միրիջանյանը, հանդիպելով  գյուղացիների հետ խնդրել է տեղերում ստեղծել հանձնաժողովներ, որպեսզի գնահատեն վնասի չափն ու մարզպետարանի միջոցով ներկայացնեն կառավարությանը որոշակի հատուցման հույսով:

Նախօրեին կառավարության նիստից առաջ  պատասխանելով լրագրողների հարցերին կարկտահարության խնդրին է անդրադարձել  նաև  գյուղատնտեսության նախարարն, անելով բավականին երկիմաստ, մտորելու տեղիք տվող հայտարարություններ: «Հակակարկտային կայանները չեն աշխատել այն մակարդակով, որը մենք կուզեինք: Գոնե Կոթիում, սահմանի հենց եզրին է եղել, դրա համար չեն աշխատել, բայց եթե աշխատեին այն մակարդակով, որը մեր համար ցանկալի է, գոնե այս պատկերը չէինք  ունենա»: Կոթիի պարագայում նախարարի խոսքը, բնականաբար, Արմավիրի մարզին չի վերաբերում: Բայց, անհասկանալի է նախարարի արտահայտությունը. «Կոթին սահմանին է գտնվում դրա համար էլ չեն կրակել»: Հավանաբար նախարարն ի նկատի է ունեցել հանրապետությունում գործող երկու հրթիռային հակակարկտային կայանքները, որ կարող էին  պաշտպանել նաև այդ տարածաշրջանը ու չեն պաշտպանել: Սակայն ինչպեփս մինչև այժմ հավաստիացրել են պատասխանատուները, հայ-թուրքական սահմանի ամբողջ գոտին, որպես կարկտաբեր ամպերի առաջնագիծ, պատված է գազագեներատորային կայաններով: Բայց հիմնական հարցը նույնիսկ դրանում չէ:  Հիմնական հարցը նախարարի «հակակարկտային կայանները չեն աշխատել այն մակարդակով, որը մենք կուզեինք» արտահայտության մեջ է: Նախարարի ասելիքի էությունը բացելու համար ստիպված ենք ետհայացք գցել:  Հովիկ Աբրահամյանի վարչապետության տարիներին հանրապետությունում գործում էր մոտ 450 գազագեներատորային հակակարկտային կայան:

Դրանց մի զգալի մասը պատկանում էին անհատներին, ովքեր իրենց միջոցներով, իրենց հողամասերում տեղադրել էին այդ կայանները և իրենք էին տնօրինբում դրանց կառավարումը:  Սակայն ելնելով իրավիճակից կառավարությունը հասավ նրան, որ լրացուցիչ բավականին ծախսեր ու հոգսեր վերցդնելով իր վրա, բոլոր այդ կայանները բերեց արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության և նույն կենտրոնից միաժամանակյա կառավարման: Այդ միջոցառման արդյունքում էապես բարձրացել էր հակակարկտային պայքարի արդյունավետությունը: Կարեն Կարապետյանը նշանակվելով վարչապետ կարճ ժամանակ անց հայտարարեց, որ հակակարկտային գազագեներատորային կայանքները անարդյունավետ են ու դրանք պետք է փոխարինվեն հակակարկտային հրթիռային կայանքներով: Մշակվեց համապատասխան ծրագիր:  Անցած տարվա արդեն մայիս-հունիս ամիսներին հայտարավեց, որ նոյեմբեր ամսին  կփորձարկվի հրթիռային պիլոտային տարբերակը: Եվ  քանի որ  գործող վարչապետի համար անընդունելի էր գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների շահագործումը, այն պետական մակարդակով միանգամից անուշադրության մատնվեց, արտակարգ իրավիճակների նախարարությունը, կարելի է ասել հաճույքով «հրաժարվեց» դրանից, քանի որ դրանց շահագործման արդյունքում լրացուցիչ էական ծախսեր էին առաջանում, որ բյուջե չէր նախատեսում: Հավելած, որ մասնագետ կադրերի խիստ սակավություն կար: Համակարգը գործնականում փլուզվեց: Նշենք, որ նոյեմբերին այնուամենայնիվ նոր, հրթիռային համակարգի փորձակում տեղի է ունեցել, սակայն արդյունքները եղել են խիստ անբավարար: Մասնագետների գնահատմամբ անհրաժեշտ մակարդակի ապահովման համար առնվազն երկու-երեք տարի ժամանակ է պետք: Փաստորեն դեռ անցած տարի Կարեն Կարապետյանի թեթև ձեռքով գործող համակարգը փլուզվել է: Այս գարնանը դրա կարիքը չկար, ապրիլ-մայիս ամիսներին հեղափոխություն էր, դրանով զբաղվելու ժամանակ չկար և մայիսին կառավարության կազմելուց հետո, փաստորեն արտակարգ իրավիճակների նոր նախարարը չի հասցրել այս կարևորագույն հարցին անդրադառնալ: Արդյունքում երեկ համակարգն անպատրաստ գտնվեց աղետի առաջ:

Կարեն Կարապետյանի 10 տարվա մեջ Իսրայելին հասնել ու անցնելու ծրագրի  արդյունքն է, որ հունիսի 20-ին միայն Արմավիրի մարզում շուրջ 35 համայնք, բազմաթիվ համայնքներ այլ մարզերում հերթական անգամ ունեզրկվեցին:  Նախարար Արթուր Խաչատրյանն էլ ելնելով էթիկայի կանոններից բավարավեց ասելով միայն, որ կայանները չեն աշխատել մեր ցանկացած մակարդակով: Թերևս այլ բան ասել չէր էլ կարող:

Այս անգամ թերևս աղետի ամբողջ պատասխանատվությունը  դուրս  կգրվի բնության ու Կարեն Կարապետյանի հրթիռային ֆանտազիայի վրա, բայց առաջիկայի համար արդեն նախկին վարչապետը համակարգի կիսատ-պռատ գործելու համար փրկօղակի դեր ստանձնել չի կարող: Պատասխանատուն արտակարգ իրավիճակների նախարարն է լինելու:

Spread the love
  • 18
    Shares