Աշոտյանը մտահոգված է ՌԴ ԱԳՆ հայտարարությամբ

Armen Ashotyan

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը մտահոգված է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությամբ:

Հունիսի 1-ին, ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Կոժինը «հավանաբար ապակառուցողական» է անվանել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը։ Վերջինս հայտարարել էր, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան: Աշոտյանը ֆեյսբուքում գրառում է կատարել ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի արտահայտած մտքի մասին:

«Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ներկայացուցչի այսօրվա հայտարարությունը Հայաստանի նոր ղեկավարության արտահայտած տեսակետների հետ կապված շատ մտահոգիչ եմ համարում։

Վերջին 15 տարվա մեջ, ինչ զբաղվում եմ ակտիվ քաղաքականությամբ, չեմ հիշում Արցախյան հիմնախնդրին վերաբերող նման տեսակետ Հայաստանի ռազմավարական գործընկերոջ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի պաշտոնական ներկայացուցչի կողմից։

Այսօր նաեւ ԱԺ-ում եմ բարձրաձայնել խնդրի մասին։

Արցախյան հիմնախնդրի արդար եւ խաղաղ կարգավորման հարցը, ցավոք, այս պահին որեւէ կերպ դրականորեն չի կապիտալիզացվում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում»,- գրել է նա:

Spread the love